Անցած վեց ամիսների ընթացքում հանրապետության քննչական մարմինների վարույթում քննվել է 17 քրեական գործ մարդկանց առեւտրի եւ պոռնկությամբ զբաղվելու (տրաֆիկինգ) ու կազմակերպելու դեպքերի վերաբերյալ: Դրանցից 15-ը քննվել են ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում, իսկ 2-ը (պոռնկությամբ զբաղվել, կազմակերպելու վերաբերյալ) Լոռու մարզի քննչական բաժնում: Այդ 17 քրեական գործերից 5-ը վերաբերել է մարդկանց առեւտրին (տրաֆիկինգ` ՀՀ քր. օրի 132-րդ հոդված), իսկ 12-ը` պոռնկությամբ զբաղվելուն եւ կազմակերպելուն (ՀՀ քր. օրի 262-րդ հոդված): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ տրաֆիկինգի դեպքերը աճել են 2-ով: Քննված քր. գործերից 11-ը` 16 անձի նկատմամբ ուղարկվել է դատարան, այդ թվումՙ 2 գործ 3 անձի նկատմամբ` 132-րդ հոդվածի, 9 գործ 13 անձի նկատմամբ` 262-րդ հոդվածի հատկանիշներով: Պատիժն ակնհայտ մեղմ լինելու, պատիժ նշանակելիս քրեական օրենքը սխալ կիրառելու, արարքն անհիմն վերաորակելու դեմ գործով մեղադրողի կողմից բերվել է 1 վերաքննիչ բողոք, որը բավարարվել է, եւ 1 վճռաբեկ բողոք, որը մերժվել է: 2006 թ. առաջին կիսամյակում քննչական մարմինների վարույթում եղած քր. գործերով սեռական շահագործման է (տրաֆիկինգ) ենթարկվել 75 անձ, որոնցից 71-ը ՀՀ-ի, 4-ըՙ այլ երկրի քաղաքացի: Այդ անձանցից 14-ը սեռական շահագործման են ենթարկվել Հայաստանում, 61-ը` արտերկրում: Այդ թվում` 55-ը Արաբական Միացյալ Էմիրություններում, 6-ը` Թուրքիայում: Դիտարկվող ժամանակահատվածում մարմնավաճառությամբ զբաղվելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել 37-ը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ