«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2006-08-02 | #145, 2006-08-03 | #146, 2006-08-04


ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՇՆԱՆԸ ՊՐԱՀԱՅՈ՞ՒՄ...

Օգոստոսը` կարճատեւ դադար

Օգոստոսի 2-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ֆրանսիայումՙ ԵԱՀԿ գրասենյակում նպատակ ուներ գնահատելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն, քննարկել են ոչ միայն կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այլեւ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզայի տարածաշրջան ճանաչողական այցի արդյունքները:

Սանկտ Պետերբուրգում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի նախագահության Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարության հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դիտարկել են այդ նպատակներին հասնելու հնարավոր տարբերակները, որոնք կներկայացվեն Հայաստանին եւ Ադրբեջանին` ակնկալելով նրանց արձագանքը:

Որոշ աղբյուրների համաձայն, ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ օնլայն» կայքէջը, Մինսկի խումբը պատրաստվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին Պրահայում հանդիպման առաջարկ անել: Դատելով 2006 թ.-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված ջանքերից` կարելի է վստահանալ, որ Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը չի ուշանա, թեեւ որեւէ երաշխիք չի կարող լինել իրապես առաջընթաց ակնկալելու համար: Ամեն դեպքում, նախատեսվող հանդիպումը թերեւս տեղի ունենա աշնանը, իսկ մինչ այդ որեւէ զարգացում չի լինի. ամառվա տոթը «թմրեցրել ու պակասեցրել է» նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռանդը, այլապես անուշադրության չէր մատնվի բազմաչարչար 2006 թ.-ի մեկ լրիվ ամիսը: Մյուս կողմից, հանգիստ վայելելը բնական ցանկություն է եւ իրավունք, թեկուզ ընտրություններից ազատ 2006 թ.-ին, ակտիվության պակասը լրացնեն աշնա՞նը:

Երեկ ղարաբաղյան հակամարտության թեմային անդրադարձել է նաեւ Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Վասիլի Իստրատովը: Նրա խոսքերով, Մինսկի խմբի համանախագահներն անում են ամեն ինչ կողմերի միջեւ համաձայնության հասնելու համար:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4