Ռեյգանի վարչակարգի օրոք գանձապետարանի քարտուղարի օգնականի պաշտոնը զբաղեցրած Պոլ Կրեյք Ռոբերտսը համահեղինակ է «Լավ մտադրությունների դաժանությունը» գրքի: Վերոնշյալ խորագրի ներքո նա խստորեն դատապարտում է ամերիկյան քաղաքականությունը: Հատկանշական է «ձեր» եւ «մեր» բառերը չակերտների մեջ վերցնելը:
Գիտե՞ք, որ Իսրայելը Հարավային Լիբանանում զբաղված է էթնիկական զտումներով: Իսրայելը հրամայել է բոլոր գյուղացիներին դուրս գալ իրենց տարածքներից: Ճանապարհին նա սպանում է նրանց եւ քանդում նրանց տները, որպեսզի վերադառնալու հույսեր չունենան եւ իր համար հեշտ լինի զավթել նրանց հողամասերը ճիշտ այնպես, ինչպես պաղեստինցիներից է գողանում:
Գիտե՞ք, որ իսրայելական հարձակումների հետեւանքով սպանված խաղաղ լիբանանցիների 1/3-ը երեխաներ են: Սա ըստ ՄԱԿ-ի անմիջական օգնության կոորդինատոր Ժան Էգլենդի, որն իր զեկույցում նշում է, որ անհնար է օգնություն ցուցաբերել վիրավորվածներին, որովհետեւ Իսրայելը ռմբակոծել է բոլոր կամուրջներն ու ճանապարհները: Համարյա բոլոր դեպքերում Իսրայելի ռմբակոծումները շրջանցում են «Հզբոլլահի» թիրախները եւ փոխարենը խփում քաղաքացիական շրջաններին: Կարելի է ենթադրել, որ դրանք ղեկավարում է Ամերիկան: Զարմանալի չէ: Ինչո՞ւ պիտի խամաճիկը տիրոջից պակաս չարագործ լինի:
Իհարկե, դուք այս բոլորի մասին ոչինչ չգիտեք, որովհետեւ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները լռում են: Լռում են, եւ Բուշն ինքն իրենից չափազանց գոհ է: Նա խափանել է լիբանանցի քաղաքացիների սպանդը դադարեցնելու ամեն մի ջանք: ՄԱԿ-ին «ոչ» է ասել: Եվրոհամայնքին «ոչ» է ասել: Նույնիսկ Լիբանանի ամերիկամետ վարչապետին է «ոչ» ասել: Երկու անգամ: Բուշը հպարտ է իր վճռականությամբ: Նա հաճույք է ստանում Իսրայելի մոլեգնությունից եւ վստահաբար երազում է նույնն անել Իրաքում:
Իսկ դուքՙ ամերիկացիներդ, հպա՞րտ եք, որ «ձեր» նախագահը «կանաչ լույս» է վառել Իսրայելի գործողությունների առաջ, որ բնակելի տարածքներ, հիվանդանոցներ, էլեկտրակայաններ, կամուրջներ, քաղաքացիական օդանավակայաններ եւ նավահանգիստներ շարքից հանվում են: Հպա՞րտ եք այս ամենով, թե՞ դարձել եք Իսրայելի «խամաճիկը»: Հուլիսի 20-ին «ձեր» Ներկայացուցիչների պալատը ձայների 410:8 հարաբերությամբ քվեարկեց հօգուտ Իսրայելի զանգվածային պատերազմի: Ըստ «Ասոշիեյթեդ պրեսի», այդ նույն պալատը «մեղադրում է բոլոր նրանց, ովքեր դեմ են հրեական պետությանը»:
Իսկ ովքե՞ր են «հրեական պետության թշնամիները»:
Առաջին հերթին պաղեստինցիները, որոնցից հրեական պետությունը խլել է հողատարածքները, քանդել-ավերել է տներն ու ձիթապտղի այգիները, սպանել երեխաներին, վարկաբեկել կանանց: Պաղեստինցիներ, որոնց չորս պատի մեջ շրջափակված են պահում, որոնք ո՛չ կարող են իրենց հողատարածքները հասնել եւ մշակել, ո՛չ էլ պոլիկլինիկաներ կամ դպրոցներ հաճախել կամ նույնիսկ Պաղեստինի փողոցներով մեքենա վարել: Դրանք իսրայելցիների համար են: Պաղեստինցիներ` որոնց նախկին քաղաքները զավթել են սիոնիստ մարտնչողները: Նրանց պաշտպանում է իսրայելական բանակը:
Իսրայելի չարագործություններին հակադարձող պաղեստինցիներին «ահաբեկիչներ» են անվանում:
Երբ Բուշն ազատ ընտրություններ պարտադրեց պաղեստինցիներին, վերջիններս «Համասի» օգտին քվեարկեցին: Սա նախատեսված չէր: «Համասը» ամերիկացիների եւ իսրայելցիների համար ահաբեկիչների խմբակցություն է: Հակասեմական է, հակաամերիկյան: Ուրեմն չարիք է, վնասակար:
Ամերիկան եւ Իսրայելը հակադարձեցին կտրելով նոր կառավարությանը նախատեսված բոլոր տեսակի նյութական օժանդակությունները: Ժողովրդավարությունը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ արդյունքները գոհացնում են Բուշին եւ Իսրայելին:
Իսրայելցիները ահաբեկիչներ չեն: Միայն նրանք են ահաբեկիչներ, ովքեր Իսրայելի ճանապարհին են կանգնում:
Իսրայելի մյուս թշնամին «Հզբոլլահն» է: «Հզբոլլահը» շիա մահմեդականներից 1982-ին (երբ Իսրայելը առաջին անգամ մտավ Լիբանան) կազմավորված մարտնչող խմբակցություն է: Տեսնելով, թե փախստականների ճամբարներում ինչպես են սպանվում իրենց հայրենակիցները, «Հզբոլլահի» մարտիկները կռվեցին իսրայելցիների դեմ, պարտության մատնեցին նրանց եւ դուրս մղեցին երկրից: «Հզբոլլահը» այսօր ոչ միայն պաշտպանում է հարավային Լիբանանի տարածքը, այլեւ սոցիալական ծառայություն (որբանոցներին, մանկատներին բժշկական օգնություն) է մատուցում տեղի բնակչությանը:
Եգիպտոսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան եւ նավթային էմիրությունները Իսրայելի կողմնակիցներն են, որովհետեւ կախյալ վիճակում են Ամերիկայից: Վաղ թե ուշ այս երկրների կոռումպացված կառավարությունները տապալվելու են: Դա միայն ժամանակի հարց է:
Բուշն ու Իսրայելը գուցե արագացնում են այդ գործընթացը, փորձելով տապալել Սիրիայի եւ Իրանի կառավարությունները: Այդ երկու երկրների կառավարությունները շատ ավելի մեծ պաշտպանություն են վայելում իրենց ժողովուրդների կողմից, քան Բուշը: Բայց Սպիտակ տան հիմարիկը չգիտի այդ մասին: Նա կարծում է, որ Սիրիան եւ Իրանը Իրաքի նման հեշտ կտրվեն իրեն:
Եթե դեռ հպարտ ամերիկացիներ եք, իմացեք, որ ձեր հպարտությունը ոչ մի լավ բան չի խոստանում Իսրայելին կամ Ամերիկային:
Հուլիսի 20-ին, երբ «ձեր» Ներկայացուցիչների պալատը, «ձեր» Սենատից հետո, հավանություն տվեց Իսրայելի վայրագություններին, Վաշինգտոնում ամենահզոր քարոզչական կազմակերպությունը համարվող «Հասարակական գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեն» անմիջապես հաղորդագրություն հրապարակեց ասելով, որ «ամերիկացի ժողովուրդը միահամուռ աջակցություն է ցուցաբերում ահաբեկչության դեմ Իսրայելի պատերազմին եւ հասկանում է, որ ճգնաժամային այս օրերին պետք է թիկունք կանգնի իր ամենամոտիկ դաշնակցին»:
Ճշմարտությունն այն է, որ ճգնաժամը Իսրայելն ստեղծեց ներխուժելով ամերիկամետ մի երկրի տարածքը: Ճշմարտությունը նաեւ այն է, որ ամերիկացի ժողովուրդը չի պաշտպանում Իսրայելի պատերազմական ոճրագործությունները:
«Հզբոլլահը» տեղակայված է Հարավային Լիբանանում: Եթե Իսրայելը «Հզբոլլահին» է ցանկանում վնասել, ինչո՞ւ են իսրայելական ռումբերն ընկնում Լիբանանի հյուսիսային շրջաններ: Ինչո՞ւ են դրանք ընկնում Բեյրութի, քաղաքացիական օդանավակայանների, դպրոցների եւ հիվանդանոցների վրա:
Այժմ ամենակարեւորի մասին: Երբ ԱՄՆ-ի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը բանաձեւ են ընդունում հօգուտ Իսրայելի պատերազմի, դրանով հաստատում են Ուսամա բեն Լադենի հավաստիացումները, որ Ամերիկան Իսրայելի հետ է ընդդեմ արաբական եւ մահմեդական աշխարհի:
Իսրայելն, ինչպես հայտնի է, Մ. Նահանգների արտասահմանյան օժանդակություններից ամենաշատն օգտվող երկիրն է: Կարծիք կա, որ այդ «օժանդակության» մեծ մասը հետ` «Հասարակական գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեին» է գալիս, որպեսզի վերջինս օգտագործի Կոնգրեսում «մեր» ներկայացուցիչներն ունենալու:
Նման մտածողությունը Իսրայելի օգտին չէ: Իսրայելի բնակչությունը նվազում է: Խելոքները փախչում են երկրից, որը շրջապատված է հարյուրավոր միլիոնների հասնող մահմեդականներով, որոնց ինքն իր անմարդկային քաղաքականությամբ դարձրել է թշնամիներ:
Մահմեդական աշխարհում միշտ հույս են տածել, որ Մ. Նահանգները կմիջամտի եւ կհասկացնի Իսրայելին, որ չի կարելի «գողանալ» մի երկիր (Պաղեստինը) եւ նրա բնակիչներին դարձնել փախստականներ: Այս հույսն է, որ որոշ խամաճիկների դեռ իշխանության ղեկին է պահում եւ Ամերիկան դեռ մի փոքր հեղինակություն վայելում է արաբական աշխարհում:
Բայց Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը, որը «գնված» էր «Հասարակական գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեի» կողմից, այդ հեղինակության դագաղի վերջին մեխն է: Դա մի ավելորդ անգամ ցույց է տալիս, որ Ամերիկան իրոք Իսրայելի խամաճիկն է, ինչպես Ուսամա բեն Լադենն է ասում եւ ինչպես մահմեդականների մեծամասնությունն է հավատում:
Հույսի եւ դիվանագիտության սպառումով ի՞նչ են անելու Մ. Նահանգներն ու նրան ղեկավարող Իսրայելը: Երկուսն էլ հրաժարվում են ընդունել իրենց սխալները: Նրանք կամ քանդելու են Լիբանանի, Պաղեստինի, Սիրիայի եւ Իրանի քաղաքացիական ենթակառույցները եւ բնականոն կյանքն անկարելի դարձնեն այնտեղ, կամ էլ օգտագործելով միջուկային զենքՙ ստիպելու են մահմեդականներին ընդունել Իսրայելի պահանջները:
Մահմեդականների այս կամ այն ձեւի ցեղասպանությունը Բուշի վարչակարգը իրենց ձեռքում պահող նեոպահպանողականների հետապնդած նպատակն է: Նրանց կնքահայրը` Նորման Պոդհորեցը չորրորդ համաշխարհային պատերազմի կոչ է արել ( երրորդը համարելով սառը պատերազմի տարիները)` տապալելու իսլամը Միջին Արեւելքում: Ռամսֆելդի Պենտագոնը նոր գաղափարախոսություն է որդեգրել, որով միջուկային զենք գործադրելը թույլատրվում է: Դեյվիդ Հորովիցի համոզմամբ, պաղեստինցիներին եւ լիբանանցիներին կոտորելով «Իսրայելը մնացած քաղաքակիրթ աշխարհի գործն է անում»: Իսկ մեկ ուրիշ նեոպահպանողականՙ Լարրի Կուդլոն հավատացած է, որ «Իսրայելը Աստծո գործն է անում»: Թե որտեղ է Հիսուսն ասելՙ «գնա սպանիր քո հարեւանին եւ գողացիր նրա տարածքը», հայտնի չէ:
Ամերիկացի ժողովրդի մեղսակցությունն այս հրեշավոր ոճրագործություններին մեկընդմիշտ պախարակելու է Ամերիկային:
Counterpunch, էլեկտրոնային թերթ