Անսկզբունքային այս մոտեցման պատասխանատուն արաբական որոշ երկրների ղեկավարներն են
Իսրայելական ագրեսիայի 23-րդ օրը Լիբանանում սպանվածների թիվը կազմել է առնվազն 900 մարդ, ավելի քան 3 հազարը վիրավորվել է, անօթեւան է մնացել շուրջ 1 մլն մարդ: Այդ մասին երեկ պաշտոնապես հայտարարել է Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորան: Նույն օրը Ռուսաստանում Իսրայելի դեսպան Արկադի Միլ-Մանը կարծիք է հայտնել, թե դեռեւս շատ վաղ է Լիբանանում հումանիտար աղետի մասին խոսելը: Այնուհետեւ նա լկտիաբար ավելացրել է. «Տրամադրելով մի քանի միջանցքներ, մենք ապահովել ենք լիբանանցիների ազատ եւ անվտանգ էվակուացիան տարբեր երկրներ, այդ թվում Ռուսաստան: Համանման աղետների դեպքում Իսրայելը մշտապես միջոցներ է ձեռնարկում, վերացնելու համար դրանց հետեւանքները»:
Լիբանանի քաղաքական ճակատագրի համար կարեւորը, ինչ խոսք, դեսպանի լկտիությունը չէ, այլ «Հզբոլլահին» զինաթափելու պատրվակով երկրի հարավում, սահմանից մինչեւ 40 կմ խորությամբ պաշտպանական գոտի ստեղծելու Իսրայելի նկրտումները: Չնայած Հարավային Լիբանանում «Հզբոլլահի» ենթակառույցների լիակատար ոչնչացման մասին Իսրայելի վարչապետ Օլմերտի հայտարարությանը, այս կազմակերպությանը հաջողվել է 5 ուղղություններից 4-ում կասեցնել 10-հազարանոց իսրայելական բանակի առաջխաղացումը, ավելին, զանգվածային բնույթ է հաղորդել Իսրայելի հյուսիսային շրջանների վրա կատարվող հրթիռակոծությունները:
Այլ կերպ` զանգվածային հրթիռակոծությունները, CNN-ի դիպուկ արտահայտությամբ, ցույց են տալիս, որ «Հզբոլլահը» դեռեւս կանգուն է: Դա, նույն աղբյուրի վկայությամբ, կազմակերպության առաջնորդ շեյխ Հասան Նասրալլային դարձնում է «արաբական աշխարհի նոր կուռքը», նրա կողմն են անցնում նույնիսկ Լիբանանի վարչապետն ու ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջումբլաթը եւ նրան արաբական աշխարհից բացի հերոսացնում են նաեւ Իրանում:
CNN-ի կայքէջում նշվում է, որ Լիբանանում Իսրայելի խաղաղ բնակչությանն ուղղված հարձակումների հետեւանքով «Հզբոլլահի» շիա առաջնորդ Նասրալլան միավորեց արաբական աշխարհին: Թվում էր, թե նման իրավիճակում արաբականի հետ Լիբանանի շուրջը կհամախմբվի նաեւ իսլամական աշխարհը: Համախմբման առումով թերեւս լուրջ փորձաքննություն էր երեկ Մալայզիայի մայրաքաղաքում հրավիրված «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության արտակարգ գագաթաժողովին:
Թեեւ դա հրավիրվել էր Կանայի սպանդի, ինչպես նաեւ Հարավային Լիբանանն ամայացնելու Իսրայելի վայրագ գործողությունների հրամայականով, սակայն դրան նախագահի մակարդակով մասնակցել են միայն Իրանն ու Ինդոնեզիան, իսկ Պակիստանը, Բանգլադեշը, Մալայզիան, Ադրբեջանը եւ Թուրքիան` վարչապետի: Ինչ վերաբերում է արաբական երկրներին, ապա նրանցից Սաուդյան Արաբիան մասնակցել է պետնախարարի, Եգիպտոսը` նախարարի, Եմենն ու Լիբանանը` արտգործնախարարների, իսկ մյուսները` Հորդանանի գլխավորությամբ, հատուկ ներկայացուցիչների մակարդակներով: Մինչդեռ կազմակերպության այս գագաթաժողովը հրավիրվել էր արտակարգ, որպեսզի քննարկվեն Իսրայելի հարձակումները Լիբանանի եւ Պաղեստինի վրա, որոնք հարձակման հետեւանքով հայտնվել են հումանիտար աղետի մեջ:
Ցածր մակարդակի մասնակցության առումով պատահական չէ, որ գագաթաժողովի ավարտին «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը ընդամենը որոշել է Լիբանանի խաղաղության ծրագրին աջակցելու եւ երկրում զինադադարի հաստատումն անհապաղ ապահովելու կոչ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, միաժամանակ արտակարգ նիստ գումարելու պահանջով դիմել Ժնեւի Մարդու իրավունքների հանձնաժողովին, որպեսզի Իսրայելը առանց նախապայմանի ազատ արձակի Պաղեստինում իշխող «Համասի» կառավարության ձերբակալված անդամներին:
Եթե «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը այդպիսի անբովանդակ եւ անսկզբունքային որոշում է ընդունում, ընդ որում այն ժամանակ, երբ Իսրայելի ագրեսիան սպառնալով Լիբանանի գոյությանը, սպառնում է տարածվել Սիրիայի վրա, ապա դրա գլխավոր պատասխանատուները արաբական աշխարհն առաջնորդելու հակումներ ունեցող Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան են:
Գագաթաժողովին այս եւ արաբական մյուս երկրների ցածր մակարդակով մասնակցությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք հակված չեն եղել ընդունելու որեւէ վճռական որոշում: Ամենայն հավանականությամբ արաբական երկրների այս դիրքորոշման պատճառով է, որ գագաթաժողովը, չնայած Ինդոնեզիայի, Մալայզիայի, Իրանի, ինչու չէ նաեւ Թուրքիայի ջանքերին, Լիբանանում եւ Պաղեստինում կանանց ու երեխաներին անխնա սպանելու դիտավորության համար նույնիսկ չի դատապարտել Իսրայելին, ոչ էլ քննադատել է վերջինին թիկունք կանգնած ԱՄՆ-ին:
Արաբական երկրների այս դիրքորոշումը որքան էլ անընդունելի լինի, ենթադրելի էր: Եթե նրանք լուրջ նպատակներ հետապնդեին, ապա «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության արտակարգ գագաթաժողովը կհրավիրվեր ոչ թե հեռավոր Մալայզիայում, այլ իսրայելական ագրեսիայի ծավալման անմիջական սպառնալիքին ենթակա Սիրիայում կամ Իրանում: Դա իբրեւ համերաշխության նշան տարածաշրջանում, լուրջ նախազգուշացում կլիներ Իրանին ռազմական ներխուժման սպառնալիքի տակ պահող ԱՄՆ-ի եւ լիբանանյան պատերազմի մեջ Սիրիային ներքաշելու նկրտումներ ունեցող Իսրայելի համար:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ