«Ազգի» ընթերցողներին տեղեկացրել ենք, որ դեռ ապրիլից, վրացական կողմի առաջարկությամբ, փակվեց Բագրատաշեն-Սադախլո համատեղ շուկան: ՀՀ մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը հայտարարել էրՙ համատեղ շուկան այլեւս չի գործելու` վրացական կողմի նախաձեռնությամբ: Շուկան փակելուց հետո, Բագրատաշեն գյուղի մոտ, նախկին ավտոկանգառի տարածքում գոյացել է նոր շուկա ու կրկին առեւտուրը սկսել է «ծաղկել»: Երեկ առավոտյան այդ շուկայի տարածքում բազմամարդ առեւտուր անողներին հանդիպել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: «Ազգը» փորձեց մարզպետից տեղեկանալ, թե դժգոհող ժողովուրդը ի՞նչ պահանջներ է ներկայացրել: Պրն Ղուլարյանը տեղեկացրեց, որ ըստ օրենքի, մաքսային գոտում չի թույլատրվում շուկաների համար հող հատկացնել, եւ այս պահին էլ իրենք փորձում են նրանց բացատրել, որ տասը տարուց ավելի տեղադրված այդ տնակները, որոնք առեւտրի կետեր են ծառայել, անօրինական են, չկա ոչ մի թույլտվություն, ու այժմ նրանք իրենց տնակները տեղափոխում են հարմար տարածք... Իսկ այն հարցին, թե կրկին անօրինական ձեւով նոր տարածքում շուկա պիտի գործի՞, պրն Ղուլարյանն ասաց. «Ես չգիտեմ, հիմա խոսքը շուկայի մասին չէ, այլ մաքսային գոտուց անօրինական գործող տնակները հանելու... իսկ եթե հետո կլինի նման խնդիր, կուսումնասիրվի, եթե թույլ տրվի, նոր կգործի»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Ներքին կյանք