Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Պետիկ Գուլգուլյանը դիմել է «Ազգի» խմբագրություն` պատմելով գյուղում առկա կոռուպցիոն երեւույթների մասին եւ մատնանշելով, որ դրանց հետեւում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչի հետեւանքով բարձրացված խնդիրները իրավասուներն անտեսում են եւ խուսափում վերացնել դրանք: Մեր երկրում անընդհատ կոռուպցիայի դեմ «պայքարող» պատասխանատուներին մենք մատնացույց ենք անում կոնկրետ հասցե եւ ասում` զբաղվեք դրանով, եւ ոչ թե Պ. Գուլգուլյանի դիմումները «պաս տվեք» իրար, երրորդական-չորրորդական անձերի միջոցով էլ սպառնալիքներ տեղալով, թե վատ կլինի:
Բուն խնդիրը, ըստ Պ. Գուլգուլյանի այն է, որ գյուղի պահուստային հողերը մնացել են անջրդի, քանի որ ոռոգման ջուրը մեծ մասամբ օգտագործում են մի քանի խոշոր հողատերեր: Գյուղն իր հողատարածքները ջրում է Վեդի գետի ջրով, սակայն ամռանն արդեն Վեդիի ջրերը ցամաքում են, եւ գյուղացին, բերքը չկորցնելու համար, մնում է պոմպակայանի հույսին: Պոմպակայանը պատկանում է «Վեդի» ՋՕԸ-ին: Ըստ ՋՕԸ տնօրեն Մարտիկ Առաքելյանի` մեր ձեռքի տակ գտնվող տեղեկանքի` Գոռավանի կիսակառույց ջրհան կայանը կառուցվել է անհատի ֆինանսական միջոցներով: Պ. Գուլգուլյանի վկայությամբ` այն աշխատում է բարձր լարման եռաֆազ հոսանքով, օրական ծախսը կազմում է 240 հազ. դրամ: Այդ ծախսը փաստորեն չի տարանջատվում եւ գրվում է ամբողջ համայնքի վրա եւ 80 տոկոսով փոխհատուցվում բյուջետային փողով` էլեկտրաէներգիայի, ջրի մղման դիմաց տարեկան 4 մլրդ դոլար, 20 տոկոսի դիմաց էլ մուծում են համայնքի բնակիչները: Մինչդեռ պոմպակայանի ջուրը համարյա գյուղացուն չի հասնում, դրանով իրենց հարյուրավոր հեկտարներն են ջրում նախկին գյուղապետը, «Վեդի-Ալկո» ընկերությունը եւ էլի ուրիշ երկու-երեք խոշոր հողատեր: Ստացվում է, որ համայնքն իր ունեցած 500 հա հողատարածքը մեծ մասամբ ջրելու հերթ չստանալով ջրից չկշտացող խոշոր հողատերերից` վճարում է նրանց ոռոգածի դիմաց: Փաստորեն ամբողջ մի գյուղ աշխատում է մի քանիսի համար: Հենց միայն նախկին գյուղապետի (այժմ ՋՕԸ նախագահ Մարտիկ Առաքելյան) 30 հա-ի համար (հողը կնոջ անունով է) պոմպակայանի ծախսած էներգիայի վարձը հսկայական գումարներ է կազմում, դրա դիմաց վերջինս անցած տարի չնչին գումար է վճարել: Ըստ գյուղապետարանի հաշվապահի տեղեկանքի, որը մեր ձեռքին է, Մ. Առաքելյանի` 2003, 2004, 2005 թվականներին օգտագործած ոռոգման ջրի դիմաց պարտքը կազմել է 475.980 դրամ: Մի ուրիշ փաստաթղթով` 2004 թվականի ապրիլից օգոստոս Գոռավանի պոմպակայանի ծախսած էներգիան կազմել է 582,8 հազ. կիլովատ, այս հաշիվը ներկայացված է եղել համայնքին` չնայած անջրդի մնացած համայնքային հողակտորներին: Այս կարգի մի քանի այլ փաստաթղթեր եւս մեր ձեռքին են: Պ. Գուլգուլյանի ներկայացրած օրինակներից մեկը եւս բերենք. 2006 թվականի ապրիլի 14-21-ը Լյուբով Առաքելյանի 28 հա հողատարածքը ջրելու համար աշխատել է ջրհան կայանի թիվ 1 պոմպը, ծախսվել է 31500 կվտ/ժամ էներգիա, մղվել է 12700 խ/մ ջուր` վճարը կազմել է 71120 դրամ, որն առ այսօր չի վճարվել:
Ներկա գյուղապետը լծակ չունի գյուղի թիվ մեկ խնդիրը դարձած այս թնջուկը լուծելու. անցած տարի նա հավաքել է ամռանն անջուր մնացող գյուղի 500 տնտեսության դիմումները հարցի առնչությամբ, ներկայացրել կառավարություն: Պետք է ասել, որ պոմպակայանի ջուրը եթե 500 տնտեսությանը տան` էլի չի բավարարի: Լուծումը գտել են, միայն մի քանի խոշոր հողատեր է ջրում. «ՋՕԸ նախագահը ինչո՞ւ պիտի իր 30 հեկտարը ջրի, 1000 քմ տնամերձ ունեցողը` ոչ», արդեն մի քանի տարի շարունակում է զարմանալ Պ. Գուլգուլյանը: Ընդ որում` այս հարցը պարբերաբար բարձրացվում է 2000 թվականից: Անցած տարի մարզպետը եկել է գյուղ, տղամարդավարի խոսք տվել` հարցը լուծել:
Անձամբ Պետիկ Գուլգուլյանն ունի 1 հա հող, որը չի կարողանում ջրել, նրան զայրացնում է նաեւ այն փաստը, որ չջրելով հանդերձ` մյուս գյուղացիների հետ պետք է մուծի ուրիշների համար աշխատող պոմպակայանի ծախսը. «Լավ, մեր պետությունն այդքան հարո՞ւստ է, որ մի քանի մարդու անձնական պարտքերը փակի, ինչո՞ւ փակի», իր դարդը թողած պետության դարդն է հոգում Պետիկը` սուրբ միամտությամբ իր զարմանքը զարգացնելով պետության վճարած 80 տոկոսի մասով, որը հսկայական գումար է կազմում: Ընդ որում` գյուղի բնակիչները ջրի պակասի պատճառով անգամ լոլիկ չեն սածիլում (մի տասնհինգ անգամ գոնե ջուր է պահանջելու), այլ բերրի Արարատյան դաշտում մնում են միայն ցորենի հույսին. ցորենը Վեդի գետի ինքնահոս ջրով ջրելուց հետո ամռանը մեկ-երկու ջուր նույնպես պահանջում է` էն էլ աստծու տված անձրեւի եւ տեղական աստվածիկ ՋՕԸ նախագահի հույսին:
Անցած տարի Պ. Գուլգուլյանը անձամբ է բողոքել կառավարություն` վիճակը ներկայացնելով, իր ու համայնքի բնակիչների անունից խնդրելով տարանջատել պոմպակայանի միջոցով ոռոգելու իրենց եւ խոշոր հողատերերի ծախսը: Դիմումն ընդունել են, ընթացք տվել, բայց երեւում է ինչ-որ հզոր ձեռք կասեցրել է նրա հետագա ընթացքը:
2006 թվականի ապրիլի 28-29-ն Արարատի մարզպետարանը գյուղում ստուգումներ է անցկացրել խնդրի հետ կապված: Պ. Գուլգուլյանն ասում է, որ պոմպակայանի 400 կիլովատանոց ստանդարտ ագրեգատը ՋՕԸ նախագահի ակտիվ միջամտության շնորհիվ գրանցվել է որպես 100 կիլովատանոց, ըստ դրա էլ ստուգված օրերի ոռոգման վարձը քիչ է կազմել իրականից: Մինչեւ հիմա էլ մարզպետարանը չի արձագանքում գյուղացիների դիմումներին:
Պ. Գուլգուլյանը, մերկապարանոց բողոքող չերեւալու համար, «Ազգին» է ներկայացրել բազմաթիվ տեղեկանքներ, որոնք լցված են այլ փաստերով, տեխնիկական բացատրություններով, ինչի մեջ խորանալը մեր խնդիրը չենք համարում` դա թողնելով իրավասուներին: Սակայն եթե նրա բողոքով զբաղվելու նոր փորձը նմանվելու է նախորդ «զբաղվելներին» եւ խեղդվելու է գործով շահագրգիռ պաշտոնյաների կողմից` այս անգամ էլ, ուրեմն, հարցի լուծումը կգրվի սառույցին:
Իսկ արդարություն փնտրող հասարակ մարդուն սպառնալիք տեղալը, հարգելի պաշտոնյաներ, մոռացեք, նա էլ հզոր լծակատերերիդ պես այս երկրի քաղաքացի է եւ ապրելու ու իր հողակտորը ջրելու իրավունք ունի:
«Ազգ»
Հ.Գ. Մեր թերթը պատրաստ է լսել խնդրով շահագրգիռ մյուս կողմերին եւս: