Պաշտոնական կարճատեւ այցով Հայաստան ժամանած Միշել Պլատինին երեկ Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում հանդիպեց լրագրողներին` պատասխանելով նրանց հարցերին:
«Ուրախ եմ գտնվելու ձեր շրջապատում: Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան եւ ես հաճույքով ընդունեցի հրավերը: Հայազգի ճանաչված ֆուտբոլիստներ են հանդես եկել նաեւ Ֆրանսիայի հավաքականում: Ճանաչում եմ նաեւ հայազգի լրագրողների, երգիչների, գիտության եւ արվեստի բնագավառի ներկայացուցիչների: Այստեղ զգացի ձեր մանուկների սերը ֆուտբոլի հանդեպ: Արդեն մի քանի տարի հետեւում եմ Հայաստանում տեղի ունեցող ֆուտբոլային իրադարձություններին, երբ Ալբեր Արսթլանյանի շնորհիվ ծանոթացա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Նկատվում է, թե ինչպիսի աշխատանք է տարվում ֆեդերացիայի կողմից ֆուտբոլի զարգացման համար: Դա է պատճառը, որ մեծ ուրախությամբ գործնական ու ջերմ հարաբերություններ եմ պահպանում ՀՖՖ նախագահի հետ», իր ներածական խոսքում նշեց Միշել Պլատինին:
Անդրադառնալով Ֆրանսիայի հավաքականի մրցելույթներին եւ կազմի ընտրությանը, Պլատինին նշեց, որ որպես երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ չի կարող խոսել մարզչի ձեռնարկած քայլերի իրավացիության կամ սխալ ընտրության մասին: Իսկ ընդհանուր առմամբ նա Ֆրանսիայի հավաքականի խաղն աշխարհի առաջնությունում դրական է գնահատում եւ կարծում է, որ հատկապես ուժեղ թիմերի` Պորտուգալիայի, Իսպանիայի, Բրազիլիայի ընտրանիների հետ ֆրանսիացիները լավ խաղ ցուցադրեցին: Հավաքականում կային առաջատար ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ, որոնք իրենց լավ դրսեւորեցին: Ինչ վերաբերում է սիմուլյացիայի դեմ պայքարին, ապա ըստ Պլատինիի, այն վերացնելը շատ դժվար է, նույնիսկ անհնարին: Ամեն ինչ պայմանավորված է ֆուտբոլիստների կրթությամբ ու դաստիարակությամբ: Պլատինին իր վերաբերմունքն արտահայտեց նաեւ իտալական ֆուտբոլում ծագած սկանդալին, նշելով, որ շատ վրդովված է «Յուվենտուսի» անկումով, որտեղ ժամանակին ինքը խաղացել է եւ այժմ էլ երկրպագում է թիմին, թեեւ վերջինս հանդես է գալու «B» սերիայում: Սակայն եթե իտալական արդարադատությունն ապացուցել է ակումբի ղեկավարների մեղքը, ապա թիմը պետք է սխալների համար հատուցի ու պատժվի:
Պլատինին չցանկացավ առանձնապես անդրադառնալ ՈՒԵՖԱ-ի նախագահական ընտրություններում իր նախընտրական ծրագրի առավել կարեւոր դրույթներին: Նա նշեց միայն, որ ՈՒԵՖԱ-ի կարեւորագույն խնդիրներից մեկն ազգային ֆեդերացիաներին ամեն կերպ աջակցելն ու օժանդակելն է, նրանց հետ համագործակցությունն ընդլայնելը, տարբեր ծրագրերի միջոցով եվրոպական երկրներում ֆուտբոլային ինֆրաստրուկտուրայի զարգացմանը նպաստելը, որն իր հերթին մարզաձեւի առաջընթացը կապահովի: Նա իր դժգոհությունը հայտնեց G-14 խմբի գործունեությունից, որը միավորելով եվրոպական գերհզոր ակումբները, փորձում է արտոնյալ պայմաններ ստեղծել իր համար, ճնշում գործադրել ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի վրա: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ավելացրեց, որ Միշել Պլատինիի հետ ինքը բացի գործնականից, նաեւ ընկերական հարաբերությունների մեջ է, ուստի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ձայնը նախագահական ընտրություններում կտա Միշել Պլատինիին: