Հանրաճանաչ ու սիրված երգչուհի Արուս Գուլանյանը, որը «Նազանի» համույթի ղեկավարն է, եկել էր «Ազգի» խմբագրատուն ու զայրացած պատմում էր իր եւ համույթի գլխին եկածը: Մարտ ամսին «Նազանի» համույթը Կանադայում ապրող ոմն Աշոտ Ներսիսյանի կողմից, 10 օրով 2-3 համերգներ տալու պատրվակով հրավիրվում է Կանադա: Ըստ պայմանավորվածության, հրավիրող կողմը պարտավորվել է վճարել 6000 ԱՄՆ դոլար գումար եւ տեղեկացրել է, որ իրենք կունենան մեկ ուղեկցող, որն էլ կստանձնի փաստաթղթային ողջ քաշքշուկները: Արուս Գուլանյանը խմբի անդամների բոլոր փաստաթղթերը հանձնում է Երեւանում ապրող Աշոտի հորը` Նորիկ Ներսիսյանին: Ի դեպ, Աշոտ Ներսիսյանը տարիներ առաջ ինքնագործ պարի խմբի հետ մեկնել է Կանադա հյուրախաղերի ու չի վերադարձել Երեւան: Այժմ էլ իր անձնական փորձը իրագործելու համար, առանց Արուս Գուլանյանին տեղեկացնելու, հրավիրյալների ցուցակում ավելացնում է եւս 14 օտար անձանց: Այդ մասին Արուս Գուլանյանը տեղեկանում է պատահաբար, երբ մեկնում է Մոսկվա հյուրախաղերի:
Մոսկվայում Կանադայի դեսպանատնից զանգահարում են Արուս Գուլանյանին ճշտելու խմբի անդամների ցանկը: Այդ ժամանակ էլ Արուս Գուլանյանը տեղեկանում է նոր 14 ավելացված մարդկանց անունների մասին եւ բացատրում, որ այդ անձանց չի ճանաչում ու իր համույթի հետ ոչ մի կապ չունեն: Տուն գալով, Մոսկվայում գտնվող ողջ փաստաթղթերը ձեւակերպող ոմն Արթուր զանգահարում է Արուսին, որ նա դեսպանատանը ասի, թե այդ 14 անձինք իր խմբից են: Նույնն է պնդում նաեւ Կանադայից մի քանի անգամ զանգելով Աշոտը ... Սակայն Արուս Գուլանյանը տեղեկանալով կեղծիքի մասին, հենց դեսպանատանը գրավոր հրաժարվում է հյուրախաղերից եւ չի ցանկանում, որ իր տարիների քրտնաջան վաստակը ու հեղինակությունը կասկածի տակ դրվի: Վերադառնալով Երեւան Արուսը անմիջապես դիմում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, տեղեկացնում եղելությունը եւ նրանց հանձնում այն 14 անդամների լուսանկարներն ու անուն ազգանունները, որոնք իրեն տվել էր Արթուրը Մոսկվայում` ծանոթանալու համար:
Երեւանում Արուսը տեղեկանում է, որ բացի իր համույթից նաեւ «Համազգային» թատրոնի խմբում, հրավերի ցուցակում եւս 3 մարդու անուն էր ավելացվել, որոնք նույն մարդու կողմից կազմակերպված գործարք էր:
Այդ 17 անձինք չպետք է վերադառնային Հայաստան: Ահա այսպես փորձում են ազնիվ մարդկանց անվանը սեւ բիծ կպցնել իրենց գրպանի շահի համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ