«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2006-08-02 | #145, 2006-08-03 | #146, 2006-08-04


ՀԱՅՐ ԵՂԻԱ ՔԻԼԱՂԲՅԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

6 տարին մեկ Մխիթարյան միաբանությունում անցկացվում են ընտրություններ: Ընտրական ժողովը վերանորոգում է աբբահոր եւ նրա խորհրդականների քառանձնյա կազմը: Մինչեւ ընտրությունները, կատարվում են նախընթաց տարիների Մխիթարյան վարժարանների գործունեության եւ այլ ծառայություների ստուգումներ, ներկայացվում են համապատասխան պաշտոնյաների 6-ամյա աշխատանքների հաշվետվությունները: Տասնօրյա ընթացքում ընտրված հաշվեքննիչ մարմինը ուսումնասիրում է բոլոր ծրագրերը, առաջարկներն ու հաշվետվությունները: Աբբահայրը որեւէ մասնավոր պատճառի բացակայությամբ սովորաբար վերընտրվում է հաջորդ 6 տարիների համար եւս: Առանձնահատուկ պայման չի առաջադրվում. աբբահայր կարող է ընտրվել 40-70 տարեկան որեւէ միաբան: Աբբահոր խորհրդական կազմը ենթակա է փոփոխման (ընդհանուր տեղակալՙ Վիեննայի մենաստանի աբբահայրը, քարտուղարը եւ նրա երկու օգնականները):

Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացուց սկսած արդեն 306 տարի շարունակվում է ընտրական այս ավանդույթը, մխիթարյան հայրերի ընդունած կանոնադրության համաձայն: Այս օրերին Սբ. Ղազարի մայրավանքում մխիթարյան 21 պատգամավորներ կատարեցին հերթական ընտրությունը: Նախկին աբբահայր Եղիա Քիլաղբյանը 6 տարի եւս կշարունակի գլխավորել Մխիթարյան միաբանությունը, նրանց շահեկան գործունեությունըՙ ի նպաստ հայ գրի ու մշակույթի օտարության մեջ պահպանման ու ծաղկման:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4