Դա ընդլայնում է տարածաշրջանում նախաձեռնությանը տիրանալու Իրանի եւ Սիրիայի հնարավորությունները
Օգոստոսի 7-ին, երբ 27-րդ օրն էր թեւակոխում իսրայելական ագրեսիան Լիբանանում, սպանված լիբանանցիների թիվը հասել է 1000-ի, որոնց գերակշռող մասը երեխաներ են եւ կանայք: Այդ ընթացքում «Հզբոլլահի» հետ կռիվներում եւ հրթիռակոծության հետեւանքով սպանվել էին 103 իսրայելցիներ, որոնցից 63-ը զինծառայողներ են: Իսրայելական բանակը հրապարակել էր այդ զինծառայողներից 59-ի անունները:
Այսինքնՙ Իսրայելի կորուստների մասին տվյալների աղբյուրը իսրայելական բանակն է, ինչը ենթադրում է դրանց իրական պատկերի քողարկումը: Սակայն, անկախ քողարկումներից, ակնհայտ է դառնում Իսրայելի ընկրկումը «Հզբոլլահի» առջեւ: Այս հանգամանքը հավասարակշռությունից հանում է վարչապետ Էհուդ Օլմերտի գլխավորությամբ Իսրայելի ղեկավարներին, իսկ դա ստիպում է միջազգային ուժերին ակտիվացնել Լիբանանի ճգնաժամի այսպես կոչված հաղթահարման ջանքերը:
Հավասարակշռությունից Իսրայելի ղեկավարության դուրս գալու մասին հստակ պատկերացում կազմելու համար կարելի է անդրադառնալ վարչապետ Օլմերտի գերմանական թերթում հրապարակված հարցազրույցին: Օգոստոսի 6-ին, երբ «Հզբոլլահի» գրոհայինները հակահարված էին տալիս իսրայելական ագրեսիային, սպանելով 12 իսրայելցի զինծառայողի, Օլմերտը վերստին պատմում է Լիբանանում այս կազմակերպության ենթակառույցների ոչնչացման հեքիաթը: Նա նույնիսկ ցանկատեսությամբ հետեւություն է անում, թե «Հզբոլլահը» կորցրել է իր դիրքերը Լիբանանում, այնուհետեւ մոռանալով հետեւության մասին, ստիպված խոստովանում է. «Որքան էլ խոցելի հարված ստանա, անհնար է ոչնչացնել ահաբեկչական այս կազմակերպությանը»:
Մինչդեռ նույն Օլմերտը Իսրայելի ագրեսիան Լիբանանում պայմանավորում էր «Հզբոլլահի» ոչնչացման առաջադրանքով եւ բազմիցս հայտարարում ագրեսիան մինչեւ առաջադրանքի կատարումը շարունակելու իսրայելական բանակի վճռականության մասին, եւ չէր մոռանում զգուշացնել, թե սպանելու են բոլորին, ով իրենց ատում է: «Հզբոլլահի» ոչնչացման անհնարինության մասին Իսրայելի վարչապետի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան առաջադրանքի ձախողման խոստովանություն:
Հարցը սակայն սոսկ առաջադրանքը չէ, այլ ռազմականի հետ նաեւ քաղաքական նախաձեռնությունը Լիբանանում ստանալը: «Հզբոլլահի» առջեւ իսրայելական բանակի ընկրկումը, առավել եւս դրա հրապարակավ հաստատումը վերջինի ոչնչացման անհնարինության մասին Օլմերտի հայտարարությամբ ցույց է տալիս, որ Լիբանանում իր դիրքերը կորցնում է ոչ թե վերոհիշյալ կազմակերպությունը, այլ հենց իսրայելական բանակը: Այս պայմաններում նախաձեռնությունը Լիբանանում ամբողջությամբ անցնում է «Հզբոլլահին»:
Ինչ վերաբերում է լիբանանյան ճգնաժամի այսպես կոչված հաղթահարման հարցում միջազգային ուժերի ակտիվացմանը, ապա դա էլ պետք է պայմանավորել ստեղծված խիստ անբարենպաստ իրավիճակից Իսրայելին դուրս բերելու վերջիններիս շահագրգռություններով: Դեռեւս այդ շահագրգռություններն են պատճառը, որ միջազգային ուժերի ակտիվացումը, որպես կանոն, նպատակամղված է լինում ոչ թե Լիբանանից Իսրայելի զորքերի դուրս բերմանը, այլ «Հզբոլլահի» հաղթարշավի կասեցմանը:
Դրա վառ ապացույցը զինադադարի հաստատման ՄԱԿ-ի վերջին բանաձեւն է, որը համատեղ ջանքերով մշակել են ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Լիբանանի կառավարությունը կտրականապես մերժել է այդ բանաձեւը, իսկ «Հզբոլլահը» վերստին ընդգծել է Իսրայելի հետ պատերազմը շարունակելու իր վճռականությունը:
Սա նախադրյալներ է ստեղծում, որ Հարավային Լիբանանում «Հզբոլլահի» ոչնչացման իսրայելական բանակի առաջադրանքի հետ ձախողվեն ստեղծված իրավիճակից Իսրայելին դուրս բերելու միջազգային ուժերի առաջադրանքները: Քանի որ այդ ուժերը «Հզբոլլահի» դիմակայությունը իսրայելական բանակին պայմանավորել են Սիրիայի եւ Իրանի աջակցությամբ, ուստի կազմակերպության ռազմական հաջողությունը ինքնաբերաբար դառնում է վերջիններիս նկատմամբ այս երկու երկրների քաղաքական հաղթանակը:
Ակնհայտ է, որ այս հաղթանակն էլ ընդլայնում է տարածաշրջանում նախաձեռնությանը տիրանալու ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրանի հնարավորությունները: Դրան նպաստում են Լիբանանի ճգնաժամի հաղթահարման քողի տակ «Հզբոլլահի» հաղթարշավը կասեցնելու նպատակներով առաջադրված «զինադադարի» բանաձեւերը: Այսպիսով, Իսրայելի դեմ «Հզբոլլահի» հաղթարշավի կասեցման միջազգային շահագրգռությունները միաժամանակ դառնում են տարածաշրջանում նախաձեռնությունը Սիրիային եւ Իրանին զիջելու համանուն ուժերի մտավախության արտահայտությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ