«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2006-08-04 | #147, 2006-08-05 | #148, 2006-08-08


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿՆ ԱՅՆՔԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ՉԷ, ՈՐ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՏԱ...

Ադրբեջանական «հետաքրքրասիրությունն» այնքան է ծայրահեղացել, որ ամառվա շոգին եղած-չեղած իրականության մեջ համեմատության եւ ընդհանրության եզրեր են որոնում Կոդորի կիրճում տեղի ունեցածի եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման միջեւ: Եվ մինչ վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են Կոդորում աբխազական պատերազմի մասնակից, Էմզար Կվիցիանիի մերձավոր Դավիդ Գաբունիայի ձերբակալության մասին, Ռազմավարության եւ պետական անվտանգության հետազոտությունների վրացական կենտրոնի ղեկավար Գիա Արեշիձեն, ի պատասխան «Դեյ.ազ»-ի` Կոդոր-Ղարաբաղ համեմատություն անցկացնելու հարցին, նշում է, թե Հայաստանի քաղաքականության անփոփոխ մնալու դեպքում ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը անխուսափելի կդառնա:

Միեւնույն ժամանակ, ըստ Սահմանադրության հետազոտության հիմնադրամի նախագահ Ալիմամեդ Նուրիեւի, վերջերս Ադրբեջանի տարբեր մակարդակի ներկայացուցիչներ ավելի հաճախակի են հայտարարում, թե դիվանագիտական ջանքերի անհաջողության դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ռազմական տարբերակով վերադարձնել, այսպես կոչված, օկուպացված տարածքները: Ինչ վերաբերում է ընդհանրապես Ադրբեջանի, Հայաստանի ու Ղարաբաղի զինուժի հնարավորություններին ու մարտունակությանը, ապա, Ալիմամեդ Նուրիեւի կարծիքով, թեեւ ադրբեջանական բանակը զարգանում է, բայց «չեմ կարծում, որ գերազանցությունը այնքան է, որ մենք կարող ենք հայերի հանդեպ անվերապահ հաղթանակի վստահություն ունենալ»:

Լեռնային Ղարաբաղն էլ, ի դեմս նախագահ Արկադի Ղուկասյանի, իր հերթին հայտարարում է. «Արցախի պետականությունը պետք է հետեւողականորեն շարունակի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացը եւ մշտապես պատրաստ լինի դիմակայելու իր անկախության եւ ժողովրդի անվտանգության հանդեպ յուրաքանչյուր ռազմական ոտնձգության»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4