«Ղարաբաղի հարցի լուծման ժողովրդավարական գործընթացը հաջող շարունակելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ ադրբեջանցիները վերադառնան Լեռնային Ղարաբաղ», մեկնաբանելով Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեի անցկացման հավանականությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ ադրբեջանական գործակալությունների, ԱԳ նախարարը նշել է, թե «իրենց հարազատ հողերից քշված ադրբեջանցիները եւս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ են եւ անհրաժեշտ է, որ նրանք վերադառնան»: Ադրբեջանի արտգործնախարարի այս հայտարարությունը բավականին հետաքրքրական է այն առումով, որ Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեի մասին խոսվում է ոչ թե ժխտման տեսանկյունից, այլ հանրաքվեին մասնակցության իրավունք ունեցողների առնչությամբ:
Լեռնային Ղարաբաղի հարցերով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Արազ Ազիմովն, իր հերթին, «Մեդիամաքս» գործակալության տեղեկացմամբ, նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի փոփոխությունից հետո չի բացառվում նաեւ ռուս եւ ֆրանսիացի համանախագահների փոփոխություն: