«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2006-08-04 | #147, 2006-08-05 | #148, 2006-08-08


ԱՅՍՕՐ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՌԱՎԵԼ ԱՆԿԱԽ Է, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ

Սակայն անելիքներ դեռ շատ կան

Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը երեկ լրագրողներին ներկայացրեց դատարանի վերջին ժամանակաշրջանի գործունեության հաշվետվությունը: Այս տարվա առաջին կիսամյակում առաջին ատյանի դատարաններում 2184 քրեական գործ է մուտք գործել, որոնցից 1503-ի համար դատավճիռներ են կայացվել, ի դեպ 57-ը` անչափահասների նկատմամբ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առաջին ատյանի դատարաններում 2110 քրեական գործ է մուտք գործել, դատավճիռ կայացվել է 1484-ի համար, որոնցից 35-ը` անչափահասների նկատմամբ:

2006 թվականի առաջին կիսամյակում, Մանուկյանի տվյալներով, ՀՀ առաջին ատյանի դատարաններում լսվել է 2184 քրեական եւ 29176 քաղաքացիական գործ: Քրեական գործերի վերաբերյալ առաջին ատյանի որոշումների 78,6 տոկոսի դիմաց կամ բողոք չի բերվել, կամ բերված բողոքները չեն բավարարվել: Նույն ատյանի քաղաքացիական վճիռների կայունությունը ավելի բարձր է` 87,8 տոկոս: Վերաքննիչ դատարանի քաղաքացիական վճիռներից չեն փոփոխվել 83,3 տոկոսը, քրեական գործերի վերաբերյալ դատավճիռներիցՙ 67,1 տոկոսը: Դատական համակարգում կայացրած վճիռների կայունության ամենաբարձր ցուցանիշ ունի տնտեսական դատարանը` 93,3 տոկոսը: Վճռաբեկ դատարանի քրեական գործերով դատական ակտերի կայունությունը` 67,3 տոկոս:

Այս տարվա առաջին կիսամյակում արդարացվել է 4 հոգի, 2004 եւ 2005 թվականներին` ամեն տարի 6 հոգի: Արդարացվածների ցուցանիշը վճռաբեկ դատարանի նախագահին չի գոհացնում: «Արդարացվածների թիվը 0,04 տոկոս է կազմում, ինչը շատ ցածր է եւ չի կարելի դրական համարել: Համեմատության համար ասեմ, որ մեր երկրի դատական օրենսդրությանը բավական մոտ օրենսդրություն ունեցող Բելգիայում արդարացվողների թիվը շուրջ 5 տոկոս է»: ԱՊՀ երկրներից այս իմաստով ամենից վատը Ղազախստանի իրավիճակն է, որտեղ ցուցանիշը 0,1 տոկոս է: Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը եւս բավական մոտ է Հայաստանի օրենսդրությանը, այստեղ սակայն արդարացվածների թիվը 3 տոկոս է: Հովհաննես Մանուկյանի խոսքերով` հայաստանյան այս իրավիճակն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ ունի: «Այստեղ իր դերն ու ազդեցությունը ունենում է նախաքննության որակը: Որոշակի ազդեցություն ունի նաեւ փաստաբանական թույլ տակտիկան առանձին գործերով, ինչպես նաեւ, չեմ ուզում ինքնաքննադատաբար չարձանագրել դատավորների ոչ բավարար պատրաստվածությունը», ասաց պրն Մանուկյանը: Օբյեկտիվ պատճառը, նրա գնահատմամբ, օրենսդրության անկատարությունն է, մասնավորապեսՙ լրացուցիչ նախաքննության ինստիտուտի առկայությունը: Հովհաննես Մանուկյանի խոսքովՙ կարեւոր է դատաիրավական բարեփոխումների ճանապարհով լրացուցիչ նախաքննության հնարավորության բացառումը եւ դատական դպրոցի հիմնադրումը:

Վճռաբեկ դատարանը ինչպես տարիներ շարունակ, այսօր եւս գերծանրաբեռնված է, ինչը խոչընդոտում է դատարանի բնականոն եւ արդյունավետ աշխատանքը, եւ դատարանը հնարավորություն չի ունենում իրականացնել Սահմանադրությամբ իր առջեւ դրվածՙ օրենքի միատեսակ կիրառության ապահովումը: Մանուկյանի գնահատմամբՙ իրավիճակը կշտկվի, եթե Վճռաբեկ դատարանն ինքը որոշիՙ որ հայցը ընդունի վարույթ, որըՙ ոչ: Իսկ վարույթ պետք է ընդունվեն այն հայցերը, որոնց հայցվորները կկարողանան ապացուցել, որ իր հայցը չլսելը նյութական ծանր հետեւանքներ կառաջացնի, կամ կան նոր ի հայտ եկած հանգամանքներ, կամ էլ գործը կարեւոր է օրենքի միատեսակ կիրառության տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանի ծանրաբեռնվածությունը խանգարում է նաեւ, որ վերջինս իրականացնի իր առջեւ դրված եւս մեկ խնդիրՙ դատական նախադեպի ինստիտուտի կայացումը, ինչը կանխատեսելի կդարձնի դատական համակարգը եւ կկարճի դատական կամայականությունը վերացնելու ճանապարհը:

Այս խնդիրներին լուծումներ են տալիս օրենսդրական վերջին բարեփոխումները, որոնք կիրառության մեջ են մտել երեկվանից:

Ինչ վերաբերում է դատարաններին ընդհանրապես, ապա Մանուկյանը համոզված է, որ իրականությունից հեռու է այն տեսակետը, թե դրանք կախված են դատախազությունից կամ գործադիր իշխանությունից, ավելինՙ «այսօր չկա ավելի պաշտպանված պաշտոնյա, քան դատավորն է, դատավորները եւ դատարաններն անկախ են առավել, քան երբեւէ: Անհնար է դատավորի վրա ճնշում գործադրել, եթե նա սկզբունքային եւ համարձակ է»:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4