Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը երեկվա նիստում հաստատել է մի շարք ապրանքների շուկաների ուսումնասիրությունների արդյունքները` ըստ որոնց 2005 թ. ռուսական մարդատար նոր ավտոմեքենաների շուկայում գործող 11 տնտեսվարող սուբյեկտների շարքում «Արմենիա Լադա» եւ «Կարկոմավտո» ընկերությունները, որ մեկ տնտեսվարող սուբյեկտի են պատկանում, խոշոր բաժին ունեն` շուկայի մոտ 95 տոկոսը, եւ գրանցվել են գերիշխող դիրք ունեցողների մատյանում: Վերջիններս շուկայում իրացրել են 4 հազար 378 նոր եւ 141 շահագործված ռուսական ավտոմեքենա: Արտասահմանյան մարդատար նոր ավտոմեքենաների շուկայում 2005 թ. գործել են 43 ընկերություններ, որոնցից առավել խոշոր ծավալներ ունեն «Մեգնա», «Մուրան», «Արմենիա Լադա», «Եվրովագեն», «Եվրոմոթորս», «Ֆորա», «Կարկոմավտո», «Ավանգարդ մոթորս» ընկերությունները:
Մաքսային պետական կոմիտեի տվյալներով, 2005 թ. Հայաստան է ներկրվել 16 հազար 471 մարդատար մեքենա, որից 5 հազար 524-ը տնտեսվարող սուբյեկտների, իսկ 10 հազար 947-ըՙ ֆիզիկական անձանց կողմից: Ներկայացված թվերի մեջ կասկածներ ունենալու պատճառով հանձնաժողովը որոշել է լրացուցիչ ուսումնասիրել այդ շուկան:
Էլեկտրական լամպերի շուկայում 2005 թ. գործող հարյուր 28 ընկերություններից շուկայի առաջատարներն են «Գրանդ սան» (47,7 տոկոս) եւ «Կառլիտա» (28 տոկոս) ընկերությունները: Մրցակից չունենալու պատճառով «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն երկաթուղու ծառայությունների ոլորտում համարվեց գերիշխող դիրք ունեցող: