Ինտերնետ կապով որոշվող ցանկացած աշխատանք Հայաստանում թերի կատարման փուլում է օգոստոսի չորսից: Վրաստանի տարածքում վնասվել է կապն ապահովող օպտիկա-մանրաթելային մալուխը: Նշված օրվանից արդեն երկու անգամ հայաստանաբնակներս իսպառ զրկվել ենք ինտերնետ կապից: Ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող «Արմենտելն» ապահովել է չափազանց անկայուն կապ արբանյակային եղանակով եւ իրավիճակի փոփոխություն չի խոստանում առնվազն եւս մեկ շաբաթ եւ վստահեցնում է, որ շարունակվում են Սեւ ծովի հատակում մալուխի վերականգնման աշխատանքները: Ներկայում «Արմենտելն» ապահովում է ինտերնետի հասանելիությունն ընդամենը 5 տոկոսով: Գործարկվող արբանյակային կապի թողտվությունն էլ 2 մեգաբիտ է, ըստ «Ինտերնետ» ընկերության փորձագետների վստահեցման, որ ներկայացրել են Ռեգնում գործակալությանը: Դատապարտելով այլընտրանք չունենալու իրավիճակը, փորձագետներն «Արմենտելի» մեղքից զատ իրավացիորեն տեսնում են հայրենի իշխանությունների մեղավորությունը: Ամեն դեպքում, հայաստանաբնակներս առնվազն 10 օր էլ քաղելու ենք մենաշնորհի դառը պտուղները:
Ն.Պ.