ԹԲԻԼԻՍԻ, 7 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի շրջանների մեծ մասում ամենաշոգ եղանակն է վերջին վեց տարվա ընթացքում: Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Գարդաբանի շրջանում ստվերում ջերմաստիճանը հասել է 41 աստիճանի, Թբիլիսիում ջերմաստիճանը 39 է, շատ քաղաքներում ու շրջաններումՙ 38: Անտանելի տապի պայմաններում ցերեկային ժամերին դատարկվել են քաղաքների փողոցները: Տրանսպորտի բոլոր տեսակները եւ առեւտրական կետերը աշխատում են, բայց ուղեւորներն ու հաճախորդները շատ քիչ են: Քաղաքների տասնյակ հազարավոր բնակիչներ մեկնել են լեռնային ու մերձսեւծովյան առողջարաններ, գյուղեր ու ամառանոցներ: Այս օրերին մարդաշատ է նաեւ թբիլիսյան ծովըՙ արհեստական ջրամբարը: