«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2006-08-04 | #147, 2006-08-05 | #148, 2006-08-08


ԶԵԿՈՒՅՑ ԱՆԾԱՆՈԹ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ

Կամ` որտեղի՞ց է փչում քամին

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ֆրիդոմ հաուս»-ի այս զեկույցն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե խոսքը անծանոթ ինչ-որ երկրի մասին է, բայց ոչ Հայաստանի: Ցավոք պետք է ասեմ, որ հերթական զեկույցն աչքի է ընկնում օբյեկտիվության պակասով», ասել է նախագահ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն անցած շաբաթավերջին հրապարակ իջած միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի առիթով:

Այդ զեկույցում հերթական անգամ վերլուծված է ժողովրդավարության վիճակը աշխարհի 30 երկրներում, իսկ Հայաստանի վերաբերյալ չափազանց անբարենպաստ որակումներ կան: Սա այն դեպքն է, որ անգամ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի խոսքը չի փրկի, ըստ որոնց մենք չպետք է նայենք, թե ի՞նչ է ասում այս կամ այն միջազգային կազմակերպությունը եւ դրանից ելնելով որոշումներ կայացնենք, այլ մեր պետության եւ ժողովրդի շահերից ելնենք: Տարածաշրջանում տեղի ունեցող արագընթաց տեղաշարժերի ֆոնին մենք, ընդհակառակը, պետք է հետեւենք միջազգային այս կամ այն կազմակերպության զեկույցների շեշտադրումներին` հասկանալու համար, թե քամին որտեղի՞ց է փչում, ինչո՞ւ է փչում, ո՞րն է շարժառիթը եւ ինչպե՞ս փոխենք նրա ուղղությունը, ծայրահեղ դեպքում` այդ քամու ուժով սեփական հողմաղացը պտտենք:

Եվ այսպես, ո՞ր դրույթներն են հատկապես Վ. Սողոմոնյանի այս կարծիքի համար սնունդ մատակարել` փորձենք գլխի ընկնել: Գուցե հատկապես երկրի նախագահին վերաբերողները, որոնցից մեկով «Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ 1998 եւ 2003 թվականներին հռչակվել է լուրջ խախտումներով անցկացված նախագահական ընտրությունների հաղթող», եւ որ` «քաղաքական ընդդիմախոսները հրաժարվել են ճանաչել նրա լեգիտիմությունը»: Սա մի քանի տարի անընդհատ կրկնում էր մեր ընդդիմությունը, այսինքն այդ վիճակը ընդդիմության տեսած Հայաստանում էր, իսկ իշխանությունն այլ բան էր ասում, եւ, ի դեպ, նաեւ` միջազգային դիտորդները, ովքեր խաբս էին տալիս մուգ ակնոցներով դիտելուց, հայտնում էին լղոզված տեսակետներ, որոնցից ընտրությունների լեգիտիմության հստակ կասկած առանձնապես չէր ծագում. մտածելու բան է` 8 եւ 3 տարի հետո ի՞նչ փոխվեց հանկարծ, ո՞ր հզորների ո՞ր տարածաշրջանային շահերը թույլ տվեցին Մեթյու Բրայզայից հետո «թարմ» բացահայտումներ անել, եւ ինչու այդ բացահայտումները «Ֆրիդոմ հաուս»-ը չէր կարող անել ասենք 1998-ին:

Կամ «անցած տարվա նոյեմբերի 27-ին կայացած վիճահարույց սահմանադրական հանրաքվեն ավելի ընդգծված դարձրեց երկրում ձեւավորված ընտրական կեղծիքի մշակույթը»` հանկարծ ու նոր հայտնաբերեց «Ֆրիդոմ հաուսը»: «Եվրոխորհրդի դիտորդական խումբը լուրջ կասկածի տակ առավ պաշտոնական արդյունքների հավաստիությունը», ասում են միջազգային իրավապաշտպանները հանրաքվեից 8 ամիս հետո հանկարծ ու նշելով մեր ընդդիմադիրների ասած թիվը, ըստ որի հանրաքվեին մասնակցել է ընտրողների միայն 16 տոկոսը: Է, լավ, եվրոպացի դիտորդներն առանձնապես չպնդեցին արդյունքների վրա ազդող խախտումների վերաբերյալ եւ անցած աշնանն էլ, ինչպես տարիներ շարունակ, կառչեցին փրկարար «ընդհանուր առմամբ»-ից եւ «խախտումներ եղել են, բայց վերջնական արդյունքների վրա չեն ազդել»-ուց: Սակայն երբեք ոչ ոք չբարձրաձայնեց, թե «հանրաքվեն ավելի ընդգծված դարձրեց երկրում ձեւավորված ընտրական կեղծիքի մշակույթը»: Անգամ տարածաշրջանային «խոհարար» Սաբինա Ֆրեյզերի կողմից հանրաքվեից մեկ շաբաթ հետո հանրաքվեին 65 տոկոս մասնակցությունը կասկածի տակ դնելը մնաց որպես անապատում բուսած միակ ծառ: Այդ դեպքում «Ֆրիդոմ հաուսի» այս գնահատականն արդեն մարտահրավեր է . ո՞ւմ եւ ինչո՞ւ` միանշանակ հնարավոր չէ ասել, բայց նետված ձեռնոցը բարձրացնելը նախագահի խոսնակի կողմից ցույց է տալիս հասցե եւ նշանակետ:

Հայաստանի ժողովրդավարացմանը խոչընդոտում է կառավարման խիստ միակողմանի համակարգը, եւ դա լայն իշխանություն է պարգեւում հանրապետության նախագահին. այս մտքին ինքնուրույն հնարավոր չէր հանգել, մեզ անպայման միջազգային հուշարարներ են պետք: Այլապես հենց երկրի նախագահը շատ ու շատ հարցերում, թեկուզ եւ ընտրական օրենսգրքի վերջին քննարկումներում, կհովանավորեր ընդդիմության եւ իշխանական կողմերի փոխհամաձայնությունը, անգամ որոշ զիջումներ կարվեր իշխանության կողմից: Այլապես շատուշատ ուրիշ վճռական քայլեր կարվեին Հայաստանում երկրի առաջին դեմքերի, նախեւառաջ` նախագահի կողմից: Չէ, մեզ անպայման մտրակ է պետք` քաղցրաբլիթի խոստումով:

«Չնայած սահմանադրական բարեփոխումներին, Հայաստանի նախագահը պահպանելու է պետական ամենահզոր պաշտոնյայի կարգավիճակը», ձեւակերպում է «Ֆրիդոմ հաուսը». չգիտեինք, այդ մասին անցած տարի մեր ընդդիմությունը չէր կոկորդ պատռում, մինչդեռ միջազգային ոչ մի կազմակերպություն չէր ուզում ականջալուր լինել նրան ու մի խիստ գնահատականով հանդես գալ:

Մեր այս հարցադրումները չեն նշանակում անհամաձայնություն «Ֆրիդոմ հաուսի» գնահատականներին: Եվ ոչ էլ համաձայնություն: Մենք արդեն հազիվ թե հասնենք ժողովրդավարության հետեւից եւ ոչ էլ կարող ենք հետ շրջել ժամանակը, որպեսզի անցյալ ընտրությունները դարձնենք միջազգայնորեն ընդունելի մակարդակի: Մենք երկու բան ունենք անելու. նախՙ ճիշտ որոշել քամու ուղղությունը, հասկանալ ինչու՞, ի՞նչ խնդիրներ լուծելու համար է արվել այս այստիճանի խիստ զեկույց, ի՞նչ են ուզում ստանալ մեզանից տարածաշրջանում քաղաքականություն կռողները, որ դեռ խորհրդային ժառանգություն թույլ ինստիտուտներն ու դրան ուղեկցող կաշառակերությունը հաղթահարողի օրինակ է մատնացույց անում հարեւան Վրաստանին. երկրորդ` պետք է իսկապես ուժ հավաքենք, եւ չնայած նախադեպերի բացակայությանը` մեկ անգամ գոնե այս երկրի կյանքում մարդավարի ընտրություններ անցկացնենք, առանց «արա ախպերի» եւ «ախպոր տղերքի». երբեք ուշ չէ սխալներն ուղղելը: Հակառակ դեպքում այս տեսակ զեկույցներ կսկսեն գրել ամեն ոք եւ կազմակերպություն` ով չի ալարում, հեռահար նպատակն էլ կարող է լինել ղարաբաղյան զիջումներն ու նավթահոտ շահերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4