Օգոստոսի 4-ին, ժամը 17-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է ժամանակակից արվեստի մի եզակի ցուցահանդես: «Արվեստ առանց սահմանների» ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի եւ նրա 3 հարեւան երկրներիՙ Իրանի, Թուրքիայի ու Վրաստանի արվեստագետների աշխատանքները:
Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ ավելի քան 3 տարի փորձելուց եւ բազում հնարների դիմելուց հետո ձախողվեց Ադրբեջանի մասնակցությունը: Ցուցահանդեսը կազմակերպել է ՆՓԱԿ-ի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Սոնյա Պալասանյանըՙ կերպարվեստի բաժնի համատնօրեններ Դավիթ Կարեյանի եւ Եվա Խաչատրյանի համագործակցությամբ:
Ցուցահանդեսին ներկայացված էին 25 արվեստագետների ստեղծագործություններ, ընդ որում 6-ը Հայաստանից, 5-ը Վրաստանից, 7-ը Իրանից եւ Թուրքիայից: Ներկայացված ստեղծագործությունները բազմաբնույթ էինՙ նկարչություն, վիդեո, լուսանկարչություն, ինստալացիա եւ խառը տեխնիկա:
Բացումն անցկացվեց բարձր մակարդակով, ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, արտասահմանցի հյուրեր: Հարեւան երկրների մասնակիցներից ներկա էր միայն մեկ վրացի արվեստագետ: Ցուցահանդեսը առանձնահատուկ էր այն բանով, որ ցուցասրահում կար առանձին սենյակ, որտեղ արգելված էր երեխաների եւ զգայուն մարդկանց մուտքը: Մեկ ցուցահանդեսի շրջանակներում անհնար է ներկայացնել ժամանակակից արվեստի բոլոր դրսեւորումները: Էական է ունենալ միջոց եւ վայր (ներկա ցուցահանդեսը այդպիսի մի առիթ է), որը արվեստագետներին հնարավորություն կընձեռի զգացմունքների դրսեւորման եւ մտահղացումների ժայթքման միջավայրում ազատորեն հաղորդակցվել միմյանց հետ: Ժամանակակից արվեստի միջոցով կովկասյան ժողովուրդների եւ նրանց անմիջական հարեւանների հանդիպումը, թեեւ ուշացած, բայց եզակի դեպք էր: Սա արվեստի եւ արվեստագետների համար մի աննախադեպ առիթ է մեկը մյուսին վերագտնելու եւ ընկալելու համար: Համենայնդեպս, ինչից հնարավոր չէ խուսափել, այն է, որ տարածաշրջանի այս ստեղծագործ ժողովուրդները պարտավոր են ապրել եւ արարել հարեւանությամբ:
Այս միջոցառումը, թեկուզ փոքր, բայց մի քայլ է խաղաղ համակեցության եւ մեր «Գլոբալ ավանը» կառուցելու ճանապարհին:
ԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ