«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2006-08-04 | #147, 2006-08-05 | #148, 2006-08-08


ՀՄԸՄ-Ի ՀԱՎԱՔԸ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՄԵՐՁԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԿԱՊԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է

«Այսպիսի այցերը հատկապես կարեւորում ենք նրանով, որ ժողովրդի հետ մոտիկից շփվելու հնարավորություն ենք ունենում, կարողանում ենք անձամբ տեսնել, թե հայրենիքում ինչ է կատարվում եւ ոչ թե հեռվից լսել», ասում է ՀԲԸՄ-ի (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն, սկաուտական շարժում) համահայկական բանակումին (ճամբար, հավաք) մասնակցելու համար Կանադայի Տորոնտո քաղաքից Հայաստան ժամանած 19-ամյա Սեւակ Հարությունյանը: Հրաչ Նազարյանի ղեկավարությամբ Հայաստան եկած նրանց խմբում ընդգրկված են 104 երիտասարդ սկաուտներ Տորոնտոյից եւ Մոնրեալից: Սեւակը դեռ փոքր տարիքից է անդամակցում սկաուտական միությանը եւ ուրախ է, որ վերջին տարիներին սկաուտական համահայկական հավաքները կազմակերպվում են Հայաստանում եւ ոչ թե հայրենիքից դուրս` հայաշատ գաղութներում: Հուլիսի 31-ից հայրենիքում գտնվող 19-ամյա պատանին Հայաստանում կլինի մինչեւ հավաքի ավարտը` օգոստոսի 10, եւ հույս ունի այս օրերին հանդիպել տարբեր երկրներից եկած ընկերներին: Սեւակը ցավում է միայն, որ պատերազմի պատճառով չի կարողանա այս անգամ հանդիպել Լիբանանի իր ընկերներին:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի լրատվության պատասխանատու Գայանե Մանուկյանը պատմեց, որ ՀԲԸՄ-ը ստեղծվել է Հայ հեղափոխական դաշնակցության կողմից սխալ է, ՀԲԸՄ-ը ստեղծվել է որպես անկուսակցական կառույց)` 1918 թ., Կոստանդնուպոլսում` Շավարշ Քրիսյանի, Հովհաննես Հինդլյանի, Գրիգոր Հակոբյանի, Օնիկ Յազմաճյանի եւ եւս 4 ղեկավարների նախաձեռնությամբ: Նույն թվականին Նիկոլ Աղբալյանի հրավերով Հայաստան է եկել Վահան Չերազը, որն էլ համարվում է սկաուտական շարժման հիմնողն ու տարածողը Հայաստանում: Վերջինիս ստեղծած շարժումը մեր երկրում վերահիմնադրվել է 1989 թ.-ին` վերանվանվելով Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն` ՀԱՍԿ: ՀԱՍԿ-ի տնօրեն Հրաչ Շմավոնյանի խոսքերով, Հոմենընթմենի հայաստանյան կառույցը ապաքաղաքական, անկուսակցական, երիտասարդական հասարակական կազմակերպություն է, որը 1988 թ-ից համաշխարհային սկաուտական կազմակերպության լիիրավ անդամ է:

Հրաչ Շմավոնյանի ներկայացմամբ, այսօր Հայ մարմնակրթական ընդհանուր միության մասնաճյուղերը սփռված են աշխարհի 22 երկրներում` հայաշատ գաղութներում` ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Լիբանանում: Կազմակերպությունն ունի 30-35 հազար անդամ: Միության նպատակը աշխարահասփյուռ հայությանը մեկտեղելն է, հայ երիտասարդներին ու պատանիներին դաստիարակելն ու կրթելը ոչ միայն մարմնով, այլեւ հոգով: Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդներին միմյանց ծանոթացնելու նպատակով պարբերաբար հավաքներ են կազմակերպվում` վերջին տարիներին հիմնականում մայր հայրենիքում: Այս անգամ էլ Հոմենընթմենի համահայկական հավաքը կազմակերպվել է հուլիսի 31-ից օգոստոսի 10-ը, որի ընթացքում հայ երիտասարդներն ու պատանիները եղել են Հայաստանի տեսարժան վայրերում, հանդիպել պետական եւ ոչ պետական գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հաստատել նոր հարաբերություններ, վերանորոգել հավատն ու ցանկությունը, թե մի օր էլ իրենք կգան եւ կհաստատվեն Հայաստանում:

Հետաքրքրական է, որ այս օրերին հայրենիքում գտնվող հայ երիտասարդները բավական տպավորված են իրենց տեսածով, բայց ոչ միայն դրական իմաստով: Հարությունյան Սեւակն, օրինակ, այս ընթացքում հասցրել է մտորել, թե ինչու են Հայաստանում այդքան շատ երգիչ-երգչուհիները, ինչու են մարդիկ ամեն ինչին նայում միայն փողի եւ շահի տեսակետից, ինչու բիզնեսում չկա մրցակցություն, ինչու են տաքսու վարորդները այդքան հմտորեն խաբում օտարերկրյա այցելուներին, ինչու են առեւտրի կենտրոններում արտերկրից ժամանածներին կրկնակի գներ ասում: Սեւակը խոստովանում է, որ թեեւ վերջին այցից մինչ այսօր հայրենիքում շատ բան է բարելավվել, խնդիրների հսկա բանակը մնացել է: Դրանք, իհարկե, երիտասարդները փորձում են անտեսել` ավելի շատ անդրադառնալով հայրենիքից ստացած քաղցր տպավորություններին, հուսալով, որ հաջորդ գալուց այդ հոգսերն էլ լուծված կլինեն:

Այսօր նրանք Սարդարապատում կմասնակցեն խարույկահանդեսի արարողությանը, իսկ վաղը` բարի երթի խնջույքին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4