«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2006-08-05 | #148, 2006-08-08 | #149, 2006-08-09


ՂԱՐԱԲԱՂ. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՆԱՆՑԱՆԵԼԻ ԹԱՎՈՒՏՆԵՐՈՒՄ

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ, Դեսպան, ՌԴ միջնորդական խմբի ղեկավար

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները օգոստոսի 2-3-ը Փարիզում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը: Սա միջնորդների առաջին խորհրդակցությունն է նրանց հունիսյան ձեռնարկումից հետո, որն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի անարդյունք հանդիպումների հետեւանքն էր:

Հիշեցնենք, որ հունիսին միջնորդները ընդհատեցին այդ պետությունների ղեկավարների հանդիպումների անցկացումը, նրանց հորդորելով հաշտեցման քաղաքական կամք դրսեւորել: Դա, ինչպես նաեւ միջնորդների կողմից առաջարկությունների մասնակի հրապարակումը լայն քննարկումներ առաջացրին հասարակայնության շրջանում: Տեղի է ունենում հակամարտության կարգավորման գրեթե փակուղային իրավիճակի իմաստավորում, բայց առայժմ քիչ են փոխադարձ զիջումների ազդակները: Իսկ երկու երկրների պաշտոնական արձագանքները բնորոշ էին նրանց նախկին մոտեցումներին: Միայն առայժմ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն օրերս առաջին անգամ վերջապես հրապարակեց հայերի եւ ադրբեջանցիների պատմական հաշտեցման անհրաժեշտության` վաղուց հասունացած գաղափարը:

Իսկ Երեւանում սկսեցին ջանադրաբար ցուցադրել, որ միջնորդների առաջարկություններն ընդունելի են որպես բանակցությունների շարունակման հիմք: Հայերը կառուցողականություն են հանդես բերում, երբ վստահ են, որ մյուս կողմը «հուսախաբ չի անի»` չի կարողանա ընդունել առաջարկությունը: Դա նրանց թույլ է տալիս առավել ձեռնտու եւ նվազ զայրացուցիչ դիրք բռնել: Ճիշտ է, հայերից շատերը ընդգծում են համաձայնությունների կատարման առումով մյուս կողմի անհուսալիությունը եւ դժգոհություն արտահայտում ԼՂ մերձակա գրավյալ շրջաններից հեռանալու հարցում սեփական ղեկավարության անտեղի (առայժմ լոկ վիրտուալ) զիջողամտության կապակցությամբ:

Սեփական հանրության առջեւ ավելի բարդ է Ադրբեջանի ղեկավարության վիճակը. նա ստիպված եղավ «երկու քայլ հետ» ընկրկել, հավաստիացնել, թե դեռ ոչնչի շուրջը համաձայնություն չի կայացել, իսկ ԼՂ կարգավիճակի հանրաքվեի առանցքային գաղափարն իջեցնել հանրային կարծիքի հարցման մակարդակի: Մինչդեռ հենց վերջերս Բաքվում պնդում էին, թե մնացել է պայմանավորվել 8-10 բաղադրիչներից միայն երկուսի շուրջը: Այդ մշտական անորոշությունը (պայմանավորվեցինք-չպայմանավորվեցինք, եւ կատարվո՞ւմ է արդյոք պայմանավորվածությունը) Բաքվի «պատանի» դիվանագիտության հին հիվանդությունն է:

Հիմա այնտեղ փնտրում են նոր պահանջներ, հավակնում հակամարտության ամբողջ գոտու ապառազմականացմանը, այսինքն` նաեւ Լեռնային Ղարաբաղի զինաթափմանը: Ավելի ու ավելի է բացահայտվում, որ Իլհամ Ալիեւը չի էլ ուզում համաձայնություն, այլ ժամանակ է ձգում ուժեղանալու հույսով, թեեւ պարբերաբար ահաբեկում է նրանով, որ ադրբեջանական կողմի համբերությունն անսահման չէ: Անտեսելով միջնորդների առաջարկությունները, Բաքուն դրանով իսկ, ի լրումն ադրբեջանցի տեղահանվածների (իսկ նրանց թիվն իբր միլիոնից ավելի է) տառապանքների, ԼՂ վեճի պատանդների նրանց վիճակը երկարաձգում է հայտնի չէ եւս քանի տարով: Եղել են նաեւ Իլհամ Ալիեւի համար արդեն ավանդական դարձած ուժային փոխվրեժի սպառնալիքները, թեեւ նա դրսից բազմաթիվ հասկանալի ազդանշաններ է ստացել նոր պատերազմի անընդունելիության, անթույլատրելիության վերաբերյալ:

Կողմերի վրա ներգործելու նպատակով միջնորդների վերցրած դադարը ոմանց դրդել է մասնակից դառնալ ղարաբաղյան գործերին: Ոչ անհայտ «Միջազգային ճգնաժամային խումբ» (ՄՃԽ) ոչ կառավարական կազմակերպությունը ցուցադրաբար խուճապահար եղավ եւ գրեթե հայտարարեց միջազգային նոր միջնորդի որոնում: Դրա ներկայացուցիչները, չբավարարվելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունում Ֆրանսիայի դերով, ջանում են ղարաբաղյան գործերի մեջ ներքաշել ամբողջ Եվրոպային: Աճապարանքով տարածաշրջան այցելեց Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Ակտիվացավ նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեռ Լելուշը:

Ղարաբաղում «միջնորդություն անելու» ցանկությունը ցուցադրում է ոչ միայն աշխարհաքաղաքական ախորժակներ, այլեւ ինչ-որ թեթեւամտություն: Նման վարժանքներ արել են զգալի թվով պետություններ եւ նշանավոր գործիչներ, որոնք հետո գլուխ են կոտրել, թե ինչպես պարզերես դուրս գան: Հակամարտության էության եւ ընթացքի թույլ իմացությունը քանիցս հուսախաբ են արել, օրինակ` այդ նույն ՄՃԽ-ին կամ ԵԽԽՎ զեկուցող լորդ Աթկինսոնին, որը բավարարվեց լոկ տարածաշրջանի 2005 թ. իրադրության «լուսանկարմամբ», թեեւ հակամարտության պատմության ամբողջ «տեսաշարքի» դիտումն անգամ անհրաժեշտ ամեն ինչ չէր տա դրա վերաբերյալ լուրջ դատողություններ անելու համար:

Բուշի վարչակազմին բնորոշ կովբոյական ոգով միջնորդական գործունեություն է սկսում ԱՄՆ-ի նոր համանախագահ Մեթյու Բրայզան: Այդ պաշտոնում նա ավարտում է առաջին ուղեւորությունը դեպի Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու, իր շատախոսությունը ենթարկելով պատեհախոսության նոր ստուգման:

Թերեւս հաշվի առնելով այդ ուղեւորության արդյունքները` երեք համանախագահները կուրվագծեն հետագա քայլերը: Կարող է անհրաժեշտ լինել նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների նոր հանդիպում:

Այս հակամարտության խաղաղ կարգավորումը ձեռնարկած ԵԱՀԿ ղեկավարությունը պետք է առավել հետեւողական եւ համառ ջանքեր գործադրի, առաջին հերթին հաստատակամորեն պաշտպանի լուծման խաղաղ ուղին, դիմակայի հաշտարար առաքելությանը ներհակ բոլոր երեւույթներին, այդ թվում ուժով սպառնալու ամեն տեսակ փորձերին, նամանավանդ` սեփական պարտավորություններն անտեսող պետությունների ղեկավարների կողմից:

Մարդու իրավունքների եւ ընտրական արարողակարգերի հարցերում անչափ բծախնդիր ԵԱՀԿ կառույցները զարմանալիորեն հանդուրժող են պաշտոնական անձանց ռազմաշունչ եւ ռեւանշիստական հայտարարությունների դեմ-հանդիման, հույլ եւ անտարբեր են սպառազինությունների մրցավազքի սանձազերծման, շփման գծի վրա կատարվող հրաձգության, համաձայնագրերի անտեսման նկատմամբ: Այնինչ հարեւան տարածաշրջանը` Մերձավոր Արեւելքը, ցույց է տալիս, որ ներկայումս նույնիսկ սահմանափակ պատերազմը հանգեցնում է մարդու իրավունքների, հումանիտար իրավունքի նորմերի կոպտագույն եւ զանգվածային խախտումների:

Միայն նոր պատերազմի կտրական բացառումն ուղի կհարթի համաձայնությունների եւ ղարաբաղյան կարգավորման իրական քայլերի համար:

«Վրեմյա նովոստեյ», 02.08.2006


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4