Հայաստանի գործարարների գերակշիռ մասի բիզնես մտածողությունը սահմանափակվում է այսքանով
Շուկայական տնտեսության շարժիչ ուժը գործարար խավն է: Գործարար միջավայրի բարելավումն էլ տվյալ երկրի զարգացման հիմնական պայմաններից է: Այս ճշմարտությունները կարծես թե ոչ ոք չի պատրաստվում վիճարկել: Սակայն դա նշանակո՞ւմ է, որ գործարարության զարգացումը պայմանավորված է միայն այդ հանգամանքներով:
Դատելով հայաստանյան գործարարների մեծամասնության մոտեցումներից, կարելի է ենթադրել, որ նրանք այս կապակցությամբ բոլորովին այլ, քան մնացած մյուսները, տեսակետ ունեն: Դրա էությունն այն է, որ հասարակության մնացած մասըՙ բյուջետային աշխատողներ, թոշակառուներ, մտավորականներ, ուսանողներ, բանվորներ, սպասարկման ոլորտի աշխատակիցներ եւ այլն, պարտական են գործարարներին եւ նրանց շահերը պետք է ստորադասվեն իրենց շահերին: Իսկ իրենք (վերստին նշենք, որ դա վերաբերում է ոչ բոլոր գործարարներին) ամենեւին էլ չեն մտածում, որ սեփական բիզնեսի զարգացման համար պետք է աշխատել, մտածել, փնտրել նոր լուծումներ եւ գաղափարներ:
Հայաստանում բիզնեսի կառավարման մակարդակի մասին մինչեւ վերջերս առանձնապես չէր խոսվում: Քանի դեռ հետխորհրդային շրջանի համընդհանուր փլուզումից հետո տնտեսությունը սկսում էր աշխուժանալ, որոշակի հաջողություններ էինք արձանագրում արտադրության տարբեր ճյուղերում, ստեղծվում էին նոր աշխատատեղեր, մի տեսակ աննկատ էր մնում այն հանգամանքը թե ինչի՞ շնորհիվ է դա տեղի ունենում եւ չէր քննարկվում այն հարցը, թե ի՞նչ կարելի է անել, որպեսզի ունենանք ավելի լավ արդյունք:
«Ազգն» անդրադարձել է վերոնշյալ հարցերին մի քանի անգամ: Մասնավորապես, որ Հայաստանի գործարարները, նաեւ մեր բոլորիսՙ սպառողների շնորհիվ կարողացան Հայաստանի ներքին շուկայից դուրս մղել ներմուծվող ապրանքը եւ այս կամ այն ճյուղում մնալով առանց մրցակցության, սկսեցին կամայական գներ թելադրել: Գների չհիմնավորված բարձրացմանը զուգահեռ, հայրենի գործարարները շարունակեցին գործել ստվերային դաշտում եւ խուսափել հարկեր վճարելուց, դաժանորեն շահագործել եւ խիստ ցածր աշխատավարձեր վճարել իրենց աշխատակիցներին: Մինչդեռ այս բոլորի փոխարեն ավելի բարձր շահութաբերություն ունենալու համար նույն գործարարները կարող էին դիմել այլ, իրենց արտադրողականությունը բարձրացնելուն, ծախսերը նվազեցնելուն, շուկան ընդլայնելուն ուղղված քայլերի: Որո՞նք են դրանք:
Գաղտնիք չէ, թե ովքեր են աշխատում մասնավոր ընկերությունների գերակշիռ մասում: Տվյալ ընկերության սեփականատիրոջ ազգականները, ընկերներն ու այս վերջիններիս ազգականներն ու ընկերները: Հայաստանի գործարարների մեջ չկա այն ընկալումը, որ տնօրենը պետք է լինի ոչ թե իր ընկերը կամ աներորդին, այլ մասնագետ մենեջերը, որը պետք է կազմի ընկերության կառավարման օպտիմալ սխեման, ցույց տա թե որտեղ կարելի է եւ պետք է նվազեցնել ծախսերը, որտեղ կատարել ներդրումներ բարձրացնելու համար ընկերության արտադրողականությունն ու շահութաբերությունը:
Հայ գործարարների զգալի մասը չունի կամ ավելի շուտ չի ցանկանում ունենալ մարկետինգի, գովազդի բաժիններ կամ գոնե պատասխանատուներ, երբեմն, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի հավաստմամբ, նույնիսկ իրավաբաններ: Ժամանակակից աշխարհում, երբ շուկաներ գրավելու, դրանք պահպանելու եւ ընդլայնելու դաժան պայքար է ընթանում, հայաստանյան գործարարները չեն ցանկանում ծախսեր կատարել շուկաների ուսումնասիրման վրա, գումարներ տրամադրել արտերկրում, շատ հաճախ նաեւ երկրի ներսում գովազդ պատվիրելու համար: Փոխարենը նրանք դժգոհում են դոլարի փոխարժեքի անկումից, այս կամ այն ճանապարհը փակվելուց, միջազգային շուկայում այս կամ այն ապրանքի գների տատանումից եւ բազմաթիվ այլ բաներից: Կամ ստացած շահույթը ոչ թե կրկին ներդնում են շրջանառության մեջ, այլ գնում են նոր ջիպ կամ կառուցում նոր առանձնատուն: Անշուշտ, դա նրանց իրավունքն է, բայց ոչ մյուս բոլորի հաշվինՙ փոխարժեք ամրագրելու կամ հարկերից ազատվելու միջոցով, ինչը պարբերաբար պահանջում են իշխանություններից մեր գործարարները եւ ինչից կտուժեն բնակչության մնացած բոլոր խավերը:
Հայաստանի գործարարների սպառողական հոգեբանության, ոչ ճկուն գործելակերպի եւ ագահության հետեւանքները արդեն զգացնել են տալիս գրեթե բոլոր ոլորտներում: Օրինակՙ զբոսաշրջության ոլորտում Հայաստանի հանգստավայրերը սկսել են պարտվել Աջարիայի նոր զարգացում ապրող հանգստավայրերին: Եվ պատճառն ամենեւին էլ ծովում հանգստանալու գործոնը չէ, այլ մեր հանգստավայրերի բարձր գները, սպասարկման ցածր որակը, ժամանցի անցկացման ծառայությունների գրեթե լիակատար բացակայությունը: Բարձր գների, նոր գաղափարների բացակայության, տեսականու պարբերաբար չթարմացնելու պատճառով մեր արտադրողներին սկսել են լրջորեն մրցակցել ներմուծվող սննդամթերքի մի շարք տեսակներ: Չխոսելով այն մասին, որ թեթեւ արդյունաբերական հայրենական ապրանքները վերոնշյալ հանգամանքների պատճառով ընդհանրապես չեն կարողանում քիչ թե շատ կայուն տեղ զբաղեցնել գոնե ներքին շուկայում:
Ո՞րն է նման վիճակի պատճառը: Հայաստանի գործարարների մեծ մասն այս ոլորտում հայտնվել է դեռ խորհրդային տարիներից զբաղեցրած որոշակի պաշտոնական դիրքի կամ ճարպկությամբ «օբյեկտ» ձեռք բերելու շնորհիվ: Այդպիսով, նրանք առանց լուրջ գումարներ ներդնելու ձեռք են բերել վերոնշյալ օբյեկտները եւ ձեռնարկությունները եւ չունեն բիզնես վարելու փորձ ու ավանդույթներ: Այդ գործարարները մտածում են միայն թե ինչպես հարկեր չվճարեն, աշխատակիցներին աշխատացնեն, բայց աշխատավարձ չվճարեն կամ քիչ ու ուշացումով վճարեն, իրենց եկամուտները չներդնեն նոր սարքավորումներ գնելու, գովազդ պատվիրելու, մարկետինգ իրականացնելու կամ բարձրորակ մասնագետ վարձելու համար, բայց այդ ամենի հետ միաժամանակ իրենց բիզնեսը շարունակեն եւ ստանան մեծ եկամուտներ: Այս պարագայում, դժբախտաբար, ոչինչ հնարավոր չէ փոխել խորհրդատվություն մատուցելով: Միայն շուկայական մրցակցությունը ներքին եւ արտաքին շուկաներում կստիպի նրանց գնալ համապատասխան քայլերի եւ մոտեցումների փոփոխության: Հակառակ դեպքում, վաղ թե ուշ նրանց շուկայից դուրս կմղեն այն ընկերությունները, որոնք սկսել են կամ մտածում են ավելի ճկուն գործելու, կառավարման մակարդակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ