Խոստովանում է ՀԸՀ պատասխանատու քարտուղարը
«Բանավոր քննությունների չափորոշիչները, ինչ խոսք, չես կարող բերել եւ գրավորի նման նույն հարթակի վրա դնել: Բանավոր քննություններում սուբյեկտիվ պահ կա», երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց բուհական ընդունելության քննությունների հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) պատասխանատու քարտուղար Սասուն Մելիքյանը: Բանավոր քննությունների ժամանակ դրսեւորվող երբեմն հեղհեղուկ վերաբերմունքը վերացնելու ելքը պատասխանատու քարտուղարը տեսնում է բանավոր քննությունները ժամանակակից տեստային տարբերակով անցկացնելու մեջ:
Հուլիսի 20-ին մեկնարկած ընդունելության քննությունների ավարտից 8 օր առաջ, երեկ հանրապետական ընդունող հանձնաժողովը գնահատում էր քննությունների ընթացքը: Սասուն Մելիքյանի վստահեցմամբ, քննությունների այս 20 օրերն ընթացել են կազմակերպված եւ բնական հունով, որեւէ արտառոց դեպք չի գրանցվել: Պատասխանատու քարտուղարի խոսքով, քննության պահին առողջության վատթարացման պատճառով քննությունը չշարունակելու 43 դեպք է գրանցվել, իսկ բժշկի տեղեկանքով հետաձգված քննությունների դեպքերը եղել են 650-ը: Քննաթերթիկները կորցրել են 43 դիմորդներ, որոնց տրվել են նորերը: Արձանագրվել է քննություններից ուշանալու 56 դեպք: Նախորդ տարվա համեմատ այս տարի քիչ են եղել կրկնակի բողոքարկման դեպքերը: Մելիքյանի ներկայացմամբ, այս ընթացքում իրենք ստացել են կրկնակի բողոքարկման 95 դիմում, որոնցից 75-ի գնահատականը մնացել է անփոփոխ, 4 դեպքում իջեցվել է, իսկ 16 դեպքում 0-1 միավորի բարձրացում է եղել: Մելիքյանը սակավ գանգատարկումների երեւույթը մեկնաբանում է, որ գնահատման չափանիշներն այս տարի ավելի հստակ են: Մելիքյանն անդրադարձավ նաեւ ծածկագրերից օգտվելու դեպքերին, որոնք մի քանիսն են եղել: «Ծածկագրերի հայտնաբերման դեպքում քննությունն ընդհատվել է բացասական ելքով, այսինքն` դիմորդը «կտրվել է» եւ դուրս մնացել պայքարը շարունակելու հնարավորությունից», ասաց պատասխանատու քարտուղարը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի ներկայացմամբ, այս ընթացքում քննություններին մասնակցել է 23 հազար 509 դիմորդ` նախատեսված 25 հազար 625-ի փոխարեն: Բացակայությունները կազմել են 8 տոկոս: Թոփչյանի խոսքերով, բացակայում են հիմնականում գյուղերի երեխաները, ինչպես նաեւ նրանք, ովքեր թույլ են պատրաստվել քննություններին եւ կարծում են, թե մի երկու օրը կօգնի իրենց: Հայտնի է սակայն, որ սա բացակայությունների միակ պատճառը չէ: 18-20 բարձր միավորները, ինչպես «Ազգը» գրել էր, շարունակում են գրանցվել տեստային տարբերակով անցկացվող հայոց լեզվի եւ անգլերենի գրավոր քննություններից: Ցածր արդյունքները հիմնականում գրանցվում են ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ռուսաց լեզվի, հայ ժողովրդի պատմություն առարկաներից:
Հաշվիչ կենտրոնի տնօրենը նշեց, որ այս տարի դիմորդների հետաքրքրությունն ավելի շատ դեպի հասարակական գիտություններն է, իսկ բնագիտական թեւում դիմումները նվազում են: Ինչ վերաբերում է արվեստի բուհերում ընթացող քննություններին, ապա, Մելիքյանի խոսքով, դրանք լոկալ բնույթ ունեն, եւ ՀԸՀ-ն դեռ չի ամփոփել հիշյալ բուհերում անցկացվող քննությունների արդյունքները: Պատասխանատու քարտուղար Մելիքյանն անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ որեւէ առարկայից 8-ից ցածր ստանալու դեպքում դիմորդները շարունակում են մասնակցել քննություններին` ակնկալելով հետագայում ընդունվել եւ սովորել հեռակա ուսուցման համակարգում: Դրա համար նրանք հետագայում պետք է քննություն հանձնեն միայն այն առարկայից, որից «կտրվել էին» ընդունելության քննությունների ժամանակ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ