Կրթական օպտիմալացումը այնպիսի անակնկալներ է մատուցում Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի դպրոցականներին եւ ծնողներին, որ նրանք այն ողբերգություն են անվանում: Ըստ օպտիմալացման փաստացի կիրառվող տարբերակի, Գեղաշենի միջնակարգ դպրոցը կարող է դառնալ 8-ամյա, քանի որ 10-ամյա համարվում է ավելորդ ծախսատարություն: «Հիմա, ճիշտ է, դժվարություններով, բայց մենք մեր 40 հոգանոց կոլեկտիվով դպրոցը պահում ենք: Ունենք շատ լավ կոլեկտիվ ու տնօրեն եւ 600-ից ավելի աշակերտ», ասում է Գեղաշենի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին:
Ըստ վատ կանխատեսումների (իսկ դրանք միշտ իրականանալու վատ սովորություն ունեն), գեղաշենցի 9-րդ եւ 10-րդ դասարանցիներն առաջիկա տարում ուսուցումը կշարունակեն Արամուս գյուղի դպրոցում: «Արամուսում մեր աշակերտներին կենտրոնացնելը վտանգավոր է, քանի որ նույնիսկ շատ խելացի երեխաները կարող են զրկվել միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից», ասում է Ա. Խաչատրյանը: «Կարծում եք հե՞շտ է գործազուրկ ծնողի համար երեխային ամեն օր ճանապարհածախսի գումարով ապահովելը, ինչ է, թե նա գնում է կողքի գյուղի դպրոցը», իրենց հերթին դառնացած հարցնում են գեղաշենցիները, որոնք բողոքում են նաեւ իերնց գյուղի անջրդիությունից, գործազրկությունից ու տառապանքով ձեռք բերվող ապրուստից:
Գեղաշենի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին ցավով կանխատեսում է, որ հատկապես աշակերտուհիները կմնան թերի ուսուցման դիպլոմով, քանի որ ծնողները նրանց կարգելեն հատկապես ձմռանը հաղթահարել Արամուսի դպրոցի 6-7 կմ հեռավորության ճանապարհը, թեկուզ տրանսպորտային միջոցներով: «Սակայն չլինի՞ կարծեք, թե գեղաշենցին իր երեխայի ուսման համար չի մտածում: Ուսումնասեր է գեղաշենցին այն աստիճան, որ իրեն ամեն ճոխությունից կզրկի, կովն ու վերջին ունեցվածքը կվաճառի, միայն թե երեխային բուհում սովորելու հնարավորություն ստեղծի: Պարզապես այս վայ օպտիմալացումը նրան կզրկի իր ամենանվիրական երազներիցՙ երեխային բարձրագույն ուսմամբ ապահոված տեսնելու հեռանկարից: Այն գյուղը, որ կարող էր տարեկան բուհի շուրջ 10 ուսանող ունենալ, այլեւս զրկված կլինի նման ուսանողներով հպարտանալու հնարավորությունից: Սակայն չէ՞ որ մենք սերունդ ենք դաստիարակում: Ուսումն առած մայրն ու թերի ուսուցում ունեցողը մի՞թե նույն մակարդակով կդաստիարակեն ու կկրթեն իրենց երեխաներին», իրավամբ հարցնում է մտահոգ ուսուցչուհին եւ խնդրում բոլորին` փրկեք մեր գյուղի սերունդը թերի ուսուցման տխուր հեռանկարից:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Գեղաշեն-Երեւան