Նրանց նպատակը հակալիբանանյան պատերազմի տարածումն է տարածաշրջանում
Հուլիսի 12-ին Իսրայելը «Հզբոլլահին» ոչնչացնելու պատրվակով սկսեց Լիբանանի ռմբակոծությունը: Հուլիսի 19-ին իսրայելական բանակի հատուկ ջոկատայինները, ներխուժելով Հարավային Լիբանան, ցամաքային գործողությունների անցան «Հզբոլլահի» դեմ: Իսրայելի ռմբակոծություններով եւ ցամաքային գործողություններով Լիբանանը ներքաշվեց չհայտարարված պատերազմի մեջ:
Հակալիբանանյան պատերազմը հետզհետե թեժ բնույթ է ստանում: Թեեւ «Հզբոլլահը» հակահարված է տալիս Իսրայելին, պատճառելով նոր կորուստներ նրա «անպարտելի» բանակին, սակայն դա երկիրը չի փրկում ավերածություններից, ոչ էլ լիբանանցիներն են փրկվում ամենօրյա սպանություններից:
Զոհերի թիվը Լիբանանում օրըստօրե աճում է, իսկ «Հզբոլլահը» շարունակում է ոչնչացնել իսրայելցի զինծառայողներին: Ակտիվանում են նաեւ լիբանանյան ճգնաժամի հաղթահարման միջազգային ջանքերը: Սակայն դրանք ոչ մի կերպ չեն հանգեցնում զինադադարի հաստատմանը, այլ խրախուսում են Իսրայելի ագրեսիան:
Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ հուլիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում քննարկելով Լիբանանի հարցը, «Մեծ ութնյակի» ղեկավարներն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի գլխավորությամբ արտահայտվեցին Իսրայելի «ինքնապաշտպանական իրավունքի» օգտին: Հուլիսի 26-ին Հռոմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի, արեւմտյան եւ տարածաշրջանի 15 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ հրավիրված միջազգային կոնֆերանսը, տեղի տալով պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի պահանջներին, չկարողացավ Լիբանանում անհապաղ զինադադար հաստատելու որոշում ընդունել:
Օգոստոսի 3-ին Մալայզիայի մայրաքաղաքում գումարված «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության արտակարգ գագաթաժողովը փոխանակ իսրայելական ագրեսիան դատապարտելու, նախընտրեց Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա դադարեցնելու կոչ անել ՄԱԿ-ին:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա նրա Անվտանգության խորհուրդը անընդմեջ քննարկում է «ԱՄՆ-Ֆրանսիա խաղաղության» նախագիծը: Քանի որ դա նպատակամղված է ոչ թե Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերմանը, այլ Իսրայելի վրա «Հզբոլլահի» հարձակումների միակողմանի դադարեցմանը, ուստի Լիբանանը մերժում է նախագիծը: Նրա հետ մերժում են նաեւ Իրանը, Սիրիան եւ իսլամական որոշ երկրներ: Մերժման առումով վերջիններիս են միանում ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներ Ռուսաստանը եւ Չինաստանը: Թեեւ դա կանխում է նախագծի քվեարկությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում, այսպիսով կանխվում են նաեւ Լիբանանի նկատմամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի այդ նախագծով պայմանավորված նկրտումները, սակայն իրերի դրությունը Լիբանանում ամենեւին չի փոխվում:
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան դեմ են Լիբանանում իսրայելական ագրեսիայի դադարեցմանը, իսկ Իսրայելըՙ զինադադարի հաստատմանը: Թերեւս դա է պատճառը, որ լիբանանյան ճգնաժամի հաղթահարումը անհապաղ զինադադար է պահանջում, իսկ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամները «ԱՄՆ-Ֆրանսիա խաղաղության» նախագծի ապարդյուն քննարկումներից հետո համաձայնության են գալիս «մերձավորարեւելյան կարգավորման» բանաձեւը քվեարկության դնելու հարցում:
Այլ կերպ ԱՄՆ-Ֆրանսիա խաղաղության» նախագծին գալիս է փոխարինելու «մերձավորարեւելյան կարգավորման» բանաձեւը: Սա նշանակում է, որ միջազգային ուժերը տրամադրված են ոչ թե դադարեցնելու Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, այլ հակալիբանանյան պատերազմը տարածելու տարածաշրջանում:
Ահա թե ինչու օգոստոսի 4-ին, երբ «Հզբոլլահի» առաջնորդ շեյխ Հասան Նասրալլահը սպառնաց հրթիռակոծել Թել Ավիվը, նրան ի պատասխան ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դեն Գիլերմանը հայտարարեց. «Դա պատերազմի պատճառ կհամարվի, որովհետեւ «Հզբոլլահն», առանց Թեհրանի կարգադրության, չի կարող այդպիսի քայլի դիմել»:
Գիլերմանը ակնարկում էր, որ Թել Ավիվի հրթիռակոծման դեպքում Իսրայելը կռմբակոծի Թեհրանը: Նրան էլ օգոստոսի 7-ին պատասխանեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Յահյա Ռահիմը, թե Իրանը վճռական է հարձակման համար հուժկու հակահարված տալու ԱՄՆ-ին եւ Իսրայելին: Նրան արձագանքեց Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմը: Նա օգոստոսի 7-ին մեկնելով Բեյրութՙ մասնակցելու համար Արաբական լիգայի արտգործնախարարների խորհրդաժողովին, հայտարարեց, որ «ողջունում» է տարածաշրջանային պատերազմը, Սիրիան պատրաստ է դրան, եթե դա պարտադրվի:
«Ազգը» դեռեւս հուլիսի 19-ի համարում կարծիք էր հայտնել, որ տարածաշրջանին սպառնում է «Մեծ մերձավորարեւելյան պատերազմը» եւ Իսրայելի ագրեսիան Պաղեստինում ու Լիբանանում համարել էր դրա արձագանքները: Փոխհակազդեցության բնույթի վերոհիշյալ հայտարարություններն ու քաղաքական զարգացումները Լիբանանում ոչ միայն հաստատում են մեր կարծիքը, այլեւ տարածաշրջանային հավանական պատերազմի ահազանգ են: Համենայնդեպս, դրա նախադրյալները ստեղծվում են:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ