Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսի հետկանչման եւ նոր դեսպանի նշանակման պատմությունը դեռ հստակորեն չի որոշակիացրել, թե երբ նոր դեսպանի թեկնածու Ռիչարդ Հոգլանդը կժամանի Հայաստան: Այս համատեքստում հետաքրքրական է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի օրենսդրական հարցերով տեղակալ Ջեֆրի Բերգների 28 հունիսի թվագրված նամակի համաձայն, հենց այդ ժամանակահատվածում դեսպան Էվանսը հրաժարական է ներկայացրել: Պետքարտուղարի օրենսդրական հարցերով տեղակալի հավաստիացմամբ, պնդումները, թե ԱՄՆ-ը հեռացնում է Էվանսին Թուրքիայի կառավարության ճնշման տակ, պարզապես ճիշտ չեն:
Մինչդեռ օգոստոսի 1-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշեց հետաձգել Ռիչարդ Հոգլանդի նշանակումը Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի պաշտոնում: Ներկայումս իր պաշտոնավարումը Հայաստանում շարունակող դեսպան Ջոն Էվանսին փոխարինողի հաստատումը որպես դեսպան հետաձգվեց նշված հանձնաժողովի անդամ Ջոզեֆ Բայդենի եւ սենատոր Ջոն Քերիի արտահայտած մտահոգություններից հետո: Ամեն դեպքում, հարցը միայն հետաձգվել է եւ կքննարկվի սեպտեմբերին:
Եթե հավատալու լինենք ԱՄՆ պետքարտուղարության տեղեկությանը, որ տարածել է Ամերիկայի հայկական համագումարը, Ջոն Էվանսն իսկապես ներկայացրել է հրաժարական, սակայն դեռեւս հարցական է մնում հրաժարական ներկայացնելու շարժառիթը: Ավելին, ինչու հատկապես այդ ժամանակ է նման որոշում կայացրել Հայաստանում մինչ օրս էլ Միացյալ Նահանգների դեսպան Էվանսը: Թերեւս հնարավոր չէ ժխտել, որ, անկախ ինքնակամ կամ հարկադիր լինելուց, Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում դադարեցնելու տեղեկությունների հավաստիությունն անմիջականորեն կապված է ինչպես Էվանսի «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է» արտահայտության, այնպես էլ Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերության հետ:
Ա. Հ.