Արդեն շուրջ մեկ ամիս է ինչ Լիբանանում եւ Իսրայելում ռազմական գործողություններ են սանձազերծվել: Այդ ընթացքում 7 չվերթով Լիբանանից Հայաստան է ժամանել 800 մարդՙ 300-ը ՀՀ, մյուսները Լիբանանի քաղաքացի են: Շաբաթական երկու անգամ իրականացվող չվերթերը, սակայն, ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ նվազել է Հայաստան գալ ցանկացողների թիվը: Չվերթերի վերականգնումը չի բացառել Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանըՙ «Ազատության» հետ զրույցում փաստելով շուրջ 100 մարդու Հայաստան տեղափոխվելու ցանկությունը: Իսկ Լիբանանում հայ համայնքը մոտ 120 հազար է, որի մեծամասնությունը հենց Բեյրությում է բնակվում: Փաստորեն լիբանանահայության մեծ մասը դեռեւս չի լքել երկիրը: Ինչպես տեղեկացնում է Բեյրութի «Ազդակ» թերթը, հայության շրջանում, բարեբախտաբար, զոհեր չկան չնայած պայթյուններն այնքան էլ հեռու չեն հայաբնակ թաղամասերից: Նույն աղբյուրի տեղեկացմամբ, Լիբանանում գործող հայկական կազմակերպությունները բազմակողմանի օգնություն են ցուցաբերում անհրաժեշտության դեպքում:
Ն. Պ.