«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2006-08-09 | #150, 2006-08-10 | #151, 2006-08-11


ՍԵՎՐՅԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ

1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սեւրի պայմանագրով որոշվել էր Թուրքիայից Հայաստանին վերադարձնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգների կամ ամբողջ տարածքը, կամ դրանց մի մասըՙ այնքան, որքան կսահմաներ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը: Այդ տարածքները Հայաստանի Հանրապետությանը միացնելուց հետո Միացյալ Հայաստանն ունենալու էր ավելի քան 162 հազ. քառ կմ: Սեւրի պայմանագիրը, որ այդպես էլ մնաց թղթի վրա, այնուամենայնիվ հայ պատմաբանները համարում են դիվանագիտական հաջողություն, իսկ մի շարք միություններ եւ կազմակերպություններ գտնում են, որ 15 տարվա անկախություն ունեցող Հայաստանը մինչեւ այսօր ղեկավարության մեղքով տեր չի կանգնում այդ պայմանագրի պատմական նշանակությանը, եւ երեկ, գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպել էին Սեւրի պայմանագրի տարեդարձին նվիրված համաժողով: Կազմակերպիչների թվում էին «Վան-Վասպուրական», «Էրզրում-Կարին», Համշենահայերի, «Ադանա», «Սեբաստիա», «Նախիջեւան» հայրենակցական միությունները, ճարտարապետների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների, գրողների (նաեւ` «Հայ գրողների») միությունները, Մտավորականների խորհրդի ավագանին, Մշակույթի հայկական հիմնադրամը: «Եթե մենք ազգային պետություն լինեինք, այս ժողովը պիտի հրավիրեր եւ անցկացներ Հայաստանի նախագահը», իր խոսքում նշեց համաժողովը վարողներից պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը: Ըստ նրա` հայ ժողովուրդն անհերքելի եւ անժխտելի իրավական եւ բարոյական հիմքեր ունի մեզանից բռնագրաված տարածքների վերատիրացումը համարելու իր ազգային ծրագիրն ու պարտականությունը:

Նա առաջարկեց օգոստոսի 10 հայտարարել հայոց հայրենատիրության համազգային օր` դա ամրագրելով համաժողովի ավարտին ընդունված հորդորակով, որտեղ վերստին ձեւակերպվեց, որ աշխարհի 10-ից ավելի տերությունների ստորագրությամբ հաստատված Սեւրի պայմանագիրը համահայկական պահանջագիր է Թուրքիայից: Բա:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4