«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2006-08-09 | #150, 2006-08-10 | #151, 2006-08-11


ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2006 թ. օգոստոս

2006 թ. հուլիսի 31-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը, խորհրդի անդամներ Ա. Սարիբեկյանը, Վ. Մովսիսյանը, Ա. Նորեկյանը, Վ. Գաբրիելյանը:

ԿԲ խորհրդի կողմից օգոստոս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշման կայացմանը նախորդեց մինչ հուլիսն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակի, գնաճի, տնտեսության արտաքին, իրական, հարկաբյուջետային եւ դրամավարկային հատվածների ցուցանիշների, ինչպես նաեւ ապագա ժամանակահատվածի ռիսկերի ներկայացումը:

Գնաճ

2006 թ. հուլիսին 12-ամսյա գնաճն, ըստ ԱՎԾ վերջնական տվյալների, կազմել է 6.8%: Գնաճը ձեւավորել են պարենային ապրանքների 7.6%, ոչ պարենային ապրանքների գների 5.2% եւ ծառայությունների սակագների 5.2% աճերը: 2005 թ. դեկտեմբերի նկատմամբ հունիսին գնաճը կազմել է 3.6%, իսկ վերը թվարկված ապրանքախմբերի գնաճերըՙ համապատասխանաբարՙ 3.9%, 2.2% եւ 4%:

2006 թ. երրորդ եռամսյակի ավարտին 12-ամսյա գնաճը, ըստ ԿԲ ճշգրտված կանխատեսումների կգերազանցի նպատակային առավելագույնը 3%:

Արտաքին միջավայր

Հուլիսի վերջի դրությամբ արտաքին հատվածից եկող ճնշումները գնաճի վրա հիմնականում արտահայտվեցին նավթի միջազգային գների, հումքային ապրանքների գների շարունակվող աճով` պայմանավորված աշխարհաքաղաքական խնդիրներով: Ինչ վերաբերում է եվրո/ԱՄն դոլար փոխարժեքի վարքագծին, ապա վերջինս գրեթե չի շեղվել ակնկալվող մակարդակից, եւ հուլիսին եվրոյի արժեւորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 5.3% նախորդ տարվա հուլիսի համեմատ:

Իրական հատված

Տարվա երկրորդ եռամսյակում գրանցված տնտեսական աճը, գերազանցելով կանխատեսված ցուցանիշը, կազմել է 14.1%, ինչն իրատեսական է դարձնում տարվա արդյունքում երկնիշ ցուցանիշի արձանագրումը: Ընդ որում, կանխատեսված իրական աճի գերազանցում է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում:

Մասնավորապես, բավականին բարձր աճի տեմպ է արձանագրվել շինարարությանՙ 38.1% եւ ծառայություններիՙ 11.0% ոլորտներում: Վերջինս պայմանավորված է եղել ինչպես բնակչության եկամուտների աճի հետեւանքով ներքին պահանջարկի աճով, այնպես էլ զբոսաշրջության ավելացմամբ:

Կանխատեսվածից ավելի բարձր աճ է գրանցվել գյուղատնտեսության ոլորտումՙ 8.5%ՙ ինչը հիմնականում պայմանավորված է միջինից տաք եղանակի շնորհիվ ավելի վաղ վեգետացիոն շրջանի հետեւանքով բուսաբուծության իրական ծավալների աճով:

Արդյունաբերության ճյուղում տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 1.1% աճ, որը ավելի ցածր էր սպասվածից: Ոսկերչական ապրանքատեսակների արտադրության շարունակվող անկման պարագայում նշված շեղումը հիմնականում պայմանավորվել է գունավոր մետաղագործության աճի տեմպի որոշակի դանդաղեցմամբ, ինչպես նաեւ քիմիական արդյունաբերության եւ էլեկտրաէներգիայի արտադրության ենթաճյուղերում շարունակվող անկմամբ:

Երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ արձանագրվել է իրական արտահանման նվազում եւ ներմուծման ցածր աճՙ համապատասխանաբար 5.7% նվազում եւ 0.9% աճ: Ընդ որում, արտահանման նման վարքագիծը պայմանավորված է արդյունաբերության ճյուղում գրանցված ցածր աճով, ինչպես նաեւ ադամանդագործության ճյուղում հումքի ներկրման եւ վերամշակված ապրանքի արտահանման ծավալների նվազմամբ:

Հարկաբյուջետային հատված

2006 թ. երկրորդ եռամսյակում հարկաբյուջետային հատվածը գնաճի վրա ունեցել է ավելի քիչ ընլայնողական ազդեցություն, քան սպասվում էր: Երրորդ եռամսյակում, այդ ազդեցությունը կարող է լինել փոքր ընդլայնողՙ նախկինում կանխատեսված չեզոքի դիմաց:

Փող եւ վարկ

2006 թ. երկրորդ եռամսյակի ավարտին ձեւավորված դրամավարկային ցուցանիշները մոտ են եղել կանխատեսումներին: Այնուհանդերձ, որոշ ցուցանիշների գծով արձանագրվել են սպասվածից ցածր աճի տեմպեր: Մասնավորապես, ավելի դանդաղ տեմպեր են արձանագրել ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդների աճերը: Տնտեսության փողայնացման փաստացի աճը ցածր է եղելՙ պայմանավորվածՙ տնտեսական աճի տեմպերի արագացմամբ: Եռամսյակի դրամավարկային վիճակագրությունը հետեւյալն է. փողի զանգվածը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ ավելացել է 26.2%-ով, դրամային զանգվածըՙ 40.6%-ովՙ փողի բազանՙ 38.9%-ով: Երկրորդ եռամսյակում շարունակվել է վարկավորման աճը, ի հաշիվ առեւտրային բանկերի ավելցուկային միջոցների, ինչպես նաեւ արտաքին ակտիվների նվազման:

Արձանագրվեց

Խորհուրդը գնահատում է, որ տնտեսության զարգացման միտումների շարունակման պարագայում լիովին իրատեսական է երկնիշ տնտեսական աճի արձանագրումը, սակայն գնաճի նպատակային ցուցանիշին հասնելու գործընթացում ռիսկերը պահպանվում են եւ դրանց դրսեւորումը դառնում է ավելի հավանական:

Դեռեւս առկա են հումքային ապրանքների` մասնավորապես նավթամթերքների եւ մետաղների միջազգային գների սպասվածից բարձր աճի ռիսկեր, որոնք հիմնականում պայմանավորված են ԱՄՆ դոլարի հնարավոր արժեզրկմամբ եւ աշխարհաքաղաքական իրադրության սրմամբ: Հավանական է նաեւ ՀՀ ներմուծվող հացահատիկի գների աճՙ կապված Ռուսաստանում եւ Ուկրաինայում բերքի սպասվող նվազման հետ:

Բացի արտաքին միջավայրի ռիսկերից, գնաճի նպատակային ցուցանիշի գերազանցման ռիսկեր կարող է առաջացնել նախատեսվածից բարձր աճ արձանագրած շինարարության եւ ծառայությունների ոլորտներին բնորոշ եկամուտների առավել հավասարաչափ ավելացումը:

ԿԲ խորհուրդը կարեւորում է այն հանգամանքը, որ մինչեւ տարեվերջ սպասվող բյուջետային մեծածավալ ծախսերը գնաճի վրա ունենալու են բարձրացման ուղղությամբ լագային ազդեցություն, ինչը կդրսեւորվի արդեն 2007 թ-ի առաջին կեսին: Վերջինս, զուգակցվելով վերը նշված գործոններինՙ կհանգեցնի գնաճային զգալի ճնշումների:

ԿԲ խորհուրդը հայտարարում է, որ առաջիկա 12-ամսյա ժամանակահատվածի համար վերոնշյալ գործոնները գնաճի տարեկան առավելագույնը 3% նպատակային ցուցանիշի գերազանցման էական ռիսկեր են: Բարձր գնաճային միջավայրի ձեւավորմանը նպաստում է նաեւ 2006 թ. հուլիսի 1-ից ջրի մատակարարման եւ ջրահեռացման սակագների ավելացումը:

Որոշվեց

Բարձրացնել ռեպո տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետովՙ սահմանելով այն 4.25%: Տնտեսության զարգացման ներկա հեռանկարների պահպանման եւ նշված ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում առաջիկա ամիսներին տոկոսադրույքների կրկին ճշգրտման իրականացումը:

ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4