«Օրգանական գյուղատնտեսության օրեր Ռումինիայում եւ Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում երեկ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Ռումինիայի, Հունգարիայի, Բուլղարիայի եւ Մոլդովայի գյուղատնտեսության բնագավառի փորձագետների ու մասնագետների մասնակցությամբ: Մի քանի օր անցկացվող հանդիպման նպատակը օրգանական գյուղատնտեսության զարգացման, ֆերմերների ու փորձագետների աջակցության խնդիրը քննարկելն է:
Օրգանական գյուղատնտեսությունը վարման համակարգ է, որի ժամանակ բույսերի, բերքի մեջ քիմիական նյութերի օգտագործումը բացառվում է: Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Նունե Սարուխանյանի խոսքերով, Հայաստանի համար այս նոր գաղափարի իրականացման համար արդեն մշակվել է նախագիծ, որը քննարկվում է շահագրգիռ կազմակերպությունների հետ: Հետո նախատեսվում է նախագիծը ներկայացնել կառավարությանը, որն, ի դեպ, 2004 թ.-ից օրենքի նախագիծն է մշակում, ապա եւ` Ազգային ժողովին: Օրգանական մթերք ստանալու գաղափարն այնքան էլ նոր չէ, եւ ոլորտում աշխատում են որոշ ընկերություններ, ինչպիսին է, օրինակ, «Էկոգլոբը»: ՀԿ-ի նախագահը հույս հայտնեց, որ կառավարությունը կաջակցի ֆերմերներին որոշ չափով ազատելով նրանց հարկային պարտավորություններից, որպեսզի նրանք խրախուսվեն:
Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանի համոզմամբ, օրգանական գյուղատնտեսության զարգացումը մեր երկրում ոչ թե զուտ ցանկություն է, այլ իրատեսական հիմքեր ունի, որոնցից են բնակլիմայական, բնատնտեսական հնարավորությունները, մասնագիտական եւ գիտական մեծ ներուժը, ինչպես նաեւ մեր ֆերմերների աշխատասիրությունը: Վարչության պետի խոսքով, իրավական դաշտի հստակեցումը եւս կնպաստի ոլորտի զարգացմանը:
Հանդիպմանը մասնակից երկրների մասնագետներից մեր նախարարության աշխատակիցները հույս ունեն արդյունավետ խորհրդատվություն ստանալ` համոզված լինելով, որ վերը նշված երկրներն իրենց փորձով եւ ոլորտում անցած ճանապարհով շատ չեն տարբերվում Հայաստանից: Օրինակ, Ռումինիան օրգանական գյուղատնտեսության ոլորտում, աշխատելով 1500 ֆերմերների հետ, անգամ կարողանում է իր արտադրանքի մի որոշ մասն արտահանել: «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը համոզված է, որ օրգանական գյուղատնտեսության արտադրանքով մենք կարող ենք մտնել եվրոպական շուկա: ՀԿ-ի նախագահը եվրոպական շուկայում հայկական փոքրիկ շուկա ստեղծելու համար հատկապես ընդգծում է որոշ դեղաբույսերի տեսակները, մեր երկրում աճող հատապտուղները եւ մյուս մրգերը: Իհարկե, էկոլոգիապես աղտոտված մեր երկրում էկոլոգիապես մաքուր, առանց քիմիկատների եւ հանքային նյութերի արտադրանք ստանալը բավական բարդ է: Այդ պատճառով էլ մասնագետները սկզբի համար ընտրել են հնարավորինս «մաքուր» մարզեր` Տավուշ, Լոռի, Սյունիք: «Ե՞րբ կարող ենք մեր երկրում օրգանական մթերք ստանալ» հարցին Նունե Սարուխանյանը պատասխանեց, որ օրգանական մթերք ստանալու համար պետք է մինչեւ երեք տարվա անցումային փուլ անցնել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ