«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2006-08-09 | #150, 2006-08-10 | #151, 2006-08-11


ՋԻԼԸ ԿՈՄԲԱՅՆ ՈՒՆԻ

Գյուղի առափնյա հատվածը հանգստյան գոտի է դառնում, բայց ջիլեցիների՛ն ինչ

Ջիլը Գեղարքունիքի մարզում է, Սեւանի արեւելյան ափին, Ճամբարակի տարածքի Արտանիշ եւ Վարդենիսի տարածքի Ծափաթաղ գյուղերի միջեւ: Տեղահանվածներով բնակեցված գյուղ է, սահմանամերձ. Ջիլի համայնքի ղեկավարի տեղակալ Խորեն Ծատուրյանն այն տարածքի աղքատ գյուղերից է համարում` 705 բնակիչ ունեցող գյուղն ընդհանուր առմամբ 260 գլուխ խոշոր եղջերավոր ունի, իսկ սեփականաշնորհման ժամանակ ամեն ընտանիքի բաժին է ընկել 1,7 հա հող: Ընդ որում, գյուղի հողերից միայն 30-40 հա-ն է որակյալ, մնացածը սարի անորակ, 5-րդ կարգի հող է: Գյուղացու աղքատությունն, իսկապես, կարելի է չափել հողով. «Եթե Վարդենիսի տարածքի ուրիշ գյուղերի հետ համեմատվենք` 10 հա-ով մարդիկ հող են ստացել, մեզ մոտ ծխին ընկել է 1,7 հա», ասում է Խ. Ծատուրյանը: Ջիլում մարդիկ կան, որ հրաժարվում են հողից` ի վիճակի չեն ցանել. վարելահող է գրված իրենց վրա, չմշակելով` ստիպված են վճարել: Բայց 1 հա հողի վաճառքի գինն այստեղ դեռ չգիտեն, ոչ ոք դեռ իր հողը չի վաճառել:

Հեռվից, սակայն, Ջիլը դրախտին համարժեք գեղեցկությամբ մի բնակավայր է թվում: Նախ` խաբում է հանրապետական ճանապարհին մոտ լինելու պատրանքը. գեղատեսիլ գոգահովտում կիսաշրջան բոլորող գյուղի երկու թեւերին նայելով` թվում է մի երկու հարյուր մետրից կհասնես: Միրաժ է, ավտոբուսից իջնելուց հետո գնում-գնում-գնում ես` 3 կմ, ու այնպես հոգնում, որ իսկապես այլեւս աչքիդ գեղեցկություն չի երեւում:

Բայց գյուղ տանող ճանապարհը, ի տարբերություն ներգյուղական ճանապարհների, ասֆալտած է (3 կմ-ն էլ), իսկ ճամփեզրի բարդիները զինվորների նման շարք են կանգնած: Մի ծաղկուն գյուղ ուղեւորվելու պատրանքը լրացնում են էշ ու ձի լծած սայլակները, որոնք այս գյուղում այնքան շատ են, որ հանդիպակաց երթեւեկություն էին ստեղծում` ասես միջնադարի մասին պատմող հոլիվուդյան ֆիլմում: Գեղեցիկ ու կարմրաթուշ խնձոր կծած կլինեք, որի միջուկը, սակայն, ձեզանից առաջ համտես է արել որդը: Այդպես կարելի է մտածել մոտենալով գյուղին եւ գեղեցիկ բնապատկերից հետո «Կենցաղի տուն» կոչվող մի կառույցի մոտ ասֆալտից ոտք դնելով գյուղի հողե ճանապարհների վրա: Կենցաղի տունը բոլորովին էլ կենցաղի տուն չէ, այլ ինչ-որ մեկի սեփականությունը, եւ առաջներում աշխուժություն ենթադրող նրա հարեւան տարածքն էլ պարզապես փչացած մեքենաների գերեզմանոց է:

Գյուղի ղեկավարությունը գյուղապետարանում չէր, համայնքի ղեկավար Միքայել Ղարիբյանը գնացել էր կոմբայնի հետեւից. ՀՀ գյուղնախարարության եւ համաշխարհային բանկի` գյուղական ձեռնարկությունների եւ փոքր առեւտրային գյուղատնտեսական ծրագրի համայնքային տնտեսական զարգացման բաղադրիչով ՀԲ-ն 54 400 դոլար գումար էր հատկացրել այս գյուղին, 10 տոկոսի ներդրումն էլ համայնքի կողմից է կատարվել` 2 մլն 238 հազար դրամ. «Գյուղապետը թղթերը տարավ ներկայացնի ՀԲ գրասենյակ», ասաց գյուղապետարանի հաշվապահ Ջուլիետա Ոսկանյանը: Կոմբայնը կամ հնձիչ մեքենան գյուղի համար շատ օրախնդիր է, որովհետեւ գյուղացիք սպասում են` մինչեւ հարեւան համայնքներն իրենց բերքը հավաքում են, կոմբայն է ազատվում-գալիս Ջիլի արտերը հնձելու. հունձքն ուշանում է, շատ ժամանակ չեն հասցնում հնձել հացահատիկը. «Հիմա, որ կոմբայն ունեցանք, երեւի թե ժողովուրդն ավելի շատ կցանի: Վարելահողի 250 հա-ն ենք ցանել 539 հեկտարից` գարնանացան-աշնանացան», սա էլ համայնքի ղեկավարի տեղակալ Խ. Ծատուրյանն է ուրախանում: Ի դեպ` գյուղապետարանի հաշվապահը երկար ժամանակ փորձում էր համոզվել իմ լրագրող լինելու մեջ, փաստաթուղթն էր երկար տնտղում. եղել է, որ լրագրող են ներկայացել եւ գյուղի մասին գրելու համար դրամ ուզել: Արդեն երկրորդ գյուղական համայնքում էին պատմում մեր լրագրողներից ոմանց այս կարգի գործելակերպի մասին: Սահմանամերձ գյուղին օգնելու, ճշմարտացի լրատվությամբ սահմանի մարդկանց սատար կանգնելու փոխարեն` այս վարվելակերպը պարզապես մեզ հիշեցնում է ժանտախտի ու շամպայնի հայտնի պատմությունը:

Ինչպես Գեղարքունիքի մարզի Սեւանի ափի հարակից մյուս սահմանամերձ գյուղերում, Ջիլում էլ կյանքը շատ դժվար է. աշխատատեղ չունեցող գյուղացու միակ ապրուստը հողն ու անասունն է, բայց հողն այստեղ սակավ է, անասունն էլ, ասացինք արդեն, հազիվ ընտանիք է կերակրում: Երաշտն այս տարի կասկածի տակ է դրել անասունների ձմեռումը. 1 կապ խոտը, որը 16 կգ է եւ օրական կարող է հերիքել 1 կովի` հիմա արդեն սկսվում է 1000 դրամից: Այսինքնՙ 3 կով ունեցողն օրական 3000 դրամ է գցելու իր կովերի առաջ, արդյունքում երեք 4-5 ամիս տեւող ցրտաշունչ ձմռան համար անհրաժեշտ գումարը հազիվ թե ամեն ընտանիք կարողանա գտնել: Երեւում է` այս ձմեռ համատարած մորթ է լինելու:

Բայց ամռանն էլ ջիլեցին բավական պրոբլեմներ ունի:

Գյուղի գլխավոր հոգսը հիմնականում խմելու ջրի պրոբլեմն է: Ոռոգման ջրինը` գումարած: Խմելու ջրացանցը չի աշխատում, ջրագիծը պետք է վերականգնվի: «Խմելու ու ոռոգման ջրի, ճանապարհների նորոգման ծրագիր ենք ներկայացրել կառավարություն: Խմելու ջրագիծը ՀԲ-ի ծրագրերից մեկով պետք է նորոգվի` մասնակի նորոգվել է տարեցտարի, 2 ջրամբար նորոգել ենք, երկուսն էլ մնացել է», ասում է գյուղապետի տեղակալը: Ջրամբարները խմելու ինքնահոս ջրերն են հավաքում, բայց դե փոքր են, գյուղին չեն բավարարում: Խմելու ջրի մի մասը հոսում-գալիս է, դառնում ոռոգման ջուր` համայնքն օգտվում է: Սարից 8 կիլոմետր հեռու, գյուղի տարածքում, մի շատ լավ աղբյուր կա` Փարիբուլաղ են ասում, շատ լավ խմելու ջուր կա, բայց գյուղ չի հասնում, հոսելով գնում է հարեւան Ծափաթաղ, այնտեղ ոռոգման համար օգտագործում են մարդիկ: «Նոր ջրագիծ կառուցենք, էդ ջուրն էլ ներառենք մեջը», երազում են ջիլեցիք:

«Մի ժողով համայնքում որ ուզենք անել` ակումբ չունենք, քանդված է 93 թվականից. համայնքը նորոգելու միջոցներ չունի` մի ծրագրի մեջ գոնե ընդգրկվենք: Ակումբի նորոգման համար «Երկիր» ՀԿ-ին ենք ծրագիր ներկայացրել», այս տեղեկությունը հաջորդող տեղեկությունների թվում հանկարծ ու մեզ համար կրկին տեսանելի են դարձնում փաստը. մեր գյուղերում «վարում ու ցանում» են արտասահմանյան կամ արտերկրի փողերից սնվող տեղական կազմակերպությունները, մենք ինքներս, փաստորեն, ոչինչ ինքնուրույն գլուխ չենք հանում: Գյուղի ծրագրերը թվարկենք` ինքներդ համոզվեք: ԱՄՔՈՐ-ը գյուղում «Արեգակ» ծրագիր է իրականացրել` 4 խումբ կանանց վարկ է տվել: Ամեն մի խմբում 5 հոգի են ընդգրկված, խմբերի կանանցից յուրաքանչյուրը 170 հազար դրամի (մեկ կովի միջին գին) վարկ է վերցրել 2 տոկոսով: Վորլդ Վիժն կազմակերպությունն է բուժկետ բացել, տարածքը նորոգել, սարքավորումներ տեղադրել: Հիմնական նախապայմանն այն է եղել, որ ամեն մի ընտանիք 2 հազար դրամ պետք է ամեն ամիս մուծի: Ով համաձայն է, տալիս է եւ օգտվում անվճար դեղորայքից, ով չէ` միայն անվճար անալիզ կարող է հանձնել: 132 աշակերտ ունեցող դպրոցը նորոգել է «Կարիտասը»: Բնականաբար` ծրագրերին տեղյակ ու մասնակից են մեր համապատասխան նախարարությունները, նրանց ներկայացուցիչները հաճախ այս ծրագրերը թվարկում են պետության ձեռնարկումների մեջ: Բայց տպավորությունն է թեւաթափ անող. ինչպես տարբեր ոլորտների մեր մասնագետները դրամաշնորհ են որոնում ու «կպցնում», հայոց սահմանամերձ գյուղն էլ զբաղված է ծրագիր «կպցնելով», քանի որ իր բյուջեն հողի հարկ հավաքել չկարողանալու պատճառով չի գոյանում, որովհետեւ բնակչությունն է աղքատ, պետական հատկացումն էլ խղճուկ է: Իսկ գյուղացուն ինչ-որ կերպ պետք է տաքացնել իր հողի վրա, գյուղում նրա համար գոնե նվազագույն բարեհարմարություն ստեղծել: Արդար լինելու համար ասենք, որ մի տասը հոգի էլ «Հայգյուղփոխբանկից» են վարկ վերցրել` 300 հազարական դրամ, 1,6 տոկոսով` տարվա կտրվածքով 18 տոկոս է գալիս: Բոլոր վարկառուները ժամանակին վերադարձրել են պարտքն ու տոկոսները, ոչ մեկն այսօրվա դրությամբ դատարան չի ընկել: Կարելի է ասել` վարկերը աշխատում են, եւ դրանց թվային ընդգրկումը մեծացնելու ուղղությամբ պետք է մտածել:

«Ճանապարհները նորոգած չեն, խմելու ջրագծերի նորոգման, գյուղապետարանի շենքի նորոգման խնդիր ունենք, ամենագլխավորը` դահլիճ չունենք, դրա նորոգումն է կարեւոր, աղքատության մասին ենք շատ մտածում` գոնե մի տեղից ծրագիր բերենք ժողովրդին օգնություն տանք, որ իրենք իրենց ցորեն-գարին ունենան», մի շնչի թվում է գյուղապետարանի յուրաքանչյուր աշխատող` ում էլ հարցնես պրոբլեմների առաջնահերթության մասին: Ջահելությունը ոչնչով չի զբաղվում: Անցած տարի 6 երեխա է ծնվել գյուղում: Գյուղում երեք խանութ կա` առաջին անհրաժեշտության ապրանքներ կա, թանկ թեեւ: «Փոքր ալրաղաց որ կառուցվեր, Գաղափարը կարդարացնի, որովհետեւ էս մոտակա գյուղարանքը բոլորն էլ հատիկը կամ տանում են Սեւան, կամ էլ Շիշկայա, մոտիկ ալրաղացները այնտեղ են», փոքր բիզնեսի հնարավոր ձեւերից մեկի մասին է խոսում գյուղապետի տեղակալը:

Երիտասարդությունը դեռ առանձնապես դուրս չի գնում: Գյուղում մի քանի աշխատատեղ կա, աշխատում են` 22 ուսուցիչ դպրոցում, մի քանի հոգի` 3 խանութում, բուժկետում, «Արմենտելում», «Հայփոստում» մի-մի աշխատող: 5-6 հոգի Շորժայում են աշխատում. ծովափին վարձակալական հող են վերցրել, հիմնականում երեւանցի հարուստները` ջիլեցիք «դոմիկներ» են սարքում: Բայց ոչ մի ջիլեցի այնքան հնարավորություն չունի, որ «Սեւան» ազգային պարկի` 25 տարով վարձակալության տրվող հողակտորները վերցնի, իսկի ողջ գյուղով մի 10 մեքենա չունեն. «Ասենք վերցրի` որ չեմ կարալու մի դոմիկ դնեմ, ինչի՞ս է պետք, հենա էրեւանցիք վերցնում են», ասում են ջիլեցիք, թեեւ կամացուկ ավելացնում են, թե գյուղապետն էլ իրենց լսածով հողակտոր է վերցրել ու քոթեջ է սարքում:

20 երեխա մանկապարտեզ է գնում, մանկապարտեզն էլ ընդգրկված է ՄԱԿ-ի մանկական ուղղվածության ծրագրերից մեկում:

Այս գյուղին պետական հատկացումը (դոտացիան) 2 մլն դրամից մի փոքր ավելի է տարեկան: Բյուջեն 2002-ից մինչեւ 2006 թվականի մարտը եղել է կալանքի տակ, 12 մլն դրամի աշխատավարձի պարտք է փակվել մարտի վերջին: Հիմա արդեն հույս է ծագել, որ ինչ-որ բան հնարավոր կլինի անել: Գյուղապետարանում 7 աշխատող կա: Գյուղապետարանի շենքը լրիվ ավերակված է եղել, խորհրդային ժամանակվա սովխոզի շենքն է: «Ղարիբյանը իրա ուժերով, իրա անձնական գրպանից նորոգել է», շեֆին է գովերգում գյուղապետարանի հաշվապահը: Հսկա երկհարկանի շենքի մի մասն է հնարավոր եղել նորոգել, որտեղ եւ տեղավորված է համայնքի ղեկավարությունը:

Ափսոսանքով լքում ենք այս չափազանց գեղեցիկ, բայց դժվար կյանքով ապրող գյուղը` հասցնելով հյուրընկալվել միայն ընտանիքներից մեկում ( Մեխակ Վարդանյանի բազմանդամ ընտանիքում, որի մասին «Ազգն» արդեն պատմել է). շտապում ենք, որովհետեւ եթե ուշանանք հետկեսօրին հանրապետական նշանակության ճանապարհով Աբովյան մեկնող ավտոբուսից, 24 ժամ կմնանք առանց փոխադրականի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Գյուղի ներքեւը վայրի խնձորի ծառ կա, կողքին` երկաթից խաչ. Դաշքեսանի շրջանի Խաչակապ գյուղի Թարգմանչաց վանքի խաչն է` որ տեղահանված գյուղացիք հետները բերել են, սրբատեղի է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4