Նարեկացի արվեստի միության ցուցասրահում Վաչե Մանուկյանի «ԴԵՄՔԵՐ-ԱՍՏՎԱԾԱՅԻՆ....» առաջին անհատական ցուցահանդեսն էր:
Ցուցահանդեսի առաջին մեծ դեմքը կոմպոզիցիա էր` բազմաթիվ, տարբեր արտահայտություններով, փայտյա քանդակ- դեմքերից` կոլլաժ-դեմք:
Անհատականություններ, տարբեր բնավորությունների ու խառնվածքների տեր դեմքեր` ճչացող, սիրող, հոգում լացը զսպող, ուրիշներին ուրախացնող քանդակ-դեմքեր էին նայում ինձ:
Հեղինակը դիտողների հայեցողությանն էր թողել քանդակների անունները: Բայց այնքան արտահայտիչ ու տպավորիչ էին քանդակ-դեմքերը, որ նրանց մեջ անհնարին էր չճանաչել խաբված Օթելլոյի արցունքոտ, Ցլիկ Ամրամի սիրուց տառապած, Մարդ- Ծառ` Ծառերի Արքա Էդդիի, Ծիծաղող մարդուՙ Լեոնիդ Ենգիբարյանի դեմքերը, դեմքեր Դանթեի «Աստվածային կատակերգությունից»... Իրոք, կերպարների մի ամբողջ պատկերասրահ էր: Վեպերից ու թատերական պիեսներից կերպարները եկել էին ցուցասրահ...
Վաչե Մանուկյանը կապված է եղել թատրոնի հետ, եւ իզուր չէ, որ թատերական կերպարները գերակշռում են քանդակ-դիմակների մեջ:
Խեցեգործ այս վարպետը շատ ինքնատիպ անհատականություն է: Կերտելով մարդկային բնավորությունները, խառնվածքների գծերը, ներթափանցելով մարդու էության մեջ` հոգու խորքը, երեւան հանելով այն ամենը, ինչ ինքն է զգում եւ տեսնում...
....Մարդկանց աչքերում մի կաթիլ լույս կա: Եվ անձրեւ դարձող կաթիլներ կան այնտեղ, լույսի կաթիլներ...
Վաչե Մանուկյանը նկարել է մանկուց, ավարտել է Մ. Սարյանի անվան դպրոցը: Գեղարվեստի ակադեմիայի խեցեգործության (կերամիկայի) բաժնի շրջանավարտ է, վերջերս պաշտպանել է իր դիպլոմային աշխատանքըՙ «Աշխարհն իր ծագերով»
Վաչե Մանուկյանն ասում է. «Նպատակը` ինչը, որ ես ցանկանում էի, գտա իմ ստեղծագործական փնտրտուքի վերջնարդյունքում: Գնահատականն ինձ համար էական չէր»:
Վաչեն որպես մարդ է իրեն գտնում, որը կերպարներ փնտրող մարդ է, նատուրա է: Կարեւորը պահը բաց չթողնելն է, կյանքը վայրկյան է: Վաչեն ասում է. «Եթե կգա ժամանակ, որ ես կհասկանամ, որ խեցեգործությունն ինձ պետք չէ` չեմ զբաղվի: Դիմակագործությունն արվեստի մի ճյուղ է, յուրահատուկ ուղղություն է: Կգա ժամանակ, որ այդ քանդակները կհասկացվեն, կգնահատվեն եւ դրա պահանջարկը կլինի»:
ԶԱՐՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ