Հաշվի առնելով, թե Հայաստանում որքան շատ են արեւի, քամու եւ ժամանակի փոշու տակ անխնամ թափված կիսափուլ հուշարձանները, հայ հնաբաններից ու պատմաբաններից ոմանք կարծում են, որ մեր հայրենիքը ոչ թե թանգարան, այլ թանգարանի ավերակ է բաց երկնքի տակ: Սակայն Առինջ թաղամասը կարելի է հաճելի բացառություն համարել: Հնագույն ժամանակներից հայտնի այս թաղամասում, ըստ ՀՀ պաշտոնական տեղեկագրի (թիվ 8/307, 2004, փետրվար), 304 միավոր հուշարձան կա: Դրանց թվում են Ձագավանքի վանական համալիրը (7-17-րդ դդ.), Գետարգելի Սբ. Նշան մայր եկեղեցին, որ կաթողիկոսանիստ է եղել Զաքարիա Ա Ձագեցի կաթողիկոսի հայրապետության (855-876 թթ.) քսանմեկ տարիների ընթացքում, հին գերեզմանոցներ հարյուրավոր հնամենի խաչքարերով ու տապանաքարերով, գյուղատեղի, մատուռներ ու եկեղեցիներ, ինչպես նաեւ ուրարտական շրջանի մի ամրոց: Հատկապես առինջեցի հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը նախանձախնդիր է, որ Առինջի պատմական ավերակները վերականգնվեն եւ, թեկուզ շատերիս համար վիճելի, բայց կանգուն տեսքի բերվեն: Սակայն միայն Գ. Ծառուկյանի նախաձեռնությունը բավարա՞ր է 304 պատմական արժեքների վերականգնման համար, չէ՞ որ խոսքը ոչ թե մեկ կամ մի քանի եկեղեցիների վերականգնման, այլ Ձագավանքի համալիրի, պատմական գերեզմանոցի եւ բազմաթիվ սրբատեղիների մասին է: Ինչեւէ, առայժմ մի ձեռքն է փորձում ձեռք լվանալ:
Գործարարի ուշադրության կենտրոնում է Առինջի ամրոցը, որի մասին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի տարածաշրջանի բաժնի պետ Ստեփան Ղազարյանը նշում է. «Հայաստանում եղած հնադարյան ամրոցներից միակն է, որի հիմքերն ու պատերը ընդգծված կերպով պահպանված են: Քառասունյոթ մետր երկարություն եւ քառասուներեք մետր լայնություն ունեցող ամրոցում գտնվել են չորրորդ դարի եկեղեցու հիմքեր, որոնց վրա վերջերս մի նոր փոքրիկ եկեղեցի է կառուցվել»:
Խոսելով Առինջի պատմաճարտարապետական հուշարձանների մասին հարկ է նշել, որ դրանց շարքում են նաեւ երկու կոթողներ, որոնք թվագրվում են 5-6-րդ դդ., նույնիսկ մի քարայր-կացարան, որ թվագրվում է Ք.ա. 2-1 հազ. եւ գտնվում է գյուղից 2,5 կմ հեռավորության վրա, բրոնզեդարյան քարե ամրոցի մոտ: Պատմությունը փաստում է, որ 1679 թվականի ավերիչ երկրաշարժը փլել է Ձագավանքի մայր եկեղեցին ու Գետարգելի զանգակատունը: Վերջինս վերականգնել է առինջեցի ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանը: Ըստ Ստեփան Ղազարյանի, Առինջում ակտիվ պեղումնաբանական աշխատանքներ են ընթանում, որի երաշխավորն են Առինջ գյուղի քաջ հայտնի գործարարները` իրենց գովելի նախանձախնդրությամբ: Չենք պնդում, թե նրանց գործունեությունը «անձնվեր գաղափարախոսության եւ բեղուն մտքի ճիչ է», սակայն իրապես օրինակելի եւ խիստ արժեքավոր ներդրում է Հայաստանի մշակութային ոլորտում (թեկուզ բազմաթիվ սննդի եւ մարմնավոր հաճույքների համար նախատեսված օբյեկտների կողքին): Այնուամենայնիվ, Ստ. Ղազարյանը նշում է, թե որպեսզի Առինջի բոլոր մշակութային կոթողները վերականգնվեն ու փրկվեն մոռացությունից, հարկավոր են շատ ավելի մեծ գումարներ ու երկար տարիների անհնարին թվացող աշխատանք:
Մեկ այլ խնդիր է, որ հուշարձաններով հարուստ այս տեղանքի մասին շատ կցկտուր փաստաթղթային հիմքեր ու հավատ չներշնչող բազմաթիվ խոսակցություններ կան: Օրինակ, հետազոտողները Գետարգելի զանգակատան նախնական տեսքի վերահաստատման համար օգտվել են ընդամենը գտնված բեկորներից, քանի որ այլ աղբյուրներ ու փաստեր պարզապես չեն եղել:
Խոսելով հայերի պատմասիրության եւ նախնյաց ժառանգությունը սրբորեն հարգելու կարողության մասին, Ստ. Ղազարյանն ասում է. «Երբ Եգիպտոսում էի, տեսա, թե ինչպես կարող է հասարակությունը պաշտել սեփական ճարտարապետությունը, որի խորհրդանշական ու խոսուն վկաները հենց բուրգերն են: Տեսածս համեմատեցի ավելի վաղ Հայաստանում տեսածիս ու զգացածիս հետ, թե ինչպես Նորքում գտնվող տների ու պարիսպների պատերի մեջ հայտնաբերեցինք մեր հայրենակիցների 1800-ականների եւ ավելի վաղ շրջանի թվագրված տապանաքարերը... Հաճախ ենք աղաղակում, թե ինչպես են թուրքերը մեր պատմական հայրենիքում քանդում ու խոշտանգում մեր պատմաճարտարապետական սրբությունները: Իսկ ի՞նչ ենք անում մենք հենց թեկուզ Երեւանում»:
Մեր զրուցակցին խիստ մտահոգում է նաեւ այն, որ մեր հասարակությունը չի կարողանում գնահատել իր ճարտարապետական հարուստ ժառանգությունն ըստ արժանվույն: «Հաճախ ենք հանդիպում քեֆչիների, որ խորովածը սիրում են որեւէ ճարտարապետական հուշարձանի, նույնիսկ եկեղեցու հարեւանությամբ անել, սակայն գլուխները չեն բարձրացնում հիանալու եւ անգամ չեն էլ գիտակցում, թե ինչ հոգեւոր եւ մշակութային արժեքի հարեւանությամբ են հաց կիսում: Պետք է հիշենք, որ եկեղեցին իր պատմամշակութային արժեքով եւս սրբություն է: Այդ սրբության հարգն իմանանք»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ