«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2006-08-09 | #150, 2006-08-10 | #151, 2006-08-11


ՌԱՅՄՈՆԴ ԶԱԴՈՒՐՅԱՆԸ ՀԱՄԱԼՐԵՑ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ

«Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանի ֆուտբոլային կենսագրությունում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Առաջնության 3-րդ շրջանի մեկնարկային տուրում, «Միկայի» հետ Գյումրիում անցկացրած խաղում Զադուրյանը դարպասը պահելով անառիկ, ոչ միայն օգնեց «Շիրակին» կարեւոր մեկ միավոր վաստակել, այլեւ դարձավ Սերգեյ Զատիկյանի անվան դարպասապահների խորհրդանշական ակումբի 3-րդ անդամը: 35-ամյա դարպասապահը պաշտոնական մրցումներում դարպասը 100-րդ անգամ անառիկ պահեց: Հիշեցնենք, որ Սերգեյ Զատիկյանի անվան ակումբում ընդգրկվում են այն դարպասապահները, որոնք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), Եվրոգավաթների (Ե) եւ «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում, ինչպես նաեւ ազգային (ԱՀ) եւ երիտասարդական (ԵՀ) հավաքականների հանդիպումներում ընդհանուր առմամբ դարպասը 100 եւ ավելի անգամ պահել են անառիկ:

Նոր մրցաշրջանի շեմին Զադուրյանն իր օգտին դարպասն անառիկ պահած 98 խաղ ուներ: Երանելի բարձունքը նվաճելու վերջին քայլերը նրան դժվարությամբ տրվեցին, քանի որ «Շիրակը» վերջին տարիներին անհաջող է հանդես գալիս, ուստի դարպասն անառիկ պահելը չափազանց դժվար է: Սակայն առաջնության մեկնարկը շատ հուսադրող էր Զադուրյանի համար, որը Գյումրիում ապրիլի 14-ին «Միկայի» հետ կայացած անդրանիկ խաղում դարպասը պահեց անառիկ: Դա պաշտոնական մրցումներում նրա 99-րդ «չոր» խաղն էր: Թվում էր, թե Զադուրյանին կհաջողվի շուտով ընդգրկվել Սերգեյ Զատիկյանի անվան ակումբում, սակայն անդամության տոմսի ձեւակերպումը ձգձգվում էր: Անհրաժեշտ եղավ եւս 14 խաղ, որպեսզի Զադուրյանին հաջողվի մեկ անգամ եւս գոլ բաց չթողնել: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ, դա կրկին տեղի ունեցավ Գյումրիում, «Միկայի» հետ խաղում: Ռայմոնդ Զադուրյանը բացառությամբ անցյալ մրցաշրջանի, երբ հանդես եկավ առաջին խմբի «Երեւան յունայթեդ» թիմում, ՀՀ անդրանիկ առաջնությունից (1992 թ.) բավական հուսալիորեն պաշտպանել է Գյումրիի «Շիրակի» դարպասը: 2002 թ. առաջնությունում Ռայմոնդը յուրօրինակ ռեկորդ սահմանեց` 755 րոպե շարունակ դարպասը պահելով անառիկ: Նա իր թիմակցի ու գործընկերոջ` Արթուր Հովհաննիսյանի 1992 թ. սահմանած նմանատիպ ռեկորդը գերազանցեց 74 րոպեով:

Հայաստանի առաջնությունների բարձր արդյունավետության պայմաններում ընդհանրապես շատ դժվար է դարպասն անառիկ պահելը: Ուստի բնավ էլ զարմանալի չէ, որ մինչ օրս միայն երեք դարպասապահների է հաջողվել ընդգրկվել խորհրդանշական ակումբում: Առաջինն այդ պատվին արժանացել է Երեւանի «Արարատի» եւ ՀՀ հավաքականի նախկին դարպասապահ Հարություն Աբրահամյանը: Պաշտոնական մրցումներում նա 100-րդ «չոր» խաղն անցկացրել է «Արարատի» կազմում 1999 թ. հուլիսի 30-ին` «Կիլիկիայի» հետ առաջնության հանդիպման ժամանակ: Ընդհանուր առմամբ Աբրահամյանը պաշտոնական 304 հանդիպումներում դարպասն անառիկ է պահել 129 անգամ: 2 տարի անց` 2001 թ. մայիսի 25-ին, Գյումրիում «Արաքսի» հետ առաջնության խաղում դարպասը 100-րդ անգամ անառիկ պահելով` ակումբի շարքերը համալրեց «Շիրակի» դարպասապահ Արթուր Հովհաննիսյանը: Եվ ահա 5 տարի անց պատվավոր ակումբի շարքերը համալրեց «Շիրակի» մյուս դարպասապահը` Ռայմոնդ Զադուրյանը:

Ինչ վերաբերում է ակումբի հեռանկարներին, ապա հաջորդ համալրմանը հարկ կլինի սպասել եւս մի քանի տարի: Գործող դարպասապահներից «չոր» խաղերի թվով լավագույն ցուցանիշներն ունեն «Արարատի» դարպասապահներ Էդիկ Երիցյանն ու Գառնիկ Հովհաննիսյանը: Հաշվի առնելով երիտասարդ տարիքը եւ ընդհանուր առմամբ ներկայիս հուսալի խաղը, ակումբի անդամության ամենաիրական թեկնածուների թվում պետք է նշել «Միկայի» դարպասապահ Ֆելիքս Հակոբյանին եւ փյունիկցի Գեւորգ Կասպարովին:

Ակումբի անդամները

 ԱԳՍԵԵՀԱՀԱՊՀԸնդ
1. Հարություն Աբրահամյան10314-5-61129
2. Արթուր Հովհաննիսյան851412---102
3. Ռայմոնդ Զադուրյան7623----1100

Թեկնածուները

 ԱԳՍԵԵՀԱՀԱՊՀԸնդ
1. Էդիկ Երիցյան6018-----78
2. Գառնիկ Հովհաննիսյան 6314----178
3. Ֆելիքս Հակոբյան4316-11--614. Գեւորգ Կասպարով40812-11535. Մայիս Ազիզյան2610--1--376. Նիկոլայ Սարգսյան248--3--357. Նենադ Ռադաջա243-1---28
© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4