Երեկ Հայաստանում օդի ջերմաստիճանը հասել է համարյա 42 աստիճանի: Ի դեպ, Երեւանի տարբեր հատվածներում օդի ջերմաստիճանը գրանցվել է 0,5-ից 1 աստիճան տարբերությամբ: Եթե «Զվարթնոց» օդերեւութաբանական կայանը գրանցել էր 41, 8 աստիճան, ապա «Հաղթանակ» զբոսայգու մոտ 40, 5 է եղել, Ավան-Առինջումՙ 40-ից մի փոքր ավելի: Շոգ եղանակը թեեւ Արարատյան դաշտում հազվադեպ չէ, այնուամենայնիվ այսքան բարձր ջերմաստիճան հազվադեպ տարիների է գրանցվել: Այսպիսի ջերմաստիճան վերջին անգամ Երեւանում գրանցվել է 1976 թվականին: 40-ից բարձր ջերմաստիճանը կպահպանվի նաեւ առաջիկա մի քանի օրերին: Սա լրացուցիչ հոգս է Արարատյան դաշտի եւ Երեւանի բնակիչների համար, ովքեր պետք է զգուշանան արեւի ուղիղ ճառագայթներից, բավականաչափ հեղուկներ խմեն, իսկ սրտանոթային հիվանդություններով տառապող մարդիկ առավել ուշադիր լինեն սեփական առողջության հանդեպ: Ըստ մասնագետների, 42 աստիճան ջերմացած օդը վտանգավոր է թույլ առողջություն ունեցող մարդկանց համար: Բժիշկները խորհուրդ են տալիս առավել շոգ շրջանների բնակիչներին մեկնել Սեւանի ավազան, Լոռի եւ այլ համեմատաբար զով գոտիներ: Իսկ եթե ստիպված են մնալ այստեղՙ պետք է փողոց դուրս գան գլխարկով, բամբակյա եւ բաց գույնի զգեստներով:
Այսօրվա համար օդերեւութաբանները կանխատեսել են Երեւանում 40-41 աստիճանի տաքություն ցերեկը, գիշերը` 24-26 աստիճան: Մինչեւ 41 աստիճանի ջերմություն է սպասվում նաեւ Արարատում, Արմավիրում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում, իսկ Սյունիքի հովիտներում` մինչեւ 39 աստիճան: