Ցանցերի լիցենզավորման կարգը հարվածում է փոքր եւ միջին ձեռնարկություններին
ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ, «Նոյյան տապան», Հատուկ «Ազգի» համար
Հայաստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման հիմնական խոչընդոտներից մեկի` «Արմենտել»-ին տրված մենաշնորհների մասին շատ է գրվել: Սակայն այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Էլեկտրոնային հեռահաղորդակցության» մասին օրենքը, դրա գործողությունն ապահովող կարգերի կիրարկումն ստեղծում են հեռահաղորդակցության ծառայություններում նոր բնական մենաշնորհների կամ, առնվազն, գերիշխող դիրքերի առաջացման ակնհայտ նախադրյալներ: Խոսքը նախ եւ առաջ վերաբերում է էլեկտրոնային հաղորդակցման ցանցերի շահագործման իրավունք տվող լիցենզիաների համար գանձվելիք գումարներին:
Ըստ նոր օրենքի, Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար լիցենզիայի տարեկան վճարը կազմում է 3 մլն դրամ (մոտ 7,1 հազար դոլար` բազային տուրքի 3 հազարապատիկը), Երեւանի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան 2 մլն դրամ, Երեւանից դուրս մեկից ավելի մարզերի դեպքում` 1 մլն դրամ եւ մեկ մարզի պարագայում` 500 հազար դրամ: Հեռահաղորդակցության ոլորտի քաղաքականությունը մշակող ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում մեզ չհաջողվեց պարզել, թե նշված ծառայությունների մատչելիության ապահովման տեսանկյունից որքանո՞վ են նպատակահարմար պետտուրքի այդ չափերը:
Մյուս կողմից, այս վճարի չափերը պետք է որ շաղկապվեին ցանցերի շահույթների մեծության հետ: Այս հարցերի վրա որոշ լույս կարող էր սփռել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որն, իր իսկ որոշման համաձայն, պետք է մինչեւ այս տարվա փետրվարի 1-ը մշակեր «ծախսումների գնահատման ֆորմատը (պետք է հավաքեր «Արմենտել»-ի կողմից ներկայացվող էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ծավալների վերաբերյալ տեղեկատվություն): Այդ աշխատանքի արդյունքների հրապարակումը նախատեսված էր հանձնաժողովի հուլիսի 28-ի նիստում, սակայն նիստը հետաձգվեց:
Ամեն դեպքում, նշված դրույքների պայմաններում Հայաստանի հեռահաղորդակցության ցանցային ծառայությունների շուկայի զարգացումը, հատկապես մարզերում, վտանգված է, քանի որ մարզերում ինտերնետ հասանելիության եւ տվյալների փոխանցման ծառայությունների շուկայի փոքր ծավալը չի ընձեռում նման չափերի տարեկան պետտուրքերի վճարման հնարավորություն:
Ներկայումս ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում, որոշ ընկերություններ արդեն իսկ ձեւավորել են տարբեր չափերի ցանցեր (նույնիսկ` մեկ շենքի սահմաններում): Սակայն ահազանգեր կան, որ խոշոր օպերատորները փոքր ցանցերի օպերատորներին պարտադրում են վաճառել ցանցերը` հիմնավորումով, որ փոքր օպերատորները չունեն լիցենզիա: Բացի այդ, փոքր օպերատորը կարող է պարզապես չունենա ցանցը շահագործելու հնարավորություն, եթե մեծածախ օպերատորը փոքրի ցանցին տիրանալու նպատակով չհամաձայնի ապահովել նրա ցանցերի կապը արտաքին աշխարհի հետ: Արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ մարզերում ցանցային ծառայություններ կարող են մատուցվել կամ չլիցենզավորված ընկերությունների կողմից, կամ էլ` Երեւանում բարձ շահույթ ստացածների, որոնք պետք է սուբսիդավորեն իրենց գործունեությունը մարզերում: Ուրեմն, եթե ընկերությունները չեն ուզում շահույթ կորցնել, պետք է սահմանափակվեն Երեւանով: Իսկ, տեղական ընկերությունները, տարեկան 500 հազար դրամ լիցենզիայի համար վճարելու հնարավորություն չունենալով, պետք է հեռու մնան ցանցերի շահագործման շուկայից: Ավելին, արդեն կան տեղեկություններ, որ այս բեռը անտանելի է ոչ միայն փոքր, այլեւ միջին ընկերությունների համար, ընդ որում ոչ միայն մարզերում, այլեւ Երեւանում:
Կա այս հարցի մեկ ուրիշ կողմը եւս: Բանն այն է, որ բազմաթիվ փոքր ընկերությունների մասնակցությունը ցանցային ծառայությունների շուկային բերել էին բավական բարձր մրցակցության, ինչի շնորհիվ ինտերնետային ծառայությունների գները վերջին տարիներին բավականին իջել էին: Ակնհայտ է, որ խոշոր պրովայդերների նոր մենաշնորհների հաստատման դեպքում գները կսկսեն նորից բարձրանալ, վտանգի տակ դնելով ինտերնետի տարածումը:
Ինչպես հայտնեց հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, ներկայումս էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման լիցենզիաներ ունեն միայն «Արմենտել» եւ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունները, իսկ լիցենզիա ստանալու այլ հայտեր դեռեւս հանձնաժողով չեն ներկայացվել (հիշեցնենք, նախկինում այս գործունեությունը լիցենզավորման առարկա չէր ): Այս հանգամանքը նա բացատրեց այն բանով, որ «օրենսդրությունը փոփոխվեց, եւ հաջորդ օրն իսկ մարդիկ չէին կարող հայտեր ներկայացնել, քանի որ Հանձնաժողովին այդ ցանցերի շահագործման լիցենզիա ստանալու հայտերը ներկայացնելու համար ապագա շահագործողներին որոշակի փաստաթղթեր են անհրաժեշտ»:
Փոխարենը, հանձնաժողովը այս տարվա առաջին վեց ամիսներին դադարեցրել է տվյալների փոխանցման եւ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող այն 14 ընկերությունների գործունեությունը, որոնք չէին աշխատել, ու չունեին եկամուտ, սակայն անտեղյակ էին, որ այդ հանգամանքը չի ազատում լիցենզիաների համար վճարման պարտականությունից: Թե ինչն է խանգարել հանձնաժողովին նույն հետեւողականությունը դրսեւորել նաեւ ցանցերի պարագայում, դժվար է ասել: Այն տպավորությունն է ստեղծվում, որ ցանցերի խոշոր ներդրողներին եւ ծառայություններ մատուցողներին լիցենզավորման պահանջ չներկայացնելով` հանձնաժողովը նրանց տալիս է բիզնեսի սկզբնական դիրքերն էլ ավելի ամրապնդելու հնարավորություն:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը նաեւ անպատասխան թողեց այն հարցը, թե վերը նշված պետտուրքերի չափերը հաստատողները վնաս չե՞ն հասցրել պետբյուջեին, քանի որ, փոքր պետտուրքի դեպքում ավելի շատ պրովայդերներ ի վիճակի կլինեին վճարել այդ տուրքը, եւ արդյունքում բյուջետային մուտքերը կգերազանցեին փոքր թվով պրովայդերների մեծ չափի պետտուրքերի ընդհանուր ծավալը:
Շուկայում ավելի մեծ թվով սուբյեկտների աշխատանքի սահմանափակումների հնարավորություն է ներդրված նաեւ էլեկտրոնային հաղորդակցության գործունեության լիցենզավորման կարգում, ըստ որի, լիցենզիաների տրամադրումը հնարավոր է մրցութային դիմումների կամ աճուրդների միջոցով: Բացի այդ, ըստ այդ կարգի, «փուլ առ փուլ մրցակցություն ներդնելու համար հանձնաժողովը կարող է սահմանափակել այդ ծառայությունների կամ աշխարհագրական այդ տարածքների համար լիցենզիաների թվաքանակը որոշակի ժամանակահատվածով, որը, սակայն, չի գերազանցում 2012 թվականը»: Ըստ Գեւորգ Գեւորգյանի, նման դրույթների կիրառումը նախանշված է «Հեռահաղորդակցության մասին» օրենքով, այն դեպքերում, երբ «տվյալ տարածքում սահմանափակ է տվյալ հաճախականության ռեսուրսը, ինչպես նաեւ` երբ փոքր է սպառողների թիվը, ինչն անհնար կդարձնի տվյալ տարածքում մեկից ավելի ցանց շահագործողների շահութաբեր աշխատանքը»: Պարզ է, որ նման ձեւակերպումը միշտ էլ տեղի կտա տարընթերցումների:
Նույն «Արմենտել»-ը ստանալու է ցանցերի ընդլայնման լրացուցիչ հնարավորություն: Դա նախատեսված է մինչեւ 2006 թ.-ի դեկտեմբերի 31-ը Հայաստանի 800 գյուղեր հեռախոսակապով ապահովելու պարտավորությունը կատարելու շրջանակներում: Այսպես, այդ պարտավորությունը 400 գյուղերի պարագայում կատարելու համար «Արմենտել»-ը որոշել է կիրառել CDMA Code Division Multyple Access բազմակի հասանելիության թվային տեխնոլոգիան: Սակայն «Արմենտել»-ի կողմից երաշխիքներ չեն ներկայացվել առ այն, որ ընկերությունը պահանջած ռեսուրսն ստանալուց հետո լիարժեք կկատարի իր պարտավորությունները: Նույնիսկ չկա այն 400 գյուղերի լրիվ ցանկը, որտեղ մինչեւ 2006 թ.-ի վերջը CDMA տեխնոլոգիայի միջոցով կմատուցվեն հեռախոսային ծառայություններ:
400 գյուղեր հեռահաղորդակցության առաջավոր տեխնոլոգիան հասցնելու նախաձեռնությունն, իհարկե, գովելի է, սակայն թե ով եւ ինչպես է նպաստելու դրա լիարժեք կիրառմանը, դժվար է ասել, քանի որ հնարավոր է, որ «Արմենտել»-ը սահմանափակվի միայն գյուղապետարանների հեռախոսները եւ համակարգիչները CDMA տեխնոլոգիայով աշխատող իր սարքավորումներին միացնելու հնարավորություն ընձեռելով: Իսկ դրանից հետո տեխնոլոգիան կիրառելու հույսը մնալու է այլ օպերատորների վրա, որոնց հնարավորությունները վերը նշված բարձր տուրքերի պատճառով արդեն իսկ սահմանափակված են:
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու նպատակով ստեղծված պետական կառույցի` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքերով, տուրքերի հարցը մտահոգում է հասարակությանը, լիցենզիաների վճարի չափերի հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ցանցերի շահագործման, այլեւ տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ դրանց տարեկան չափը կազմում է 100 հազար դրամ: Նա գտնում է, որ հատկապես մարզերում ցանցային եւ տվյալների փոխանցման ծառայություններ մատուցողների համար ծագած լուրջ խնդիրներն անհամատեղելի են ՀՀ կառավարության որդեգրած էլեկտրոնային հասարակություն զարգացնելու ռազմավարության հետ: Ավելին, նրա կարծիքով, այդ քաղաքականությունը իրականացնելու համար մարզերում նշված ծառայությունները մատուցողները պետք է որ սուբսիդավորվեն, ոչ թե հարկվեն: Բ. Ենգիբարյանի խոսքերով, նաեւ տուրքերի հետ կապված հարցերը քննարկվելու են ՀՀ վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցող խորհրդի առաջիկա նիստում:
Ի՞նչ կարող է անել խորհուրդը: Նա իր որոշումը պետք է ներկայացնի կառավարությանը, վերջինս էլ` օրենսդրական նախաձեռնության տեսքով` Ազգային Ժողովին, որն էլ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելով` սահմանել է վերը նշված բարձր դրույքաչափերը: Դժվար չէ կռահել, որ դա տեղի է ունեցել հեռահաղորդակցության ոլորտի ազդեցիկ ընկերությունների ստվերային լոբբինգի հետեւանքով: Այնպես որ, ոլորտի զարգացումը քաղաքակիրթ շուկայական հուն տանելու, թվային տեխնոլոգիաները հասարակության լայն շերտերին հասանելի դարձնելու համար ՀՀ իշխանություններին անհրաժեշտ կլինի կայացնել քաղաքական որոշում: