«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2006-08-10 | #151, 2006-08-11 | #152, 2006-08-12


ՄԻ ԱՆԳԱՄ ՋՐԱՇԽԱՐՀՈՒՄ

Երեւանյան անտանելի շոգերը շատերին են խեղճացնում ֆիզիկապես ու հոգեբանորեն: Շատերն են երանի տալիս առավոտյան շուտ քաղաքից մեկնող հարեւաններին, որոնցից ոմանց հանգստի մեկնումը պարտադրվում է անտանելի տոթ եղանակով, այլ ոչ թե հնարավորությամբ կամ կամավորությամբ: «Չենք կարող մեկնել հանգստյան տուն, գները ահավոր են, ինչպես քաղաքի եղանակը, սակայն երեխաներս շատ են նեղվում», բողոքում է հարեւանուհիս` տիկին Լիլյան, որին երեխաները ստիպել են գոնե մի անգամ իրենց տանել ջրաշխարհ: Մեկնումն արձանագրվում է 12.30-ին: Վերադարձը` վեց ժամ անց: Թե՛ հարեւանուհիս, թե՛ երեխաները երջանիկ, բայց մի քիչ տարակուսած դեմքի արտահայտություն ունեն: «Մի քիչ հովացանք, մի քիչ վառվեցինք, մի քիչ լողացանք, մի քիչ բարկացանք», տխուր ժպտում է երիտասարդ կինը եւ պատմում իրենց ընտանիքի արկածները ջրաշխարհում:

Նախ` ջրաշխարհի տոմսի գինը թանկացել է, նախապես իմացած 3500-4000-ը մոտ երկու շաբաթ առաջ դարձել է 4500 դրամ 120 սմ-ից բարձր հասակ ունեցողների համար: Վաճառվում են նաեւ VIP տոմսեր, որոնց արժեքը 6000 դրամ է երկարության նշված միավորից բարձր հասակով մարդկանց համար: Երեք տոմսարկղեր աշխատում են անընդմեջ, սակայն հերթերը ձգվում են եւ դանդաղորեն առաջ գնում: «Քանի որ տարել էինք ե՛ւ սրբիչ, ե՛ւ անհրաժեշտ պարագաներ, խանութից մեծ գնումներ չկատարեցինք, միայն ջրասուզակի ակնոցներ գնեցինք, պատմում է Լիլյան: Զգեստափոխվելու համար կանանց եւ տղամարդկանց բաժիններ անցանք, ուր եւ ընդհանուր մի սենյակում զգեստափոխվեցինք, անհատական իրերի զամբյուղի համար վճարելով 400 դրամ»:

Ամենից ցավալին այն էր, որ նորեկները չեն կողմնորոշվել տեղանքում եւ երկար ժամանակ մնացել են ջրաշխարհի այն հատվածում, որ նախատեսված է պասսիվ հանգիստը նախընտրողների համար, այսինքն լողավազանների մոտ: «Մեծ հայտնություն եղավ մեզ համար մեծահասակների համար նախատեսված ոլորանների տեղն իմանալը, ասում է Լիլյայի տղան` 11-ամյա Վահագնը, բայց մենք այնտեղ հերթերի վրա մեկ-երկու ժամ կորցրեցինք, քանի որ մարդիկ շատ էին, իսկ ինչ վերաբերում է ջրօղակներին, առանց որոնց չես կարող սահել հիմնական մի քանի ոլորանից, դրանք էլ մի անգամ հասան մեզ, չգիտեինք, որ անսահմանափակ դրանցից կարող են օգտվել այն այցելուները միայն, որոնք տոմսի համար վճարել են ոչ թե 4500, այլ 6000 դրամ»: Տհաճ անակնկալը տխրեցրել էր Վահագնին եւ նրա եղբայր Արմանին, որն էլ քթի տակ ասել էրՙ էլի էս անտեր փողի պատճառով տուժվեցինք: Մայրը խիստ նեղվել էր այդ խոսքերից, սակայն պակաս վիրավորված չէր նաեւ այն հանգամանքից, որ ինքը նախապես չգիտեր ոլորանների հիասթափեցնող հերթերի մասին: Բացի այդ, իրեն թույլ չեն տվել լողավազան մտնել ակնոցներով: «Ես դեռ մեծ եմ կհասկանամ, որ օպտիկական ակնոցով ջուրը մտնելն արգելվում է անվտանգության կանոններից ելնելով, բա փոքրիկ երեխային ի՞նչ պիտի ասեն, եթե նա օպտիկական ակնոց է կրում: Երեխան պիտի վիզը ծռի ու նայի՞, թե ուրիշները ինչպես են զովանում, ինչո՞ւ են խտրականություն դնում, հետո էլ եվրոպական ստանդարտներից եւ համահավասարության սկզբունքներից են խոսում: Եթե անվտանգության հարց կա, թող բազմաթիվ ջրավազաններից մեկը հատուկ կարիքների տեր մարդկանց համար առանձնացնեն: Այդ ինչպե՞ս է, որ ջրի մեջ ծխել կարելի է, ակնոց կրել` ոչ: Եվ մի բան էլ, ես տեսա, թե ինչպես մի տարեց կնոջ արգելեցին լողանալ, թե ինչ է կնոջ հագին ոչ թե լողազգեստ է եղել, այլ կարճ շալվար: Սա ի՞նչ հիմար համակարգ է, էլ մեծին հարգելն ո՞ւր է մնացել: Խեղճ կինը նեղված նստեց-նստեց արեւի տակ, մեկ էլ հասկացանք որ վատ է զգում, արեւահարվել էր»: Լիլյան պատմեց նաեւ, որ ջրաշխարհում արեւից պաշտպանված հենաթոռները հատուկենտ են, այն էլ միշտ զբաղված: «Գողության հավանականությունը քիչ է, բայց ի՞նչ իմանաս, ասաց նա, գովազդներ հաղորդող աղջիկը անընդհատ զգուշացնում էր, որ ընկերությունը լողափում կորած իրերի համար պատասխանատվություն չի կրում»: «Ամենավատը փրկարարներն էին, ես տեսա, թե ինչպես նրանցից մեկը չտեսնելու էր տալիս մի մորաքրոջ, որը չաղլիկ էր եւ դժվարանում էր դուրս գալ ջրօղակի միջից, պատմում է Արմանը: Մի ուրիշ անծանոթ տղա եկավ-օգնեց, իսկ փրկարարը այդ պահին մի աղջկա բաց հետույքին էր նայում»:

«Ընդհանրապես, լավ փող ուտելու բիզնես են սարքել, եզրակացնում է Լիլյան: Ես հաշվարկել էի, որ երեքով կծախսենք մոտ 15-16000 դրամ, բայց, որքան էլ զուսպ ես ծախսերիդ մեջ, միեւնույնն է ծախսս գերազանցեց 20000-ի սահմանագիծը: Մինչդեռ այդ գումարը վաստակել էի 15 օրում», ասում է կինը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4