Երեւանյան անտանելի տապը, որ բարեկեցության այլ մակարդակի երկրում արտակարգ իրավիճակի հայտարարման առիթ կդառնար, մեզ մոտ անասելի կարեւոր է դարձրել հանրային ծառայությունների ապահովման անընդհատությունը: Բայց ոչ ոք չի էլ պատրաստվում այս տապին նեղություն պատճառել սեփական անձին ու հոգալ այդ խնդիրները, որն ընդամենը սեփական պարտականությունների կատարման հարց է: Սպառողների իրավունքների մասին խոսելն էլ առավել կարեւոր է դառնում հատկապես իրազեկման կտրվածքով: Վերջինի առնչությամբ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» (ՍԻՊ) հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Հայաստանում մենաշնորհային ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնություն» ծրագիրը` աջակցությամբ միջազգային մի շարք կազմակերպությունների: Ծրագրի իրականացմանը նախորդած ուսումնասիրությունից պարզվել է, որ շատ հայաստանաբնակներ գոհ չլինելով հանրային ծառայությունների որակից, տեղյակ չեն իրենց իրավունքներին: «ՍԻՊ» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը երեկ «Փաստարկ» ակումբում խոսեց այդ մասինՙ փաստելով, որ շատերը լիովին անտեղյակ են, որ իրենց էներգամատակարարումը չվճարման դեպքում կարող է դադարեցվել միայն երեք օր առաջ գրավոր տեղեկացումից հետո, ցանկացած հայաստանաբնակ իրավասու է ջրամատակարար ընկերությունից պահանջել եւ 5 օրվա ընթացքում անվճար ստանալ իրեն մատակարարվող խմելու ջրի որակի փորձագիտական եզրակացություն: 36 ժամից ավելի խմելու ջուր չմատակարարելու դեպքում համապատասխան ընկերությունն ուղղակի պարտավոր է բնակչությանը ապահովել ջրով: Սա թեկուզ եւ օրենսդրորեն սահմանված է, սակայն մեր իրականության համար երազային մակարդակից ավելի մոտ պատկերացնելն էլ դժվար է, մյուս կողմից, ինչ իմանաս, գուցե պահանջելու դեպքում սատանան հանկարծ կատակի: «ՍԻՊ» ՀԿ իրազեկման խնդիրը լուծելու համար հրատարակել է գրքույկներ ու պաստառներ, որոնք պատմում են սպառողների իրավունքների մասին եւ արդեն իսկ կան մարդաշատ վայրերումՙ կազմակերպությունը պատրաստ է տրամադրել ցանկացողներին:
Նույն անտանելի տապը ավելի է ընդգծում, որ պարենային անվտանգության հարցերը Երեւանում մտահոգության մակարդակում ենՙ հատկապես փողոցային վաճառքի շնորհիվ: Հակահամաճարակային ծառայության ուսումնասիրությունը վաճառքի 236 կետում ցույց է տվել, որ լվացուկների 50 տոկոսում, 57 հյութերի 35 տոկոսում, 18 փափուկ պաղպաղակի 67 տոկոսում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ: Տվյալները հայտարարեց «ՍԻՊ» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը: Նա իրավացիորեն գտնում է, որ արեւի տակ երկար մնացած կամ ասֆալտի վրա դրված ձմերուկի եւ սեխի օգտագործումն էլ վտանգավոր է: Ինչ, որտեղից, որքանով գնելու ընտրությունը յուրաքանչյուրինս է, չնայած գրպանի թելադրանքը երբեմն սպանում է այդ հնարավորությունը: Խախտումների արձանագրման գործառույթը հակահամաճարակային ծառայությանը, վաճառքի տեղի թույլտվության եւ վերահսկման գործառույթըՙ համայնքապետարաններինն է: Ըստ այդմ էլ Հակահամաճարակային ծառայությունը, ինչպես վստահեցրեց Աբգար Եղոյանը, ուսումնասիրության արդյունքները փոխանցել է համայնքապետարաններին, որպեսզի պատժեն, համապատասխան սանկցիաներ կիրառեն:
Պարենային վտանգվածությունից հնարավորինս հեռու մնալու առանց այն էլ ոչ լայն ընտրությունը լիովին նեղանում է դոլարադրամային հայաստանյան խաղերով, որը «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանի կարծիքով. «Որոշակի կանխատեսումների արդյունք է եւ չէի ասի, որ միայն հայկական սինդրոմ է, մյուս կողմից անհասկանալի է, որ դոլարի անկում կա, բայց չկա գների անկում»: «ՍԻՊ» ՀԿ նախագահը իրավիճակը գերիշխող դիրքի չարաշահման եւ անպատշաճ տնտեսական մրցակցության արդյունք է համարում:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ