«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2006-08-10 | #151, 2006-08-11 | #152, 2006-08-12


ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ՉԷ, ԲԱՅՑ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՕՐ-ՕՐԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ

Չնայած դրան այս տարի նկատվել է շինարարական ծավալների 30 տոկոս աճ

«Որքանո՞վ են անվտանգ մեր հանրապետությունում կառուցվող այժմյան շենք-շինությունները» «Ազգ»-ի հարցին պատասխանելով` Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը պատասխանեց. «Շինարարության որակը` թե՛ նախագծման, թե՛ կատարման, Խորհրդային տարիների նկատմամբ հսկայական քայլերով առաջ է գնում: Կա անվտանգ աշխատանք, եւ կա անվտանգ կառույց: Անվտանգ աշխատանքի իմաստով մենք շատ անելիքներ ունենք, քանի որ պատվիրատուն դժվարությամբ է մուծում շինարարների հագուստների, գործիքների, անվտանգ տեխնիկայի համար: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում այդ նորմերը կվերանայվեն, որովհետեւ դրա հիմքերը կան: Հատկապես կարեւոր է ապահովագրական ընկերությունների ներգրավումը շինարարության անվտանգության մեջ: Իսկ անվտանգ կառույցներն օր-օրի ավելանում են»:

Երեկ շինարարական կազմակերպությունները, շինարարները, ոլորտի, ինչպես նաեւ իշխանական կառույցների ներկայացուցիչները նշում էին շինարարի տոնը, որը կառավարության որոշմամբ մեր երկրում նշվում է արդեն հինգերորդ տարին: Շինարարներին շնորհավորական ուղերձ էր հղել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որի անունից նաեւ խրախուսական շնորհակալագրեր հանձնվեցին մի քանի շինարարական կազմակերպությունների ղեկավարների:

Քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ վերջին տարիներին մեծացել են շինարարական աշխատանքների ոչ միայն որակը, այլեւ քանակը: Նախորդ տարվա համեմատ այս տարի նկատվել է շինարարական ծավալների 30 տոկոս աճ, իսկ ոլորտում աշխատում են շուրջ 5 հարյուր շինարարական կազմակերպություններ: Նախարարի հավաստմամբ, այս տարի հանրապետությունում շուրջ 70 մլրդ դրամի պետական պատվերով եւ մոտ 100 մլրդ դրամի էլ մասնավոր ներդրումներով շինարարություն է իրականացվել: Հարությունյանը վստահեցրեց, որ քաղաքաշինության նախարարության ծրագրերում ընդգրկված շինարարներն ամսական մոտ 75 հազար դրամ աշխատավարձ են ստանում, իսկ մասնավոր շինարարության բնագավառում շինարարներն աշխատում են պայմանագրային հիմունքներով, որի դեպքում աշխատավարձի չափը հստակ չէ: Նախարարը հավաստեց, որ հանրապետության քաղաքաշինական կառույցների 90 տոկոսը համապատասխանում է շինարարական նորմերին:

Թեեւ վերը նշված ոլորտի պատասխանատուները վստահեցնում էին շինարարական լավ պայմանների եւ աշխատավարձի բարելավման մասին, մեր տեղեկություններով, շատ տեղերում շինարարների թե՛ աշխատանքային պայմանները, թե՛ աշխատավարձը, մեղմ ասած, տխուր վիճակում է, որի համար շինարարությունն իրականացնողները աշխատուժ են բերում մարզերից:

Ի դեպ, նախարար Հարությունյանը հայտնեց, որ այս տարվանից կառուցվում են սեյսմակայուն բարձիկներով կառույցներ, որոնք հաջողության դեպքում շարունակություն կունենան: Քաղաքաշինության փոխնախարար Կառլեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ այժմ հանրապետությունում հաշվառված են բնակարան չունեցող 30 հազար ընտանիքներ, իսկ նախորդ տարի բնակարանով են ապահովվել 620 ընտանիքներ, որոնց մեջ ընդգրկված են եղել աղետի գոտու բնակիչներ, ինչպես նաեւ փախստականներ: Ինչ վերաբերում է վթարային շենքերին, ապա փոխնախարարի խոսքով, Երեւանում միայն այս պահին կա երրորդ աստիճանի վնասվածության վթարային 98 շենք:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4