«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2006-08-10 | #151, 2006-08-11 | #152, 2006-08-12


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ

«Բանանց»-«Շիրակ» եւ «Միկա»-«Փյունիկ» հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրը: Այդ խաղերը խաղացանկով նախատեսված էին օգոստոսի 12-ին, սակայն ավելի շուտ անցկացվեցին, քանի որ օգոստոսի 16-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը ընտրական մրցախաղ է անցկացնելու Բոսնիայի ընտրանու հետ: Իսկ մեր թիմի կորիզը կազմում են «Փյունիկի» եւ «Բանանցի» երիտասարդ ֆուտբոլիստները:

Նախորդ երկու հանդիպումներում «Բանանցը» «Շիրակին» հաղթել էր անսովոր խոշոր հաշիվներով: Այս անգամ էլ շիրակցիների դարպասը 3 անպատասխան գնդակ խփվեց, սակայն հաղթանակն ավելի դժվարությամբ տրվեց «Բանանցին»: Վճռորոշ եղան հանդիպման առաջին եւ վերջին րոպեները: Արդեն 2-րդ րոպեին հյուրերը սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները եւ «Բանանցի» ռմբարկու Արամ Հակոբյանը հստակ իրացրեց 11 մ հարվածըՙ խփելով առաջնությունում իր 15-րդ գնդակը: Դրանից հետո խաղադաշտում գրեթե հավասար պայքար էր ընթանում, նույնիսկ որոշ դրվագներում շիրակցիները գերազանցեցին մրցակցին: Մասնավորապես, երկու անգամ գյումրեցիները կարող էին գրավել մրցակցի դարպասը, սակայն «Բանանցին» օգնության եկավ դարպասաձողը: «Բանանցն» էլ իր հերթին չօգտագործեց գոլային մի քանի նպաստավոր պահեր: Թվում էր, թե միակ գոլը կվճռի հանդիպման ելքը, սակայն խաղի վերջին րոպեներն արդյունավետ եղան դաշտի տերերի համար: Երկու անգամ աչքի ընկավ Վահե Թադեւոսյանը: Նա նախ Արամ Հակոբյանի փոխանցումից հետո մեն-մենակ հայտնվեց դարպասապահ Զադուրյանի դիմաց ու կրկնապատկեց հաշիվը, ապա դիպուկ հարվածով եզրափակեց Մելքոնյանի ճշգրիտ փոխանցումը: Հաղթելով 3-0 հաշվով, «Բանանցը» 16 խաղից հետո վաստակեց 31 միավոր եւ շարունակում է ընթանալ 3-րդ տեղում:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կիսելյովն այնքան էլ գոհ չէր թիմի խաղից, նշելով, որ կրկին ֆուտբոլիստները չկարողացան օգտագործել գոլային նպաստավոր պահերը: Բացի այդ, ըստ մարզչի, ֆուտբոլիստները ինչ-որ տեղ թերագնահատեցին մրցակցին, որին նախորդ խաղերում խոշոր հաշվով էին հաղթել:

«Շիրակի» գլխավոր մարզիչ Ժորա Բարսեղյանը գոհ էր իր սաներից, նշելով, որ հանդիպման հաշիվը չի համապատասխանում ուժերի իրական հարաբերակցությանը: Նա նաեւ նշեց, որ թիմի կազմում մեծ թիվ էին կազմում տակավին պատանի ֆուտբոլիստները, սակայն չնայած դրան, բոլորն էլ նվիրումով խաղացին: Մարզիչը նաեւ կասկածի տակ առավ 11 մ հարվածի նշանակման իրավացիությունը, նշելով, որ միայն տեսագրությունը դիտելուց հետո հնարավոր կլինի վերջնական կարծիք հայտնել:

Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում «Փյունիկի» եւ «Միկայի» մրցավեճը Ոսկեհատում: Առաջնության նախորդ երկու հանդիպումներում հաղթել էր «Փյունիկը», իսկ ահա գավաթի եւ սուպերգավաթի մրցաշարում հաջողությունն ուղեկցել էր «Միկային»: Այս անգամ կողմերը բաժանվեցին մեկական միավոր վաստակած: Հանդիպումը բավական հաջող սկսվեց «Փյունիկի» համար: Արդեն 9-րդ րոպեին չեմպիոնը 11 մ հարվածի իրավունք ստացավ, սակայն Աղվան Մկրտչյանի հարվածը հետ մղեց «Միկայի» դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը: Հետագայում երկու թիմերը գոլ խփելու եւս մի քանի հնարավորություններ չօգտագործեցին: Դարպասները մնացին անառիկ:

16-րդ տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան հանգստյան օրերին: Այսօր «Հրազդան» մարզադաշտում կմրցեն «Կիլիկիան» ու «Արարատը», իսկ վաղը «Հանրապետական» մարզադաշտում «Ուլիսը» կհյուրընկալի «Գանձասարին»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4