ԿՈՒՐՍԿ, 14 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայերից կազմված ավազակախմբի անդամները, որոնք երկու տարվա ընթացքում բազմաթիվ հանցագործություններ են կատարել Ռուսաստանի 8 մարզերում, ընդհանուր առմամբ 117 տարվա ազատազրկման են դատապարտվել Կուրսկի մարզում: Այս մասին այսօր հայտնել է Կուրսկի մարզային դատախազությունը, հաղորդում է «Ազատությունը»-ը: Ավազակախմբի ղեկավար, Հայաստանի քաղաքացի 35-ամյա Սերգո Խաչատրյանը դատապարտվել է 21 տարվա, մնացած անդամները` 12-18 տարվա ազատազրկման: Դատախազության տվյալներով, ավազակախումբը ավելի քան 60 ավազակային հարձակում է գործել, որոնցից տուժել է 120 քաղաքացի: Ավազակախմբի հանցավոր գործողությունների զոհ են դարձել գլխավորապես ձեռնարկությունների տնօրեններ եւ խոշոր գործարարներ: Խմբի անդամները ձերբակալվել են 2004 թվականին: