Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Սոչի` մասնակցելու օգոստոսի 15-17-ը կայանալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի` ԵՎՐԱԶԵՍ-ի հերթական գագաթաժողովին: Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, Հայաստանը ԵՎՐԱԶԵՍ-ում ներկայանում է դիտորդի կարգավիճակով:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Գրոմովը դեռեւս երկուշաբթի, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում «կանցկացնի մի շարք միջազգային միջոցառումներ եւ աշխատանքային հանդիպումներ», թեեւ հանդիպումների բնույթի եւ կողմերի մասին մանրամասներ չեն հաղորդվել: Նույն ռուսական պաշտոնական աղբյուրների տեղեկությունների համաձայն, ի թիվս այլ «...միջազգային միջոցառումների եւ աշխատանքային հանդիպումների», Պուտինը առանձին կհանդիպի ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղազախստանի նախագահների հետ:
ԵՎՐԱԶԵՍ-ի գագաթաժողովում քննարկվելիք հիմնական թեման Մաքսային միության ստեղծման հարցն է:
Ա. Հ.