ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, «Ազգ»-ի հատուկ թղթակիցը հաղորդում է Բեյրութից
1948 թվականից սկսյալ 7 կործանիչ պատերազմներ տեսած նախկին Փյունիկե-Լիբանանը դարձյալ հառնելու է ավերակներից: Միամսյա պատերազմի արհավիրքները չվախեցրին հարյուր հազարավոր լիբանանցիներին բռնելու տունդարձի ճանապարհըՙ իրենց քարուքանդ եղած բնակավայրերը: Հարավային Լիբանանում, Աքքարում, Բեքաայի հովտում, Ալեքսանդր Մակեդոնացուն 9 ամիս կատաղի դիմադրություն ցույց տված Սուր (Տիր) քաղաքում բուլդոզերներն արդեն իսկ ճանապարհներ են բացում, մաքրելով կործանված շենքերի քարակույտերը, լցնելով մի քանի տոննանոց ռումբերի առաջացրած խորխորատները, մինչ ՄԱԿ-ի եւ միջազգային Կարմիր խաչի ավտոշարասյուները ապրուստի կենսական միջոցներ ու դեղորայք են հասցնում շաբաթներ ի վեր իսրայելյան ավիացիայի ու նավատորմի սարսափելի ռմբակոծության ու բլոկադայի տակ մնացած ժողովրդին: Ինչպես Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Պարույր Աղբաշյանը փոխանցեց մեր ընթերցողներին. «Լիբանանի ժողովուրդն իսկապես ցույց տվեց, որ կառչած է մնում իր հողին, իր արյունով ու զավակներով պաշտպանելով այն եւ առաջին իսկ խաղաղության կոչով վերադառնալու եւ վերականգնելու մայր հայրենիքը»:
Առաջիկա 72 ժամերի ընթացքում վերաբացվելու է նաեւ Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդակայանը, իսկ հարավային շրջաններում այսօր գիշեր սպասվում է լիբանանյան ու ՄԱԿ-ի «Յունիֆիլ» զորքերի տեղակայումը, «Հզբոլլահ»-ի ինտեգրումը ազգային բանակում եւ պետության մեջ, որպեսզի չկրկնվի չտեսնված ողբերգությունը, որը նաեւ փառավոր դաս էր Իսրայելի ռասիստական շրջանակների համար: