Լեւոն Միսակյան: 60-ամյա հոբելյանը նշող այս անձնավորությանը լավ են ճանաչում մարզաշխարհի ներկայացուցիչներն ու բռնցքամարտի սիրահարները: ՀՀ վաստակավոր մարզիչ, «Հայաստան» մարզական միության բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն իր գիտակցական կյանքի 45 տարիները նվիրել է սիրած մարզաձեւինՙ անցնելով մարզիկ-մարզիչ-տնօրեն դժվարին ճանապարհը: Նրա տնօրինության 17 տարիներին մարզադպրոցը ծավալուն աշխատանք է կատարել պատանիների ֆիզիկական դաստիարակության, բարձրակարգ բռնցքամարտիկների պատրաստման ուղղությամբ: Դպրոցի շուրջ 80 սաներ համալրել են հանրապետության տարբեր տարիքային խմբերի հավաքականները, որոնցից շատերը միջազգային մրցասպարեզներում փառք ու պատիվ են բերել հայկական բռնցքամարտին: Բավական է թվարկել միայն մի քանիսին, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսի արդյունավետ աշխատանք է տարվել մարզադպրոցում: Ահա ոչ լրիվ ցանկը.
Աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն ու մրցանակակիր, աշխարհի գավաթակիր եւ Բարի կամքի խաղերի հաղթող Նշան Մունչյան, 1995 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր Արմեն Ենգոյան, 1998 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արտյոմ Սիմոնյան, 1999 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մրցանակակիր, 2000 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Թովմասյան, 2002 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր Մարատ Թովմասյան, 2002 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մրցանակակիր Վարդան Գասպարյան, 2004 եւ 2005 թթ. Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն Ազատ Հովհաննիսյան: Վերջինս Արթուր Գրիգորյանի հետ սեպտեմբերին մասնակցելու է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Երեւանի Զառաբի խան թաղամասում ծնված Լեւոն Միսակյանը 15 տարեկան էր, երբ մի գեղեցիկ օր Պերճ Պռոշյանի անվան դպրոց եկավ անվանի բռնցքամարտիկ Կառլոս Ջաներյանն ու առաջարկեց մարզվել հարեւանությամբ գործող «Աշխատանք» ընկերության բռնցքամարտի մարզադպրոցում: Այսպես սկսվեց պատանի Լեւոնի մարզական կենսագրությունը: «Ընկերներով հաճախեցինք մարզադպրոց, սկսեցինք մարզվել, ցանկանում էինք ուժեղ լինել, ինչը կյանքում մեզ անհրաժեշտ կլիներ: Մարզիչը մեզ սովորեցրեց բռնցքամարտի գաղտնիքներըՙ միաժամանակ նշելով, որ լավ բռնցքամարտիկը երբեք չպետք է իրեն թույլ տա փողոցում կռվել: Բռնցքամարտն արվեստ է», վերհիշում է Լեւոն Միսակյանը:
Որպես բռնցքամարտիկ Լեւոնի մարզական կենսագրությունն այնքան էլ երկար չտեւեց: Նա մասնակցեց մի շարք մրցումների, դարձավ ԽՍՀՄ պատանեկան առաջնության մրցանակակիր: Շուտով զգաց, որ իր տարերքը մանկավարժությունն է, մարզչական աշխատանքը: Սկսեց օգնել իր մարզչին, եւ երբ վերջինս մրցումների էր մեկնում, ինքն էր մարզադպրոցում նրա խմբի հետ պարապմունքներ անցկացնում: Սովորեց Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, ծառայեց բանակում, աշխատեց ֆինանսատեխնիկական տեխնիկումում: Իսկ երբ 1973 թ. բացվեց «Աշխատանք» ԿՄԸ մարզադպրոցը, որը ղեկավարում էր Լեւոն Հովհաննիսյանըՙ նշանակվեց ուսմասվար: Սակայն Լեւոն Միսակյանին ձգում էր մարզչական աշխատանքը եւ նա շուտով հարազատ մարզօջախում մարզիչ աշխատեց: Այս բնագավառում էլ նա հաջողություններ ունեցավ: Նրա սաներից Արմեն Քարամյանը դարձավ ԽՍՀՄ պատանիների չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայի բրոնզե մրցանակակիր, ԽՍՀՄ երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր, մյուսներն էլ համամիութենական մրցաշարերի հաղթողներ ու մրցանակակիրներ դարձան:
1989 թ. փետրվարի 1-ից Լեւոն Միսակյանը գլխավորեց «Հայաստան» մարզական միության օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցը: Դժվարին տարիներին նրան բախտ վիճակվեց ղեկավարել մարզադպրոցը, սակայն նույնիսկ ջրի, լույսի ու ջեռուցման բացակայության պայմաններում պարապմունքները չդադարեցրին: «Անցած տարին նշանակալից էր մեր մարզադպրոցի համար, որը մի շարք մարզադպրոցների թվում «Լինսի» հիմնադրամի միջոցներով լիովին վերափոխվեց, ժամանակակից տեսք ստացավ: Անշուշտ դրանում մեծ էր սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանի եւ ՀՍՕԿ-ի նախագահ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի ներդրումը, որոնք այդ ընթացքում անընդհատ իրենց ուշադրության կենտրոնում էին պահում շինարարական աշխատանքների ընթացքը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել Գագիկ Ծառուկյանին: Մենք ընդհանուր ֆիզպատրաստության համար նախատեսված դահլիճ չունենք եւ խնդրեցինք նրան այդ հարցում աջակցել մեզ: Չմերժեց, կառուցվեց այդ դահլիճը», մեր հետ զրույցում նշեց Լեւոն Միսակյանը:
Ինչ խոսք, այսօր պետությունը բավարար ուշադրություն է դարձնում սպորտին, բարելավվել են մարզումային պայմանները: Սակայն դեռեւս կան հուզող հարցեր, որ մտահոգում են մարզաձեւի մասնագետներին: Դրանցից մեկն ըստ Լեւոն Միսակյանի մրցակցային փորձի պակասն է: Ֆինանսական սուղ միջոցների պատճառով բռնցքամարտիկները հնարավորություն չունեն մասնակցելու անհրաժեշտ քանակության մրցումների, ուսումնամարզական հավաքներ անցկացնելու: Նույնիսկ հավաքականի անդամների համար չի հաջողվում անհրաժեշտ մրցակցային փորձն ապահովել, էլ չենք խոսում մարզադպրոցների սաների մասին: Լեւոն Միսակյանի կարծիքով, շատ լավ կլիներ, որպեսզի ամռան այս շոգ ամիսներին հանրապետության գեղատեսիլ վայրերում հնարավոր լիներ մարզական ճամբարներ կազմակերպել: Դա նախ հնարավորություն կտար շարունակելու ուսումնամարզական գործընթացը, բացի այդ կնպաստեր մարզիկների առողջությանն ու կազդուրմանը:
Հաջորդ ցավոտ հարցը, որ հուզում է նաեւ Լեւոն Միսակյանին, մարզիչների ցածր աշխատավարձն է. «Դպրոցի տնօրենից ով ավելի լավ գիտի, թե մարզիչներից ով ինչպես է աշխատում: Սակայն տնօրենը զրկված է լավ աշխատողներին խրախուսելու որեւէ հնարավորությունից: Խորհրդային տարիներին գործում էր ժամավճարի կարգը, այսօր համատեղությամբ էլ չեն թողնում աշխատել: Սկսնակ մարզչի հաստիքային աշխատավարձը 23 հազար դրամ է, վաստակավոր մարզիչը 10 հազարով ավելին է ստանում: Ընդհանուր առմամբ առավելագույն աշխատավարձը հասնում է մինչեւ 55 հազար դրամի, այն էլ, եթե մարզիչը Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն է աճեցրել: Բայց այդ հավելավճարն էլ վճարվում է ընդամենը մեկ տարի: Օրինակ, մեր առաջատար մարզիչներից Արմեն Անտոնյանը, որ նախկին ԽՍՀՄ եւ ՀՀ վաստակավոր մարզիչ է, Նշան Մունչյանի պես բռնցքամարտիկ է մեծ սպորտ գործուղել, ստանում է մոտ 50 հազար դրամ: Դա է պատճառը, որ ֆիզկուլտուրայի ինստիտուտի շրջանավարտներից շատ քչերին է հրապուրում մարզչական աշխատանքը: Ճիշտ է, վերջին տարին մեր մարզադպրոց են ընդունվել երկու երիտասարդ մասնագետներՙ Արթուր Մելքոնյանը եւ Վահան Ադիլխանյանը: Շատ լավ տղաներ են, սիրում են իրենց աշխատանքըՙ յուրացնում մարզադպրոցի փորձառու մարզիչներ Կառլոս Ջաներյանի, Արմեն Անտոնյանի, Յուրա Ներսիսյանի մարզչական փորձը: Խոստումնալից մարզիչ է նաեւ Հրաչյա Պողոսյանը, որի սանըՙ Արթուր Գրիգորյանը, մասնակցելու է աշխարհի երիտասարդական առաջնությանը: Ժամանակին մեր մարզադպրոցում են աշխատել նաեւ Ֆեդյա Ալեքսանյանը, որ ներկայում Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչն է, Էդուարդ Կոստանյանը, ինչպես նաեւ Կարեն Աղամալյանը, որի սաներից են Մարատ եւ Հարություն Թովմասյանները, Ազատ Հովհաննիսյանը: Իհարկե, լավ կլիներ, որ մարզիչները հնարավորություն ունենային մասնակցելու մարզչական վերապատրաստման դասընթացներին, ինչպես ժամանակին էր: Այս ամենը կնպաստեին մարզիչների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»:
Չնայած վերոնշյալ դժվարություններին, 60-ամյա Լեւոն Միսակյանը լավատես է: Նա գտնում է, որ պետք է սրտացավ լինել մեր հայրենիքի հանդեպ ցանկացած հարցում, սիրել մեր ազգն ու հպարտանալ նրա նվաճումներով, այդ թվում եւ մարզական բնագավառում: Իսկ վերջինիս ներկայացուցիչներին պետք է տալ անհրաժեշտը եւ պահանջել: Այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի, նվաճումներն էլ կբազմապատկվեն: