«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2006-08-15 | #154, 2006-08-16 | #155, 2006-08-17


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ

Լիբանանը դեռեւս միջազգային հարաբերությունների սեւեռակետում է: Ավերված, հոշոտված, հրադադարին դեռեւս չհավատացող այդ երկիրը ուշադրության թիրախ է բազմաթիվ առումներովՙ քաղաքական, ռազմական, մարդասիրական, շինարարական, տրանսպորտային եւ այլն: Տարբեր երկրների տարբեր մակարդակի պատվիրակություններ իրար հետեւից ժամանում են Բեյրութՙ իրազեկ դառնալու հետպատերազմական իրավիճակին, երկրի կարիքներին, փխրուն հրադադարի հետագա ճակատագրին: Ոմանք պարզապես իրենց զորակցությունն են հայտնում լիբանանցի ժողովրդին, ոմանք փորձում շինարարական շահավետ գործարքներ կնքել, իսկ ուրիշներ, ինչպես Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Թուրքիան, Մալայզիան, Ինդոնեզիան եւ այլք խորքային բանակցություններ են վարում ՄԱԿ-ի դրոշի ներքո խաղաղարար բազմազգ ուժերին մաս կազմելու պայմանների ու նախապայմանների շուրջ:

Իսկ մեր երկի՞րը... Մերոնց կարծես թվում է, որ եթե իրենք արձակուրդում են, ապա կարող են շրջանցել եւ... շրջանցվել միջազգային զարգացումների կողմից: Նույնիսկ այս պարագայում, երբ խոսքը վերաբերում է Լիբանանի նման պատմականորեն ու գործնականորեն բարեկամ մի երկրի, որի ժողովրդի ու պետության հետ առանձնահատուկ կապեր ունի մեր երկիրը: Իսկ 1915 թ.-ի ցեղասպանությունից հետո այնտեղ ապաստան գտած, ազգային-հոգեւոր կառույցներով եւ հայաշունչ ու բարգավաճ համայնքի վերածված լիբանանահայության առկայությունը անխուսափելի հրամայական էր դարձնում մեր պետական բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը այնտեղ, այս օրերին, առնվազն արտաքին գործերի նախարարի մակարդակով: Թեեւ զգացմունքային, սակայն հատկանշական առիթ-պարագա էր նաեւ Լիբանանի արտգործնախարար Ֆաուզի Սալլուխի Երեւան այցի անակնկալ ընդհատումը հուլիսի 12-ին, երբ պայթեց կործանարար պատերազմը բարեկամ երկրում:

Ճիշտ է, Հայաստանը հարուստ երկիր չէ եւ թեկուզ խորհրդանշական չափով արդեն առաջին օգնությունն է հասցրել տուժածներին: Սակայն օգնության շարունակման միջոցներն ու ձեւեերը չեն սպառվել: Անհրաժեշտ էր տեղում ծանոթանալ կարիքներին ու պայմաններին եւ ստուգել տարբեր բնույթի առաքելություններՙ ականների ու արկերի վնասազերծումից մինչեւ վերաշինման աշխատանքներ, բժշկական վիրահատական օգնությունից մինչեւ զինվորական կադրերի վերապատրաստում եւ ընդհուպՙ խաղաղարար ուժերի կազմում թեկուզ խորհրդանշական ներկայություն ունենալու համար: Կոսովոն եւ Իրաքը մեզ ավելի սրտամոտ չեն, քան Լիբանանը, եւ այս պարագայում Լիբանանի ժողովրդից բարի կամքի վկայական ստանալը նվազ կարեւոր չէր, քան ՆԱՏՕ-ից ու Վաշինգտոնից կասկածելի փաղաքշանքներ ընդունելը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4