«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2006-08-15 | #154, 2006-08-16 | #155, 2006-08-17


ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում այսօր ավարտվեցին բուհական ընդունելության կենտրոնացված քննությունները: Այսօր ավելի քան 500 դիմորդ քննություն էր հանձնում առարկայական երեք հանձնաժողովներում` «Հայոց լեզու 1, 2» եւ «Ֆիզիկա» առարկաներից:

Բոլոր առարկաների քննություններին նախատեսված էր 31 902 դիմորդի մասնակցություն, սակայն քննական բոլոր օրերի ընթացքում մասնակցել է ընդհանուր դիմորդների շուրջ 91տոկոսը: Ամենաշատ բացակայությունները եղել են «Ֆիզիկա» եւ «Մաթեմատիկա» առարկաների քննություններից, ինչը հանձնաժողովների նախագահների խոսքով, պայմանավորված է քննությանն առավել մեծ թվով մասնակից դիմորդներով: Այս ընթացքում բարձր գնահատականներ է ստացել դիմորդների 26 տոկոսը, իսկ անբավարարները կազմում են 12 տոկոս: 20 միավորներն ընդհանուր գնահատականների միայն չորս տոկոս են կազմում` 1367 դիմորդ, իսկ դրական գնահատականի նվազագույն ութ միավորը կազմում է յոթ տոկոսը: Մեծամասնություն են կազմում 15-17 միավորները:

Բարձր գնահատականները հիմնականում «Հայոց լեզու 1, 2» եւ «Անգլերեն» քննություններից են, իսկ անբավարարները` «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» եւ «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներից:

Առարկայական հանձնաժողովներին քննական 25 օրերի ընթացքում բողոքարկում է ներկայացրել 1724 դիմորդ, որից 348 աշխատանքի գնահատական բարձրացվել է, իսկ միայն մեկինը` իջեցվել (քիմիայից): Կրկնակի գանգատարկման հանրապետական ընդունող հանձնաժողովին դիմում է ներկայացրել 136 հոգի, որից բարձրացվել է 29 դիմորդի, իջեցվել` 4-ի գնահատականները:

Դիմորդներից 55-ի քննություն ընդհատվել է, իսկ 1118-ի համար նշանակվել են քննական նոր օրեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4