«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2006-08-16 | #155, 2006-08-17 | #156, 2006-08-18


ԻԳՈՐ ԳԻՈՐԳԱՁԵ. «ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ԿԱՌՈՒՑԵԼ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Վրաստանի քաղաքական գործիչներից ոմանք Իգոր Գիորգաձեին համեմատում են բեն Լադենի հետ, մյուսները համարում են երկրի ապագա փրկիչը: Նա մոտ 11 տարի միջազգային հետախուզման մեջ է եւ մշտապես փոխում է իր բնակության վայրը: Գիորգաձեն խորհրդային սահմանապահ գեներալի որդի է, 1973 թ. Մոսկվայում ավարտել է ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցը եւ գործուղվել Վրաստան: 1980-1981 թթ. խորհրդային հատուկ ջոկատներից մեկի կազմում մասնակցել է Աֆղանստանի պատերազմին:

ԽՍՀՄ-ի փլուզման պահին նա ՊԱԿ-ի գեներալ-լեյտենանտ էր: Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի տապալումից հետո պաշտպանեց իշխանության եկած Ռազմական խորհրդին, որի անդամները 1992 թ. մարտին Թբիլիսի հրավիրեցին Էդուարդ Շեւարդնաձեին: 1993 թ. Գիորգաձեն նշանակվեց Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավար:

1995 թ. օգոստոսի 29-ին խորհրդարանի բակում Շեւարդնաձեի ավտոմեքենայի մոտ տրոտիլային լիցք պայթեց: Ոչ ոք չզոհվեց: Փշրված ապակիներից Շեւարդնաձեն դեմքի եւ ձեռքերի թեթեւ վերքեր ստացավ: Մի քանի օր անց Գիորգաձեն պաշտոնանկ արվեց եւ հեռացավ Վրաստանից: Շուտով նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց ահաբեկչության ամբաստանությամբ: Հետագայում հեռակա ամբաստանվեց քաղաքական գործիչների սպանությունների եւ պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ: Իր իսկ խոսքերով, 1995 թվականից ի վեր թաքնվել է 8 տարբեր երկրներում:

2001 թ. Վրաստանում Գիորգաձեի կողմնակիցները հիմնեցին ընդդիմադիր կուսակցություն, որը 2003 թվականից կրում է «Արդարություն» անունը: Գիորգաձեի հովանավորությամբ գործում են նաեւ «Անտի-Սորոս» շարժումը եւ բարեգործական հիմնադրամը: Նա հույս ունի դառնալ Վրաստանի նախագահ եւ վերջ դնել ռուս-վրացական թշնամանքին:

2006 թ. մայիսի 23-ին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Կոլեսնիկովը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է քաղաքական ապաստան տրամադրել Իգոր Գիորգաձեին: Վրաստանի ԱԳՆ-ն անմիջապես բողոք արտահայտեց:

«Մոսկովսկիե նովոստի» թերթին Գիորգաձեի տված հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի զինված ուժերի գործողությունները 1992-1993 թթ. վրաց-աբխազական հակամարտության ժամանակ:

- Ես վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունները համարում եմ ողբերգություն, որը Վրաստանի այն ժամանակվա ղեկավարների հանցավոր քաղաքականության հետեւանքն էր: 1992 թ. օգոստոսին ես Վրաստանի պաշտպանության նախարարությունում ստեղծում էի անվտանգության զուգահեռ կառույց: Աբխազիա զորք մտցնելու պաշտոնական պատրվակը հետեւյալն էրՙ հարկավոր էր վերջ դնել Անդրկովկասյան երկաթուղու գնացքների բեռների կողոպուտին: Ես մեկն էի նրանցից, ովքեր Շեւարդնաձեին ապացուցում էին, որ Աբխազիա զորք մտցնելը նշանակում է պատերազմ սկսել, եւ ոչ մի բեռ դա չի արդարացնում: Առաջարկում էի համահավաք գումարտակ ստեղծել աբխազական, վրացական եւ ռուսական վաշտերից: Բայց դա չարվեց: Շեւարդնաձեն ելք էր փնտրում քաղաքացիական պատերազմիցՙ զվիադականների եւ իր իշխանության դիմակայությունից: Կշեռքի նժարը կարող էր թեքվել առաջին նախագահի համակիրների կողմը, եւ դրան զգալի չափով նպաստում էին ռուս զինվորականները (250 հազար անօթեւան սպաներ), որոնցից շատերը մինչեւ օրս Շեւարդնաձեին չեն ներում Գերմանիայից մեր զորքերի դուրսբերման համար: Շեւարդնաձեն տեսնում էր, որ ձգձգված հակամարտությունը կարող է իրեն ոչ լեգիտիմ դարձնել Վրաստանի տարածքում: Եվ նա թշնամի գտավ ի դեմս աբխազ «անջատականների»:

- Աբխազիայի պատերազմի ավարտից հետոՙ 1994 թ. հունվարին հայտնի դարձավ Զվիադ Գամսախուրդիայի մահվան մասին: Ձեր տվյալներով, նա սպանվե՞լ է, թե՞ անձնասպան է եղել:

- 1993 թ. դեկտեմբերին Գամսախուրդիան Արեւմտյան Վրաստանում էր: Իմ հատուկ ստորաբաժանումը գտավ նրա հետքը: Մենք շրջապատեցինք տեղանքը: Զանգահարեցի Շեւարդնաձեին եւ ասացի, որ կարող եմ հատուկ գործողություն ձեռնարկել եւ ձերբակալել Գամսախուրդիային: Ստացա պատասխան. «Կենդանի Գամսախուրդիան Վրաստանին պետք չէ»: Դա ոչնչացման հրաման էր: Այն լսելովՙ ես անմիջապես հրամայեցի վերացնել շրջապատումը եւ վերադառնալ տեղաբաշխման վայր:

Դրանից հետոՙ 1994 թ. լույս հունվարի 1-ի գիշերը Գամսախուրդիան իբր ինքնասպան էր եղել: Հունվարին պարզվեց, որ նա թաղված է Մինգրելիայի գյուղերից մեկի տնտեսական շինությունում: Ստեղծված կառավարական հանձնաժողովը եզրակացրեց, որ Գամսախուրդիան անձնասպան է եղել: Բոլորը ստորագրեցին, բացի ինձնից: Նախկին նախագահի գլխի մտնող եւ ելնող անցքերի նույնիսկ մակերեսային զննությունից կարելի էր եզրակացնել, որ դա սպանություն է եւ ոչ թե ինքնասպանություն:

- Շեւարդնաձեի անվտանգության անձնական ծառայությունն իրո՞ք կազմված էր ամերիկացիներից:

- Ավելի ճիշտ կլինի ասել, դա ամերիկացիների սպասարկումն էր իրենց հանդեպ Շեւարդնաձեի ծառայությունների դիմաց: Նրանք ընտրեցին 50 վրացու, տարան ԱՄՆ, կես տարի մարզեցին, հանդերձավորեցին ամենաարդիական զենքով: Ծրագրի արժեքը 6 մլն դոլար էր: Այդպես Վրաստանում հայտնվեց «Օմեգա» հատուկ ստորաբաժանումը, որն, ըստ ԱՄՆ-ի մտահղացման, պետք է ապահովեր Շեւարդնաձեի անվտանգությունն արտառոց իրավիճակների ծագման դեպքում:

- Դուք ժխտում եք Ձեր մասնակցությունը Շեւարդնաձեի դեմ 1995 թ. օգոստոսի 29-ին կատարված մահափորձին: Ի՞նչ պատահեց այդ օրը:

- Վրաստանի ապագա կառուցվածքի վերաբերյալ իմ եւ Շեւարդնաձեի տարակարծությունները 1994 թվականից սկսած հասան իրենց բարձրակետին: 1995 թ. նոյեմբերին նշանակված էին նախագահական ընտրություններ: Ապրիլ-մայիսին անցկացված հարցումների համաձայն, ես անհամեմատ գերազանցում էի Շեւարդնաձեին, ճիշտ այնպես, ինչպես Ասլան Աբաշիձեն եւ Վրաստանի կոմկուսի կենտկոմի նախկին ղեկավար Ջումբար Պատիաշվիլին: Իմ գործողություններն ու խոսքերը վկայում էին, որ ես, որպես երկրի անվտանգության ծառայության ղեկավար, չեմ նպաստի ընտրությունների կեղծմանը: Այդ իրավիճակի ելքը դարձավ Շեւարդնաձեի դեմ ուղղված մահափորձի բեմականացումը եւ նրա քաղաքական բոլոր հակառակորդների արատավորումը: Մահափորձից հետո ձերբակալվեց մոտ 400 մարդ: Ի վերջո Շեւարդնաձեին հաջողվեց հաղթել ընտրություններում:

- Ովքե՞ր օգնեցին նրան:

- Այն ժամանակվա ներքգործնախարար Շոթա Կվիրայան եւ Շեւարդնաձեի անվտանգության անձնական ծառայության ղեկավարները: Նրանք բոլորը հայտնի են: 1997-1998 թթ. դատեցին նրանց, ովքեր իբր կազմակերպել եւ իրականացրել էին մահափորձը: Երկու տարի դատարանում էին 14 ամբաստանյալ, 168 տուժած եւ 365 վկա: Նրանցից ոչ մեկը ցուցմունքներ չտվեց իմ դեմ եւ չներկայացրեց որեւէ իրեղեն ապացույց:

- Դուք 2001 թ. հուլիսին վերադարձաք քաղաքական ասպարեզ: Գաղտնիք չէ, որ քաղաքական գործունեությունը զգալի գումարներ է պահանջում: Երեւի Ձեզ հաջողվել է վրացի գործարարների մի մասին համոզել, որ Դուք հեռանկարային գործիչ եք:

- Բարեբախտաբար, վրացի գործարարներից շատերը հենց սկզբից տեսան, թե ինչ է «Վարդերի հեղափոխությունը»: Ինձնից բացի ուրիշներն էլ էին հասկացել, որ «չկա հեղափոխություն, կա բեմականացում»: Եթե Շեւարդնաձեն անգամ փորձեր Ելցինի պես փոխանցել իշխանությունը, եւ եթե իրավահաջորդը երկնային հրեշտակ էլ լիներ, միեւնույն է, իրավահաջորդին կտոր-կտոր էին անելու, այնքան որ մեծ էր ատելությունը Շեւարդնաձեի հանդեպ: 2003 թ. նշանակված խորհրդարանական ընտրություններից 1,5-2 տարի առաջ «Սաակաշվիլի-Ժվանիա-Բուրջանաձե» եռյակին դարձրին ընդդիմություն: Իրականում երեքն էլ նրա հետեւորդներն էին, միայն թեՙ ավելի հանդուգն մարդիկ: Վրաստանում եւ արտերկրում գործարարներից շատերը դա հասկանում էին: Ահա թե որտեղից ինձ համար հայտնվեցին փողեր եւ աջակցություն:

Մարդկանց պահանջը մեկն էրՙ այս իշխանությունը պետք է հեռանա: Անհրաժեշտ էին վաղաժամկետ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Գործազրկությունը, Աբխազիայի եւ Օսիայի հետ դիմակայությունը, Ռուսաստանի հետ առճակատումը, գիտության, Թբիլիսիի համալսարանի դեմ պայքարը դարձել էին անտանելի:

Իշխանությունները չէին սպասում, որ Թբիլիսիում կարող է հանրահավաքի դուրս գալ 8 հազար մարդ: Մենք վերջերս անցկացրինք եւս մեկ ձեռնարկում. երկու հազար կանայք խորհրդարանի առջեւ հավաքվեցին այս իշխանության սպանած մարդկանց լուսանկարներով: Ընդդիմությունը ծավալվում է: Ուստի ես ասում եմ, որ Վրաստանում կլինի եւս մեկ հեղափոխությունՙ եղնջինը:

- Ռուսաստանում այն կարծիքն է տիրում, թե Ռուսաստանի հետ մերձենալու կողմնակիցներն ավելի շատ են վրացիների ավագ սերնդի մեջ, իսկ երիտասարդությունն արեւմտամետ է:

- Դա մոլորություն է: Մեր կուսակցության մեջ երիտասարդները շատ են: Քանզի նրանք տեսնում են, թե ինչի է հանգեցնում ռուս-վրացական առճակատումը: Նրանք տեսնում են, որ դժվարությամբ աճեցված բերքը չի իրացվում: Ռուսաստանի սահմանը փակ է: Այդ երկրի վիթխարի շուկան, դեպի ուր ձգտում են ԱՄՆ-ը եւ Չինաստանը, անմատչելի է Սաակաշվիլու կամայական որոշմամբ:

Ռուս-վրացական առճակատումը կազմակերպել են մի խումբ անձինք, որոնք մինչեւ օրս աշխատավարձ են ստանում Ջորջ Սորոսից: Մենք Վրաստանում ունենք վատթարագույն ձեւի խամաճիկային կառավարություն: Վերջերս Վրաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան ասաց. «Մենք Վրաստանում անցկացնում ենք ժողովրդավարացման հաջող գիտափորձ»: Բայց ես ուզում եմ հիշեցնել. գիտափորձը ենթադրում է փորձարարի եւ փորձի օբյեկտի գոյություն: Օբյեկտը մենք ենքՙ Վրաստանի բնակիչներս: Ես չէի ուզենա գիտափորձերի ենթարկվել ո՛չ Մոսկվայից, ո՛չ Վաշինգտոնից, ո՛չ էլ Փարիզից: Ուզում ենք ինքներս կառուցել մեր պետությունը:

- 2005 թ. փետրվարին զոհվեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան: Ձեր տվյալներով, դա դժբախտ պատահա՞ր էր, թե՞ սպանություն:

- Այսօր Վրաստանում ամեն ոք կասի, որ դա սպանություն էր: Դա գիտի նաեւ Ժվանիայի ընտանիքը: Վերհիշենք թեկուզ ՀԴԲ փորձագետների եզրակացության սխալ թարգմանությունը: Ժվանիայի եւ Քվեմո Քարթլիի փոխնահանգապետ Յուսուպովի մահվան վայր դարձած բնակարանի վերաբերյալ ՀԴԲ-ն գրում է, որ այնտեղ թունավոր գազի խտությունն անբավարար է եղել միաժամանակ երկու մարդու մահ պատճառելու համար: Վրացերեն թարգմանության մեջ ճիշտ հակառակն է. ՀԲԴ փորձագետներն իբր եզրակացրել են, որ գազի խտությունը մահացու է եղել:

Այս ամենը կանխատեսելի էր, եւ ես խոսել եմ այդ մասին: Ճիշտ է, չգիտես ինչու կարծում էի, թե առաջին զոհը կլինի Սաակաշվիլին: Ես թերագնահատում էի նրան: Պարզվեց, որ սպասվածից ավելի ճարպիկ է: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսին թվում էր, թե «վարդագույն երրորդությունը»ՙ կին գործիչ Բուրջանաձեն, առաջնորդ Սաակաշվիլին եւ չափավորական Ժվանիան, ըստ արժանվույն կներկայացնի Վրաստանը: Պարզվեց, որ այդպես չէ: Ի դեպ, տիկին Բուրջանաձեն վերջերս հեզ ու խոնարհ է դարձել:

- Ասում եք, թե իշխանության գլուխ անցնելու դեպքում կկարողանայիք արդյունավետ բանակցություններ սկսել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Մինչդեռ Աբխազիայում ոմանք ասում են. «Ավելի լավ է Սաակաշվիլին, քան Գիորգաձեն: Եթե Գիորգաձեն դառնա նախագահ, Մոսկվան մեզ կստիպի համաձայնության գալ Թբիլիսիի հետ»:

- Աբխազիան անմիատարր է, ինչպես եւ Վրաստանը: Կարող եմ ասել մեկ բան. ի տարբերություն ներկա իշխանությունների, ես եւ իմ կողմնակիցները խոսում ենք ոչ թե տարածքային ամբողջականության, այլ Վրաստանի միավորման մասին: Դրանք երկու տարբեր բաներ են: Սաակաշվիլին եւ իր թիմը ուզում են պարզապես տարածք վերադարձնել, ըստ որումՙ ուժով: Նրանց համար գլխավորը Ռուսաստանի սահմանին Վրաստանի պետական դրոշը պարզելն է:

Ինձ համար կարեւոր է մեր աբխազ եւ օս եղբայրներին հասկացնել, որ վրացիներից ոմանք հենց սկզբից դեմ են եղել այս պատերազմին: Եվ որ իրենց դեմ պատերազմել է ոչ թե Վրաստանը, այլ դրա անպատասխանատու ղեկավարությունը: Մեզ ի վերուստ վիճակված է ապրել հաշտ ու խաղաղ: Բոլոր հակամարտություններն այսպես թե այնպես կարգավորվում են: Պարզապես մենք առաջարկում ենք կարճ ճանապարհ: Մենք հայտարարում ենք, որ ընդունում ենք Ռուսաստանի, որպես աբխազների եւ օսերի անվտանգության երաշխավորի կարգավիճակը: Մենք դրանով չենք դառնում Կրեմլի գործակալներ, այլ ուզում ենք խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով մեկ ընտանիքում միավորել գժտված ժողովուրդներին:

- Դուք պնդել եք, որ ներկայիս վարչակարգի պահպանման դեպքում կարող է շարունակվել Վրաստանի մասնատումը, առաջին հերթինՙ Ջավախքի հայերի եւ Քվեմո Քարթլիի ադրբեջանցիների անջատման միջոցով:

- Ջավախքում արդեն մի քանի անգամ խորհրդաժողովներ են անցկացվել ինքնավարության պահանջով: Նման բան չէր եղել ո՛չ ԽՍՀՄ-ի, ո՛չ Գամսախուրդիայի, ո՛չ էլ Շեւարդնաձեի օրոք: Նշանակում է, մեր պետության մեջ ինչ-որ բան կարգին չէ: Թեեւ Ադրբեջանի ղեկավարությունը ջանում է հանդարտեցնել Վրաստանի ադրբեջանցիներին, ես չեմ բացառում նման հարցի առաջադրումը նաեւ նրանց կողմից:

Բայց մասնատումը տեղի կունենա ոչ միայն այդ ուղիով: Վրաստան այցելած ամերիկացի սենատորները թղթակիցներից մեկի հարցին պատասխանելիս ասել են. «Առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության որեւէ խոչընդոտ չկա»: Մեր իշխանությունները դրան չեն արձագանքել: Քանզի ծրագրում են ՆԱՏՕ-ին անդամակցել Վրաստանիՙ իրենց ենթակա մասով, մնացյալ մասի հարցում հույս դնելով ՆԱՏՕ-ի տանկերի եւ օդանավերի վրա: Բայց այստեղ մեր դիրքորոշումները չեն համընկնում: Դուք կարող եք վերադարձնել այդ տարածքները, բայց դա չի լինի ամբողջական Վրաստան: Դուք կստանաք Պաղեստին: Մինչդեռ մենք ուզում ենք կառուցել Շվեյցարիա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4