ԼՂՀ նախագահին կից պետական ծառայողի էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը երեկ տեղի ունեցած հանձնաժողովի նիստին հրավիրել էր նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներին: Լրագրողները, սակայն, նրա իսկ պահանջով ներկա գտնվեցին միայն օրակարգային հարցերի մի մասի քննարկմանը: Հաշվի առնելով, որ հանձնաժողովը պետք է քննարկի օպերատիվ բնույթի հարցեր, անհրաժեշտ համարվեց նիստի շարունակությունն անցկացնել փակ դռների hետեւում: Այդուհանդերձ, Մ. Պետրոսյանը խոստացավ հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի վերջին, լրագրողներին իրազեկել կատարվող աշխատանքի ընթացքի մասին:
Հանձնաժողովի կազմում, որում Մ. Պետրոսյանի բնութագրմամբ ընդգրկված են անբասիր կենսագրություն ունեցող անձինք, ներգրավված են նաեւ ԼՂՀ արտգործնախարարն ու ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հարցերի հանձնաժողովի փոխնախագահը, որոնք նույնպես մասնակցում էին անդրանիկ նիստին: Հենց սկզբից ակնհայտ դարձավ, որ հանձնաժողովի անդամներից ոմանք լուրջ կասկած ունեն բյուրոկրատական պատնեշի դեմ նպատակասլաց պայքար տանելու արդյունավետության հարցում, բայց Մ. Պետրոսյանը վերջիններիս հանգստացրեց, հավաստիացնելով, որ ամենայն աջակցություն կլինի անձամբ հանրապետության նախագահից: Նրա խոսքովՙ հանձնաժողովի խնդիրը ոչ միայն հասարակական շահերի կորստյան հետ կապված փաստերն ուսումնասիրելն ու դրանք երկրի նախագահին մատուցելն է, այլեւ հանրապետությունում տարվող կադրային քաղաքականությանը նպաստելը, եւ այս առնչությամբ բացասական երեւույթներին զուգահեռ իրենք արձագանքելու են նաեւ դրական երեւույթներին, բացահայտելու մասնագիտական բարձր կարողություններով օժտված կադրերին:
Ստվերային կյանքը հետսոցիալիստական տարածքում համակարգային բնույթ է կրում, եւ դրանից զերծ չէ ԼՂՀ-ն: Այս տեսակետը շեշտելովՙ Մ. Պետրոսյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքը հենց այդ ուղղությամբ է ընթանալու: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ինքը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանից մասնավորապես հանձնարարություն ունի պետավտոտեսչության հետ համատեղ պայքարելու բիզնեսմենների եւ չինովնիկների երեխաների երթեւեկային կամայականությունների դեմ: Ընդ որումՙ նմաններին պատժելուց առաջ, մեկ ամսվա ընթացքում, հրապարակավ կզգուշացվի այդ ակցիայի մասին:
Մ. Պետրոսյանը նկատել տվեց, որ իրենց մտահոգությունների դաշտում է նաեւ առողջապահության ոլորտը, որտեղ էլ, ենթադրվում է, առաջիկայում կուղղվեն հանձնաժողովի պայքարի սլաքները:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ