«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի ազգամիջյան հարաբերությունների քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը կարծիք է հայտնել, թե այսօր արդեն արեւմուտքում Սերժ Սարգսյանի կերպարի դրական ընկալման նախանշաններ են երեւում: Իսկ Ռուսաստանում Հայաստանի ապագա նախագահի ամենից հնարավոր թեկնածու հենց նրան են համարում: Դա թույլ է տալիս Մարկեդոնովին ենթադրել, որ գուցե տարածաշրջանի հիմնական խաղացողներն արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերել նրա անձի շուրջը: «Սերժ Սարգսյանը համարվում է համակարգային քաղաքական գործիչ», համոզված է Մարկեդոնովը: Ըստ նրա` Ս. Սարգսյանը Մոսկվայում եւս դրականորեն է ընկալվում, միեւնույն ժամանակ պետք է նկատի առնել նաեւ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանին` իր եվրոպական իմիջով: «Մենք հիանալի գիտակցում ենք, որ Հայաստանում դեպի արեւմուտք որոշակի շարժում է նկատվել, ինչը կարելի է բացատրել տարածաշրջանային ռուսական քաղաքականության սխալներով: Այնուամենայնիվ առավել ռուսամետ գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, Հայաստանի քաղաքական Օլիմպոսում ես չեմ տեսնում: Հատկապես նա էլ Ռուսաստանի համար առավել հեռանկարային գործիչ է համարվում: Չգիտեմ, գուցե Ձեր երկրում կան ուրիշ ռուսամետ ուժեր, համենայն դեպս ես նրանց մասին չգիտեմ», ասել է Մարկեդոնովը:
Ո՞ր չափով կմիջամտեն եվրոպական եւ միջազգային կառույցները Հայաստանի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին. այս հարցին Մարկեդոնովը պատասխանել է. «Անտարակուսելի է, որ այդ միջամտությունը կլինի, եւ ավելի մեծ ծավալով, քան նախկինում», ասել է նա, որպես միջամտության օրինակ բերելով Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ինչպես նաեւ Ադրբեջանի վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնց ժամանակ եվրոպական եւ միջազգային կառույցների միջամտությունը, ըստ նրա, եղել է անցյալի համեմատ բավական ակտիվ: Մարկեդոնովը կարծում է, որ ընտրությունների կեղծման փորձ Հայաստանում էլի կլինի, քանի որ «բռնված չես` գող չես» սկզբունքը Հայաստանում կգործի, ինչպես նաեւ մեծ դեր կխաղա ադմինիստրատիվ ռեսուրսը:
Մ. Խ.
Հ.Գ.- Մեր կողմից ավելացնենք, որ այսպիսի հարցազրույցների միջոցով այս կամ այն քաղաքական գործչին լոբբիինգ անելը տեղավորվում է արդեն իսկ ոչ պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ, եւ ուղղակի այս կարգի տեղեկատվության հանդիպելիս մեր ընթերցողին առաջարկում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվություն տվողի եւ տարածողի ուղղվածությանն ու նախասիրություններին: