«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2006-08-16 | #155, 2006-08-17 | #156, 2006-08-18


ՀԻՎԱՆԴՆԵՐՆ Է՞Լ ԵՆ ԳՆԱՑԵԼ «ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ»

«Ազգ»-ը տեղեկություններ ուներ, որ ամռան այս շոգ օրերին հիվանդանոցներում հիվանդների թիվը նվազել է, այլ կերպ ասած, նրանք էլ են գնացել «հանգստանալու»: Մեր այս տպավորությունը ճշտելու համար դիմեցինք մի քանի բժշկական կենտրոնների եւ հիվանդանոցների ղեկավարների, որոնց հետ զրույցում մեր տեղեկությունը մի կողմից հաստատվեց, բայց մյուս կողմից էլ ստացավ իր բացատրությունը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստամյանը «Ազգ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս ընթացքում եւս աշխատել են սովորական ծանրաբեռնվածությամբ, այս պահին կենտրոնը 80-ով զբաղված է, կան 360 հիվանդներ: Նա ասաց, որ մյուս ամիսներին պիկ ժամանակներ են լինում, երբ կենտրոնը սպասարկում է մինչեւ 4 հարյուր հիվանդի: Բարձր ջերմաստիճանի հետ կապված գործադիր տնօրենը խնդիրներ չառանձնացրեց: Հիվանդների քանակի թեկուզ քիչ նվազումը պրն Ռոստամյանն ավելի շատ պայմանավորեց պոլիկլինիկաների ակտիվությամբ. «Բոլոր հիվանդանոցներում են հիվանդները քչացել` կապված առաջնային անվճար բուժօգնության հետ»:

«Ընդհանուր առմամբ, հիվանդների քանակը նվազել է, մարդիկ հանգստանում են, քաղաքում չեն. անգամ փողոցում են մարդիկ քչացել», «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց շտապօգնության հիվանդանոցի տնօրենի տեղակալ Ռոբերտ Օրգուսյանը: Այս պահին հիվանդանոցում կա մոտավորապես 240 հիվանդ` թեեւ հիվանդանոցն ունի 4 հարյուր հիվանդատեղ: Օրգուսյանի խոսքով, չնայած այս ամիսներին հիվանդների թիվը նվազում է, բայց նախորդ տարվա օգոստոսի համեմատ այս տարի մի քիչ ավելացել է: Օրգուսյանը նշեց, որ քրոնիկ հիվանդները նախընտրում են այս շրջանում չգնալ հիվանդանոց` ի տարբերություն տրավմատիկ սուր դեպքերի: Նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչ Վարդան Բաբկենովիչն էլ ավելացրեց, թե իրենք սովորական ծանրաբեռնվածությամբ են աշխատում, բայց, օրինակ, քթի պլաստիկ վիրահատությունները հիվանդները նախընտրում են հետաձգել:

Նախորդ ամիսների համեմատ հիվանդների քանակն ամռանը քչանում է, բայց այս ամռանը նրանց թիվը նախկինի համեմատ մի քիչ ավելացել է: Սա էլ ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի ֆինանսական գծով տնօրեն Նորայր Քրմոյանը: Վերջինիս խոսքով, շատացել են սրտային հիվանդություններ ունեցողների քանակը. վիրահատություններ էլ արվում են, բայց պլանային հիվանդներինը հետաձգում են: Պրն Քրմոյանը նկատված անկումը նորմալ գնահատեց:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4