«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2006-08-16 | #155, 2006-08-17 | #156, 2006-08-18


«ԴՊՐՈՑԸ ԲՈՒՀԻՆ ՈՒՍԱՆՈՂ ՏՎՈՂԸ ՉԷ, Ո՞Ր ՄԻ ՈՒՍԱՆՈՂՆ Է ԲՈՒՀԻՑ ՀԵՏՈ ԴՊՐՈՑ ԵԿԵԼ»

Դպրոցի տնօրենները բոյկոտեցին ավարտական եւ բուհական քննությունների նոր համակարգը

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) գիտելիքների գնահատման ու տեստավորման կենտրոնի տնօրեն Վանյա Բարսեղյանը երեկ հանդիպում էին հրավիրել դպրոցների տնօրենների հետ, որի գլխավոր նպատակը ավարտական եւ բուհական ընդունելության քննությունների նոր համակարգը ներկայացնելն էր: Նոր համակարգով նախատեսվում է մեկտեղել դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելության քննությունները, որպեսզի աշակերտները երկու անգամ ստիպված չլինեն քննություն հանձնել` մեկը դպրոցն ավարտելիս, մյուսը` բուհ ընդունվելիս: Հատկապես որ քննական առարկաներից դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելության քննությունների առարկայական ծրագրերը համարյա նույնն են, ավելին` տոմսերի կառուցվածքն ու գնահատման չափանիշները միասնական են:

Վանյա Բարսեղյանի խոսքերով, մեկ քննության միասնական մոդելը նախորդ տարի փորձարկվել է Շիրակի մարզի բոլոր, Արագածոտնի մարզի եւ մայրաքաղաքի որոշ դպրոցներում, որոշակի ձեռքբերումներ գրանցվել են: Այս տարի նախատեսվում է համակարգը կիրառել հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության դեպքում: Բարսեղյանը հայտնեց, որ երկու` ավարտական եւ միասնական քննությունների անցկացման եւ գնահատման ժամանակ նյութերը կծածկագրվեն, քննությունները կլինեն մեկ օրում եւ նույն ժամին, կանցկացվեն կրթական շենքերում (պարտադիր չէ դպրոցներում, գուցեեւ անցկացվեն բուհերում), քննական տարբերակները կլինեն առարկայական ծրագրերի շրջանակներում, քննական հանձնաժողովներում հնարավոր է, որ չընդգրկվեն մանկավարժներ: Ի դեպ, հատկապես այս կետը մանկավարժական կոլեկտիվի համար խիստ զայրացնող է: Նշենք, որ ավարտական քննության արդյունքն անցնում է ավարտական վկայական, իսկ միասնական քննության միավորը բուհ ընդունվելու համար է:

Գնահատման եւ տեստավորման կենտրոնի տնօրենը դահլիճում փորձում էր ներկայացնել նոր համակարգի կիրառումն ու կառուցվածքը, որը չցանկացան լսել դպրոցների տնօրենները: Դահլիճում ստեղծվել էր այնպիսի թոհուբոհ, ինչպիսին երեւի չէին կարող ստեղծել չարաճճի աշակերտները դասարաններում: Ուսուցիչները չէին ցանկանում լսել եւ պնդում էին իրենց հարցերը: Մինչ Բարսեղյանը ցանկանում էր ընդգծել, թե այդ համակարգը բարձրացնում է դպրոցի դերը, տնօրենները հակառակն էին պնդում` գոչելով. «Տեսանք, թե ձեր փորձարկած մոդելը ոնց տապալվեց»: «Ամեն օր էս 1400 մարդիկս նստում ենք եւ հեռուստացույցով լսում ենք, որ բոմժ ենք, բոշա ենք, բոլորը մեզ ճնշում են: Հիմա էլ սա: Դպրոցը բուհին ուսանող տվողը չէ, էդ ո՞ր ուսանողն է բուհից հետո դպրոց եկել», իր դժգոհությունն էր արտահայտում Դ. Վարուժանի անվան դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը, որի պնդմամբՙ հայեցակարգին իրենք դեմ են եղել դեռեւս մինչ դրա կառավարությանը ներկայացնելը, «բայց տնօրեններին ո՞վ հաշվի առավ»:

Տնօրենները դժգոհում էին հիմնականում նրանից, որ հիշյալ համակարգի կիրառմամբ իրենց դերը, որոշ հարցերում նաեւ վերահսկողությունը նվազում է. «Ինչո՞ւ պիտի իմ դպրոցի աշակերտը քննություն հանձնի ուրիշ դպրոցում, ինչպե՞ս պիտի կազմակերպեն միաժամանակյա քննությունների անցկացումը, ինչո՞ւ թույլ աշակերտները, որոնց դպրոցը իր ներսում պահում է, պիտի գնան միասնական քննության եւ վարկաբեկեն դպրոցը, թող համակարգին մասնակցությունն էլ ընտրովի լինի»: Թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը նշեց, որ առաջարկված գաղափարը շատ լավն է, բայց մեր երկրում ամեն լավ բան մրոտվում է. «Այս գաղափարը ճիշտ է, եթե ճիշտ իրականացնեն, ոչ թե վերեւները ցույց տան, թե իրենք են որոշում կայացնողը: Կմեծանան նաեւ կոռուպցիոն ռիսկերը, քննությունների այդ տարբերակները մարդիկ մի գիշերում կտան իրենց բարեկամներին, ծանոթներին»:

Աղմկոտ հավաքը բոյկոտվեց եւ իր շարունակությունն ունեցավ դրսում, երբ յուրաքանչյուրը քննարկում էր իր վնասն ու շահը: Հանդիպումը հրավիրած բանախոսներն էլ որոշեցին համայնք առ համայնք հանդիպել եւ զրուցել, թեեւ այլեւս դժվար ինչ-որ բան փոխվի: Փաստորեն, նախանշվում է մի հետաքրքրական եւ արդյունավետ տարբերակ, որը անհաջող կլինի, եթե շահերի բախման այս խաչմերուկում չգտնվի ամենաօպտիմալ տարբերակը, որը ձեռնտու կլինի ոչ միայն դպրոցին, բուհին ու վերեւներին, այլեւ որից չեն տուժի աշակերտները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4